Փոստանջյանը՝ Մուկուչյանին. «Դուք կաշկանդվա՞ծ եք Սերժ Սարգսյանի «խփելով»»
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ՀՀ նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումները՝ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցերով դիմում էր Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա հետաքրքրվեց՝ արդյոք ԿԸՀ-ն քննության առարկա դարձրե՞լ է Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտությունը՝ «թվեր խփելու» վերաբերյալ:
«Դուք կաշկանդվա՞ծ եք Սերժ Սարգսյանի «խփելով»»,- հարցրեց Զարուհի Փոստանջյանը:
ԿԸՀ նախագահը նախ շփոթվեց, հետո էլ հարցրեց, թե «ու՞մ խփելով է կաշկանդված»:
«Թվեր խփելով»,- ճշգրտեց Զարուհի Փոստանջյանը:
Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ոչ առաքելությունը և ոչ էլ լիազորությունը չեն՝ քննության առարկա դարձնել նախընտրական շրջանում թեկնածուների հնչեցրած հայտարարությունները: «ԿԸՀ-ն կաշկանդված չէ»,- նշեց Տ. Մուկուչյանը:
«Տեսնում ենք, թե դուք ինչով եք կաշկանդված՝ խփելով: Մի մտածեք, թե կույր ենք ու չենք տեսնում»,- ավելացրեց Զարուհի Փոստանջյանը:
Զ. Փոստանջյանն ու Տ. Մուկուչյանը սկսեցին հարցերով երկխոսել, ինչը արգելեց և երկուսին էլ դիտողություն արեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
«Երկուսս էլ ղժղժ ենք»,- ասաց ԿԸՀ նախագահը:
Այնուհետև մինչ աշխատանքային օրվա ավարտվելը Անդրիաս Ղուկասյանը հասցրեց մի քանի հարց տալ: ՍԴ նախագահը նշեց, որ օրենքով սահմանված ժամկետով վաղն ավարտվելու է գործի քննությունը, և կողմերին տեղեկացրեց առավոտյան՝ ժամը 10-ից ինտենսիվ աշխատելու մասին, որպեսզի հասցնեն:
Մեկնաբանել