Վանաձորում 70-ամյա կինը մահացել է բոտուլիզմից
Փետրվարի 20-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում արձանագրված սննդային թունավորման՝ բոտուլիզմի դեպքը մահվան ևս մեկ ելք է ունեցել: Սննդային թունավորման պատճառը փետրվարի 18-ին տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն էր:
Պահածոյացված կարմիր պղպեղը կերել էին ընտանիքի 4 անդամներ՝ մայրը և երեք դուստրերը: Հենց հաջորդ օրը նրանց մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները՝ թուլություն, գլխացավ, գլխապտույտ, երկտեսություն, ռնգախոսություն, կլման ակտի խանգարում:
Բոլոր 4 հիվանդները հոսպիտալացվել են և ստացել հակաբոտուլինային շիճուկ: Հիվանդներից 2-ի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: Չնայած երկարատև բուժմանը և բժիշկների ջանքերին՝ 92-ամյա մոր և 70-ամյա դստեր կյանքը չի հաջողվել փրկել: Մայրը մահացել էր փետրվարի 21-ին։
Մարտի 10-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում արձանագրվել է բոտուլիզմի նոր դեպք՝ 1 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածը մորաքրոջ 2 երեխաների և հարևանի հետ (4 հոգով) մարտի 9-ին սննդում օգտագործել է տնային պայմաններում պատրաստված լոբու պահածո:
Ուտելուց 4 ժամ անց հիվանդի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները՝ թուլություն, սրտխառնոց, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, կոպի իջեցում, դժվարացած շնչառություն, կլման ակտի խանգարում:
Հիվանդը մարտի 10-ի գիշերը դիմել է Աբովյանի ԲԿ, որտեղից էլ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ: «Արմենիայում» հիվանդին անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային շիճուկ, վիճակը գնահատվում է միջին ծանրության, նկատվում է դրական դինամիկա, բուժումը շարունակվում է:
Լոբու պահածո օգտագործած մյուս երեք անձանց մոտ բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ չկան:
Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին ու կրկին կոչ է անում.
• խուսափեք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,
• տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկեք ջերմային մշակման՝ պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,
• մի գնեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,
• առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես դիմեք բժշկի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել