HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիսիանի քոլեջի դասախոսների աշխատավարձի պարտքը կմարվի անհատական ժամանակացույցով

ՀՀ կառավարության 2011 թ. հունիսի 10-ի թիվ 781-Ն որոշմամբ «Սիսիանի պետական հումանիտար քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը միացման ձեւով վերակազմակերպվել է՝ միացվելով «Սիսիանի պետական տնտեսագիտական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը եւ վերանվանվելով  ՀՀ ԿԳ նախարարության «Սիսիանի պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպության:

«Սիսիանի հումանիտար քոլեջի» իրավահաջորդը՝ Սիսիանի պետական քոլեջը, արդեն նախկին հումանիտար քոլեջից, Սիսիանի պետական քոլեջի տնօրենի խոսքով, ժառանգել էր մոտ 22 մլն դրամի հասնող պարտք՝ հիմնականում դասախոսների աշխատավարձերի տեսքով: Պարտքերի առաջացման պատճառները հստակ են. 2007 թվականից Սիսիանի հումանիտար քոլեջի դասախոսները վճարվել են մասնակի: Հաստատության տնօրենի եւ դասախոսների միջեւ կնքված աշխատանքային պայմանագրերում վարձատրության ամսական չափը բաժանված է մասերի՝ անվճար, վճարովի համակարգերով սովորող ուսանողներին դասավանդելու համար: Դասախոսները հիմնականում վարձատրվել են միայն պետպատվերով սովորող ուսանողների համար:

Խնդրի մասին «Հետքում» արդեն հրապարակում է եղել «Ո՞վ է վճարելու դասախոսների չվճարված աշխատավարձը»: Մենք նախապես դիմել էինք ՀՀ Կրթության եւ գիտության նախարարություն որոշ պարզաբանումներ ստանալու համար: Նախարարությանն ուղղել էինք ընդամենը երկու հարց. «Արդյո՞ք ԿԳ նախարարությունը տեղյակ չի եղել, որ 2007 թվականից հումանիտար քոլեջի դասախոսները վճարվել են մասնակի, որի պատճառով էլ գոյացել են պարքերը: Եթե տեղյակ է եղել, ինչու՞ միջոցներ չի ձեռնարկել, որպեսզի այդ պարտքը չաճի, եւ ժառանգելով Սիսիանի հումանիտար քոլեջի պարտքը՝ Սիսիանի պետական քոլեջն ինքն էլ հայտնվել է ոչ այնքան շահավետ վիճակում: Ներկայիս տնօրեն Հենզել Առաքելյանը հրաժարվում է վճարել պարտքերը՝ նշելով, որ ինքն անձամբ կապ չունի այդ պարտքերի հետ, եւ որ քոլեջը ներկայում ֆինանսական միջոցներ չունի դա անելու համար, ուրեմն ե՞րբ եւ ինչպե՞ս է լուծվելու խնդիրը»:

Նախարարության առաջին պատասախանը մենք ներկայացրել ենք նախորդ հրապարակման մեջ, որտեղ նշվում է, որ մեր հարցերին համակողմանի պատասխանելու համար նախարարությանն անհրաժեշտ է 30 օր:

Ստորեւ ներկայացնում ենք նախարարության պատասխանը մոտ մեկ ամիս անց:

«Սիսիանի պետական հումանիտար քոլեջի անվճար համակարգում սովորողների նպաստի  ձեւով ուսման վարձերի փոխանցումը ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը յուրաքանչյուր տարի կատարել է ամբողջությամբ եւ ժամանակին: Սիսիանի հումանիտար քոլեջի պարտքն առաջացել է վճարովի համակարգի սովորողներին ուսուցման ծառայությունների մատուցման արդյունքում. ձեւավորվել են սահմանված չափաքանակից ցածր խտությամբ խմբեր, քոլեջում ուսման վարձավճարը եւ մեկ ուսանողի ուսուցման համար անհրաժեշտ ծախսերը եղել են անհամապատասխան, ուսման վարձավճարների հավաքագրվելությունը եղել է ցածր մակարդակի վրա եւ այլն:

Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասիª իրավաբանական անձի՝ այլ իրավաբանական անձի միանալու դեպքում, միացած իրավաբանական անձի իրավունքները եւ պարտականությունները անցնում են վերջինիս՝ փոխանցման ակտին համապատասխան, ուստի ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի թիվ 781-Ն որոշման 6-րդ կետով նախատեսված միացման ձեւով  վերակազմակերպման գործընթացը կատարելուց հետո, Սիսիանի պետական հումանիտար քոլեջի բոլոր պարտավորություններն ամբողջությամբ փոխանցվել են Սիսիանի պետական քոլեջին:

2003 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Սիսիանի պետական քոլեջի կողմից մարվել է շուրջ 9 մլն ՀՀ դրամ պարտքը, որից 0,5 միլիոնը՝ աշխատողների աշխատավարձի մասով, իսկ 8,5 միլիոնը՝ սոցիալական ապահովության վճարների մասով: Ներկայումս քոլեջի պարտքը կազմում է 8 մլն ՀՀ դրամ, որից աշխատողների աշխատավարձերի մասով  պարտքը կազմում է շուրջ 7 մլն դրամ, իսկ սոցիալական ապահովության վճարների մասով` 1 միլիոն:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ եթե 2011-12 ուսումնական տարում Սիսիանի պետական քոլեջին հատկացվել էր անվճար ուսուցմամբ ընդունելության 42 տեղ, ապա 2012-13 ուսումնական տարում տրամադրվել է անվճար ուսուցմամբ 70 տեղ, այսուհանդերձ քոլեջն իրականացնում է նաեւ վճարովի հիմունքով ուսուցում, որոնց արդյունքում ստացվող միջոցները, հիմնական ծախսերից բացի հատկացվում են նաեւ կուտակված պարտքերի մարմանը:

Ներկայումս քոլեջի տնօրենը, կազմված անհատական ժամանակացույցով, վճարում է աշխատողների աշխատավարձերի մասով գոյացած պարտքը»:

Ինչ վերաբերում է քոլեջի տնօրենի կողմից կազմված պարտքերի մարման ժամանակացույցին, ապա հարկ է նշել, որ նախկին հրապարակումից անմիջապես հետո քոլեջի տնօրենը ուսումնական հաստատություն է կանչել մի քանի դասախոսների, հատկապես նրանց, ովքեր իրենց բողոքն էին արտահայտել հրապարակման մեջ (Արկադի Հովհաննիսյան եւ Արմենուհի Հայրապետյան) եւ պարտքերի աստիճանական մարման առաջակ արել:

 

Սրբուհի Գրիգորյան

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter