
Արա Մանուկյանի նամակը նախագահ Օբամային
Պարոն նախագահ,
Ցանկանում եմ արտահայտել իմ մտահոգությունը ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ Ձեր ուղարկած շնորհավորական ուղերձի վերաբերյալ: Ձեր ուղերձը հրապարակվեց զգալի ընտրակեղծիքներով աղտեղված ՀՀ նախագահի ընտրությունից 12 օր անց: Ըստ այդմ ցանկանում եմ հարցնել. ի՞նչ փոխվեց փետրվարի 18-ի և մարտի 2-ի միջև ընկած ժամանակահատվածում, որ կարող էր Ձեզ համոզել, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները վստահելի են:
Ձեր շնորհավորական ուղերձը հրապարակ իջավ մի ժամանակ, երբ հրապարակվում էին բազմաթիվ ընտրախախտումներ` լցոնումներ, ընտրկաշառքի բաժանում, քվեարկում արտագաղթյալների և հանգուցյալների անունից և բազմակի քվեարկում: Ընտրախախտումների նկատմամբ ժողովրդի դժգոհությունը անընդհատ աճում է, և զանգվածային հանրահավաքներ են տեղի ունենում ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհի հայկական համայնքներում: Ձեր շնորհավորական ուղերձի ստացումը նաև համընկել է այն օրվա հետ, երբ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը վերանայել է իր սկզբնական, ընդհանուր առմամբ դրական գնահատականը` ընդունելով ընտրությունների պաշտոնական արդյունքների նկատմամբ ժողովրդի անվստահության պատճառաբանվածությունը և նշելով ընտրակեղծիքների մասին վկայող փաստեր: (2013 թ. փետրվարի 13-ի նախագահի ընտրության խախտումների մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք http://www.osce.org/odihr/elections/99931, http://raffi4president.am/en/violations և http://www.pf-armenia.org/sites/default/files/2013%20Election%20Statement-3.pdf):
Ես միշտ հարգանք եմ տածել ժողովրդավարական արժեքներին և օրենքի իշխանությանը Ձեր նվիրվածության հանդեպ: Սակայն հավատացած եմ, որ Սերժ Սարգսյանին ուղղված Ձեր շնորհավորական ուղերձը հիասթափեցնող շեղում է Ձեր հիմնարար սկզբունքներից:
Շնորհավորական ուղերձներն այնպիսի կարևոր համաշխարհային տերություններից, ինչպիսին է Ամերիկայի Միացյալ Նահանգները, օրինականացնում են ընտրակեղծիքն ու Սերժ Սարգսյանի և իշխող վերնախավի կողմից օգտագործվում իրենց վերընտրման ծաղրանմանակումը ամրացնելու համար:
ԱՄՆ-ում ծնված Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ընտրությունում պաշտոնական տվյալներով զբաղեցրել է երկրորդ տեղը, 2013 թ. մարտի 3-ին դիմում է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան փետրվարի 18-ի ընտրության պաշտոնական արդյունքներն անվավեր ճանաչելու և որպես ՀՀ նախագահ իր ընտրված լինելը վավերացնելու պահանջով:
2013 թ. մարտի 10-ին նա սկսել է հացադուլ, որը կշարունակվի այնքան ժամանակ քանի դեռ կա՛մ ՀՀ Սահմանադրական դատարանը չի ընդունել, որ ընտրության արդյունքները խեղվել են հօգուտ Սերժ Սարգսյանի կա՛մ վերջինս չի ընդունել ընտրակեղծիքի փաստն ու ինքնաբացարկ հայտարարել: Րաֆֆի Հովհաննիսյանը նաև հայտարարել է, որ փոխզիջման կարգով կհամաձայնի ընտրության երկրորդ փուլի անցկացմանը, որը կվճռի արդյունքների վավերականությունը:
Բաց նամակիս չպատասխանելու կամ շնորհավորանքը ետ վերցնելուց հրաժարվելու պարագայում ես կհայտարարեմ հացադուլ: Ձեզ խոնարհաբար խնդրում եմ հարգել հայ ժողովրդի քվեն ու կամքը, ինչպես նաև մեր Սահմանադրական դատարանի անկախությունը` ետ առնելով Ձեր տարաժամ շնորհավորանքը, մինչև ՀՀ քաղաքացիներն իրենք լուծեն առկա քաղաքական ճգնաժամը:
Հարգանքներով,
Արա Խ. Մանուկյան
Մեկնաբանել