«Քարֆուր». տնտեսության զարգացո՞ւմ, թե՞ համաշխարահային օլիգարխիկ կառույց
Գոռ Հակոբյան
«Քարֆուրի» (Կարֆուր) մասին խոսակցություները, որը պետք է բացվեր Հայաստանում կամ դեռևս ուզում է բացվել ու վերջին խոսակցությունները, թե ինչքան լավ կլինի, եթե այն բացվի Հայաստանում և այն ընդհանուր պատկերացումները, որ սա կջարդի մոնոպոլիան ու կազատվեն այդքան ատելի օլիգարխիայից, աչքաթող են անում մի քանի խորքային հարցեր ու սկզբունքային հարցադրումներ, որոնց մասին ուզում եմ գրել այստեղ:
Նախ նշեմ, որ «Քարֆուրը» անդրազգային կորպորացիա է, որի բաժնեմասերը արդեն 1970թ.-ից վաճառվում էին բորսաներում, մեծությամբ աշխարհի երկրորդ, Եվրոպայում առաջին մանրածախ առևտրի ցանցը: 2011թ. ցանցի զուտ վաճառքի ծավալները կազմել են 81 միլիարդ եվրո: Այս կորպորացիան համաշխարհային իմաստով մոնոպոլ ու օլիգարխիկ կառույց է, նաև գումարենք Ֆրանսիայում նրան ուղղված մեղադրանքները և դատական որոշումները կեղծ գովազդի, քաշերի մեջ խաբելու, անբարեխիղճ մրցակցության հարցերի համար:
Հիմա այն հարցադրումները (սկզբից ևեթ նշեմ, որ ինձ համար և՛ ներքին և՛ համաշխարհային օլիգարխիան ընդունելի չեն բոլոր իմաստներով):
1. Մենք ընդհանրապես պայքարում ենք սոցիալական արդարության ու արդար մրցակցության համար և ըստ այդմ մերժում ենք մոնոպոլ ու օլիգարիկ կառուցվա՞ծքը, թե՞ մեր խնդիրը տեղական մակարդակում մի քանի օլիգարխներ ոչնչացնելն է ու դրա համար ընդունում ենք ավելի մեծ, ավելի հզոր ու համաշխարհային օլիգարխիկ կառույցի:
2. Մենք պայքարում ենք հանուն գիտակից, իրավատեր ու ստեղծագործ քաղաքացու զարգացմա՞ն համար, թե՞ սնելու ենք այնպիսի համակարգեր, որոնք մարդկանց դարձնում են զուտ սպառող, գիտակցությունն իջեցնում են բնազդով ապրելու մակարդակին և կյանքի երջանկությունը դարձնում զուտ սպառումը և շոփինգ անելը:
3. Մենք փորձելու ենք զարգացնել մեր տնտեսությու՞նը, որպեսզի այն լինի որոշ չափով ինքնաբավ, զարգանա տեղական արտադրանքը, թե՞ նորից մտածում ենք ներկրումների ու այլ երկրների տնտեսությունները զարգացնելու մասին:
4. Մենք պայքարում ենք հանուն ինքնիշխանության, մեր ներքին ներուժի զարգացման ու ներքին քաղաքացիական վերահսկողությա՞ն, օրինականությա՞ն համար, թե՞ ուղղակի ապավինում ենք դրսի օլիգարխիկ ուժերին՝ ներսի օլիգարխիկ ուժերի հետ հաշվեհարդար անելու:
5. Մտածում եմ՝ եթե մենք ներկա պահին չունենք այնքան ռեսուրս, ուժ ու մեխանիզմներ, որ կարողանանք մեր տեղական մակարդակով ազատվել այս քրեաօլիգարխիկ համակարգից, ապա հետագայում ինչպե՞ս ենք կարողանալու առավել հզոր ու խորամանկ համաշխարհային օլիգարխիկ կառույցին վերահսկել ու բերել օրինական դաշտ: ՀՀ-ում միայն հանքարդյունաբերության ոլորտը գրեթե ամբողջությամբ գտնվում է անդրազգային - օլիգարխիկ կորպորացիաների ձեռքում, և մենք որևէ կերպ վերջին 7 տարվա ընթաքցում չենք կարողացել նրանց նկատամաբ հասնել հաջողությունների, երբ նրանք ուղղակի խախտել են բազմաթիվ օրենքներ, իրավունքներ և Սահմանադրությունը:
Այս հարցերն են, որոնք կարծում եմ՝ պետք է քննարկվեն՝ հասկանալու լավ կամ վատ լինելու հարցերը ու արժեքային, սկզբունքային մոտեցումները:
Մի դեպքում հանրությունն ընդվզում է, որ այլ երկրների ղեկավարները խառնվում են մեր երկրի ներքին գործերին, ու պնդում ենք, որ մենք ենք որոշում, թե ինչպես այդ հարցերին լուծում տանք, բայց մյուս դեպքում նորմալ ենք համարում, որ մեր երկրում անօրինականության ու մոնոպոլ մրցակցության պայքարում այլ ուժեր են խառնվում, այն էլ՝ առավել օլիգարխիկ ու հզոր, ու այս պարագայում նորմալ է, որ մեր փոխարեն ուրիշներն են հարցերը լուծում:
Ինչպես նաև կան հասկացությունների մակարդակում տարընկալումներ, թե ինչ է ընդհանրապես օլիգարխիան, կրիմինալ օլիգարխիան կամ կորպորացիանները և այլն:
Այսքանը, ուրախ կլինեմ, եթե այս հարցերի ու մտքերի վերաբերյալ քննարկումներ ծավալվեն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել