
Ալավերդիում անցկացվել է գեղեցկության մրցույթ
Հունիսի 24-ին Ալավերդու մշակույթի պալատում տեղի ունեցան «Թոփ մոդել Լոռի 2011» գեղեցկության և «Միսիս և միստր Ալավերդի 2011» գեղեցկության, տաղանդի և նորաձևության ամենամյա փառատոները:
«Թոփ մոդել Լոռի 2011» գեղեցկության փառատոնը կազմակերպել էր «Միսիս և միստր աշխարհ» մրցույթի միջազգային կազմկոմիտեն, իսկ «Միսիս և միստր Ալավերդի 2011» ամենամյա փառատոնը` Ալավերդու պարուսույց Լուիզա Ծատուրյանը:
Փառատոները հովանավորել էր Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը: Ժյուրիի կազմում ընդգրկված էին «Միսիս և միստր աշխարհ» մրցույթի միջազգային կազմկոմիտեի անդամ Նատալի Կոստանդյանը, «Միսիս Հայաստան 2010», «Հազարամյակի գեղեցկուհի 2011», Դոմինիկյան Հանրապետությունում տեղի ունեցած «Միսիս տիեզերք 2011» մրցույթի մասնակից Նաիրա Մովսիսյանը, գրող Սամվել Բեգլարյանը, «Ոսկե ցլիկ» ՀԿ-ի նախագահ Մելսիդա Վերանյանը: Ժյուրիի նախագահն էր Գեղարվեստի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը:
«Թոփ մոդել Լոռի 2011» գեղեցկության փառատոնին մասնակցում էր 8 գեղեցկուհի` Վանաձորից, Սպիտակից, Ալավերդուց, ինչպես նաև Վրաստանի Թբիլիսի քաղաքից: Մասնակիցները գեղեցկությամբ, տաղանդով և նորաձևությամբ մրցեցին 3 փուլով: Առաջին փուլում նրանք ներկայացան բեմական տեսքով, 2-րդ փուլում` ռիթմիկ պարով, իսկ 3-րդ փուլում` դասական քայլով:
«Միսիս և միստր Ալավերդի 2011» մրցույթ-փառատոնն անցավ մասնակիցների 2-15 տարիքային խմբով և նույնպես 3 փուլով: Առաջին փուլում մասնակիցները ներկայացան սեփական կերպարով, երկրորդ փուլում ներկայացրին ազատ ոճի ռիթմիկ պար, իսկ 3-րդ փուլում` դասական պար:
Ժյուրին պետք է գնահատեր երեխաների կեցվածքը, տաղանդը, ժպիտը և նրբագեղությունը: Մրցույթի ընթացքում անցկացվեց հանդիսատեսի համակրանքը վայելող մասնակցի քվեարկություն: «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը շահեց 10-ամյա Էլեն Դեմույանը:
«Միսիս և միստր աշխարհ» միջազգային կազմկոմիտեն մրցանակներ շնորհեց «Միսիս և միստր Ալավերդի 2011» մրցութ-փառատոնի 2-10 տարեկան գրեթե բոլոր մասնակիցներին` իրենց կերտած բեմական կերպարների համար: Լարիսա Ահարոնյանն արժանացավ «Միսիս հմայք» տիտղոսին, Մարիա Սարգսյանը` «Միսիս ոսկե շապիկ» մրցանակին, Էդմոն Քառյանը` «Միստր հրաշամանուկ», Լուսինե Աղվանյանը` «Միսիս պարուհի», Մերի Մարգարյանը` «Միսիս արեգակ», Մարիետա Կիրակոսյանը` «Միսիս թովչանք» մրցանակին:
Նոնա Մադաթյանը և Էլեն Դեմուրյանն արժանացան «Միսիս սուպեր մոդել» մրցանակներին: Մրցանակների արժանացան նաև Ռուբեն Թադևոսյանը, Ալլա Սարգսյանը և այլ երեխաներ:
«Միսիս և միստր աշխարհ» կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը ժյուրիի անաչառությունը ընդգծելու նպատակով փառատոնին ներկա ծնողներին տեղեկացրեց, որ երեխաների գեղեցկությունը, նրբագեղությունը, նորաձև լինելը գնահատվել են ոչ թե ըստ երեխաների ազգանունների, այլ համարների:
«Միսիս և միստր Ալավերդի 2011» ամենամյա փառատոնի այս մասնակիցների մեջ ես տեսնում եմ հանրապետական փառատոնի հաղթողների»,- ասաց Աշոտ Խաչատրյանը:
Նա հայտարարեց «Թոփ մոդել Լոռի 2011» գեղեցկության փառատոնի հաղթող գեղեցկուհիների անունները: Այսպիսով, 3-րդ թոփ մոդել հայտարարվեց Լիլիթ Մոսինյանը (Ալավերդի), 2-րդ թոփ մոդել` Անուշ Աբրահամյանը (Սպիտակ), 1-ին թոփ մոդել մրցանակին արժանացավ վանաձորցի Ասյա Կոստանդյանը:
Մյուս թոփ մոդելները ստացան ամենատարբեր տիտղոսներ: Փառատոնի գլխավոր մրցանակը «Միսիս և Միստր աշխարհ» կազմակոմիտեն շնորհեց թիֆլիսահայ Ինգա Ծատուրյանին: Հաղթած թոփ մոդելները կմասնակցեն «Թոփ մոդել Հայաստան 2011» գեղեցկության փառատոնին:
Մեկնաբանել