Մոսկվայում կայացել է Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը
Այսօր Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախագահները քննարկել են դաշնակից երկու պետությունների միջև քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար ոլորտներում համագործակցության ներկա վիճակին, երկկողմ հարաբերությունների առավել խորացմանն ու փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Հանդիպման սկզբում Վլադիմիր Պուտինը, նկատի առնելով, որ ՀՀ նախագահի ընտրություններից հետո սա Սերժ Սարգսյանի առաջին արտերկրյա այցն է, ևս մեկ անգամ շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ «ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ»: Վ.Պուտինի խոսքով՝ մոտ 60 տոկոս քվեն շատ լավ արդյունք է, որը վկայում է ժողովրդի վստահության մասին և հնարավորություն է տալիս իրականացնել բոլոր ծրագրերը, որոնք ՀՀ նախագահն իր առջև դրել է՝ սկսելով նախընտրական քարոզարշավը:
«Անցյալ տարի մենք ավելի քան 20 տոկոս ապրանքաշրջանառության աճ ենք ունեցել: Եվ ինձ համար շատ հաճելի է նշել, որ Ռուսաստանը շարունակում է Հայաստանի հետ առևտրատնտեսական շրջանառության մեջ վստահորեն պահպանել առաջին տեղը: Պետք է նշել, որ մենք առաջին տեղն ենք զբաղեցնում նաև Հայաստանում օտարերկրյա ներդրումների առումով՝ ավելի քան 3 մլրդ դոլար, և այս գործընթացը շարունակվում է: Մենք ունենք մեծ, հեռանկարային, լավ ներդրումային համատեղ ծրագրեր: Հույս ունեմ, որ մենք այսօր հնարավորություն կունենանք այս ամբողջի մասին խոսել»,- ասել է Վ. Պուտինը:
Նա նշել է, որ պակաս ակտիվորեն չեն զարգանում հայ-ռուսական կապերը քաղաքական ոլորտում: Երկու երկրները փոխգործակցում են գրեթե բոլոր ոլորտներում՝ և խորհրդարանների, և կառավարությունների, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների գծով:
«Այդ ամենը շատ լավ նախադրյալներ է ստեղծում մեր հարաբերությունների ամրապնդման համար, առաջին հերթին, մարդկանց միջև, հումանիտար ոլորտում: Այստեղ կարևոր դեր են խաղում Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայկական սփյուռքի միավորումները: Մեզ մոտ հայեր շատ կան, Դուք գիտեք: Նրանք մեր երկրի օրինավոր և արդյունավետ աշխատող քաղաքացիներ են և շարունակում են շատ սերտ կապեր պահպանել իրենց պատմական հայրենիքի հետ: Դա, իհարկե, մեզ միավորող լրացուցիչ մարդկային ներուժ է»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
Սերժ Սարգսյանն օրինաչափ է համարել ընտրություններից հետո իր առաջին արտերկրյա այցը Ռուսաստան՝ ընդգծելով, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը:
«Անցած տարին մեզ համար հոբելյանական էր. մենք նշում էինք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Այդ ժամանակահատվածում մենք անցել ենք շատ լավ ճանապարհ և հասել ենք բացառիկ արդյունքների բոլոր ոլորտներում՝ քաղաքականության, տնտեսության մեջ, ռազմական ոլորտում, հումանիտար և ինտեգրացիոն գործընթացներում»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նա Վլադիմիր Պուտինին շնորհակալություն հայտնել իրենց վերջին հանդիպումից հետո ռազմական ոլորտում լավ առաջընթացի համար: Հայաստան այցերով եղել են Ռուսաստանի պաշտպանության նախարարը և գլխավոր շտաբի պետը:
«Ես համաձայն եմ Ձեզ հետ, որ առաջընթաց կա նաև տնտեսության մեջ: Իհարկե, այստեղ հարցեր կան, և մենք ակնկալում ենք Ռուսաստանի օգնությունն ու աջակցությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ վերահաստատելով Վ.Պուտինին ուղղված Հայաստան պետական այցի իր հրավերը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել