ՀՀ փոխվարչապետն ընդունել է Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին:
Փոխվարչապետը նախ շնորհավորեց նորանշանակ ներկայացուցչին` առաքելությունն ստանձնելու կապակցությամբ, հաջողություն մաղթեց հետագա գործունեության մեջ եւ վստահություն հայտնեց, որ ձեւավորված արդյունավետ ու կառուցողական համագործակցությունը կշարունակվի:
«Հայաստան-Եվրախորհուրդ համագործակցության օրակարգում կարեւոր տեղ են զբաղեցնում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման ոլորտներում գործակցության հարցերը: Այստեղ կուտակված է համատեղ աշխատանքի մեծ փորձ, եւ կարող ենք հարստացնել այն»,-նշեց փոխվարչապետը:
Մայիսից Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանը նա փոխգործակցությունն ամրապնդելու եւ ընդլայնելու նոր հնարավորություն համարեց` տեղեկացնելով, որ օրակարգում են լինելու նաեւ տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման, տեղական ժողովրդավարության ոլորտում գործակցության հարցերը:
Փոխվարչապետը բարձր գնահատեց ԵԽ գործընկերների հետ համատեղ աշխատանքը, մասնավորապես առանձնացնելով Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ արդյունավետ համագործակցությանը: Անդրադարձ եղավ նաեւ «Եվրոպայի խորհուրդ-Հայաստան. 2012-2014թթ. գործողությունների ծրագրի» իրականացման ընթացքին:
Փոխվարչապետը տեղեկացրեց, որ առաջիկա տարիները ՏԻ եւ տարածքային կառավարման համակարգում բարեփոխումների տարիներ են լինելու, եւ այդ գործընթացում Հայաստանն ակնկալում է ԵԽ գործընկերների աջակցությունը:
Oլեքսանդր Պավլյուկն իր հերթին ընդգծեց, որ Եվրախորհուրդը կարեւորում է ոլորտում բարեփոխումների իրականացումը եւ կառույցի անունից աջակցության ու սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնեց:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ ԵԽ շրջանակում թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում համագործակցությանը եւ այն շարունակելու ու խորացնելու անհրաժեշտությանը:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել