
26-ի Յուրան
Յուրա Հովհաննիսյանը «26» դիրքի հրամանատարն էր: Շուշիի ու Ստեփանակերտի մեջտեղում գտնվող «26» բարձունքը ամենավտանգավոր ու ծանր կետն էր մինչեւ Շուշիի ազատագրումը: Թշնամին անընդհատ լարված աշխատում էր այդ ուղղությամբ, քանի որ եթե անցներ «26» բարձունքը, Ստեփանակերտ կմտներ: «26» դիրքի անունով հրամանատարին սկսեցին անվանել 26-ի Յուրա:
«26-ը պարզապես մի նիշ է, քարտեզի վրա` 26-րդ պոստ: Պարզապես մարդկանց արյամբ այդ պոստը լեգենդար տեղ դարձավ, որովհետեւ քանի որ դա ամենադժվար պոստն էր, համարյա բոլոր ջոկատներն անպատճառ այդ պոստով մի անգամ հերթապահությունը անցկացրել են»,- ասում է 26-ի Յուրայի մարտական ընկերը` Գրիգոր Ավետիսյանը: Նա որպես մարտական օպերատոր է գնացել Արցախ, բայց վերադարձել է որպես ազատամարտիկ` շտաբի պետ 26-ի Յուրայի օգնական:
Շատերին թվում է, թե Հովհաննիսյանների տան մուտքի մոտ կախված նկարում, որն արվել է ճակատամարտից հետո, 26-ի Յուրան նման չէ ինքն իրեն. այնքան հոգնած ու ծերացած տեսք ունի նա:
«Բայց ես գիտեմ, որ սա է ինքը, իսկապես սա է` պատերազմից հետո գերհոգնած, մտազբաղ, մտահոգ: Ինքը միշտ էսպիսին էր գալիս Ղարաբաղից: Հոգի կա նկարի մեջ: Ճիշտ նկար է շատ»,- ասում է 26-ի Յուրայի կինը` Ռուզաննան` ցույց տալով պատին կախված գեղանկարը:
Նկարիչը Շոթա Խաչատրյանն է, ով հենց Յուրան պատերազմի դաշտից Երեւան է վերադարձել, անմիջապես նկարել է նրան: 26-ի Յուրան ուշ-ուշ էր տուն գալիս, եւ եթե 10 օրով էր Կոմանդոսը նրան տուն ուղարկում, 3-4 օր տանը մնալուց հետո նորից գնում էր Արցախ:
Գրիգոր Ավետիսյանը Երեւան վերադառնալիս Յուրայի ընտանիքի համար որպես նամակ բերում էր հրամանատարի` ընտանիքին ուղղված կարճ ուղերձները, որոնք պատերազմի դաշտում էր նկարահանել: 26-ի Յուրայի որդին` Վահեն, ով այդ ժամանակ 13 տարեկան էր, հիշում է, որ պատերազմի 3-4 տարվա ընթացքում հորից նաեւ 3-4 կարճ նամակ են ստացել, որոնք պահում են:
«Շրջափակման մեջ ընկնելուց կամ շատ դժվար պահերից հետո մի քանի երկտող է գրել, որ «ես ողջ-առողջ եմ»: Հետո իմանում էինք, որ մեծ խնդիրներից կամ կռվի մեծ թոհուբոհից հետո է գրել: Այդ «ողջ-առողջ եմ» նախադասությունը մեծ բան էր նշանակում: Կամ` «տան տղամարդը արդեն դու ես»: Ու այդ երկու բառով ինքը ոնց որ ասում էր, թե ոնց է պետք պահել»,- ասում է Վահե Հովհաննիսյանը:
Յուրա Հովհաննիսյանը ծնվել է 1953 թ. նոյեմբերին Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում: 1970 թ. ոսկե մեդալով ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը եւ մեկ քննությամբ ընդունվել ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ:
Ավարտելուց հետո աշխատել է Ռադիոչափումների գիտահետազոտական ինստիտուտում` որպես առաջատար ինժեներ, Կիրառական ֆիզիկայի պրոբլեմների հետազոտման ինստիտուտում` որպես գիտաշխատող:
1989-ից Յուրա Հովհաննիսյանը մասնակցել է «Սասունցի Դավիթ» աշխարհազորային կազմակերպության ձեւավորմանը, եղել ջոկատի հրամանատար: Մասնակցել է Իջեւանի, Երասխի, Վարդենիսի, Նոյեմբերյանի ինքնապաշտպանությանը:
1991 թ. մարտական ընկերների հետ ապահովել է Արցախ տեղափոխվող կամավորական ջոկատների անվտանգությունը, ակտիվ մասնակցել Հաթերքի համար մղված պարտիզանական մարտերին, Դրմբոն գյուղի տակ վնասազերծել խորհրդային բանակի զրահատեխնիկական շարասյունը:
«Ծայրահեղ աստիճանի արժանապատվության զգացում ուներ: Միայն արժանապատվության համար նա կարող էր պարզապես անգամ խենթության հասնել, այսինքն` նա մենակ կարող է մտներ մարտի դաշտ: Ասում է. «Ո՞վ է գալիս իմ հետեւից»: Եթե եկող կար, գնում էին: Եթե չէ` ինքը մենակ պատրաստ էր գնալու: Եղել են դեպքեր, երբ տղաները հետեւից գնացել են, որովհետեւ ինքը գնացել է»,- ասում է Գրիգոր Ավետիսյանը` հավելելով, որ տարբեր գործողությունների ժամանակ Յուրայի հետ են եղել Սեւանի Սուրիկը, Ստեփանավանի Հրաչը, Սլավիկը, Հրազդանի Սասունը եւ ուրիշ ազատամարտիկներ:
Գրիգորը հիշում է, որ Շուշիի ազատագրումից մի քանի օր առաջ` ապրիլի վերջին, շատ ծանր կռիվ եղավ «26» դիրքի պաշտպանության ժամանակ: Հայկական ուժերը մի քիչ առաջ էին գնացել ու կարեւոր դիրք ազատագրել: Թշնամին, որը ուժեղ հրետանային պատրաստության էր դիմել, հակահարձակման էր անցել, արկեր էին պայթում: Հայկական կողմից շատ կռվողներ լքել էին այդ հատվածը, եւ շրջափակման մեջ ընկնելու լուրջ վտանգ կար: Սթրեսային վիճակ էր, մանավանդ որ առավոտ` ժամը 4-ին, արդեն հարձակումը եղել էր, եւ ազատամարտիկները հոգնած էին: Այդ ժամանակ 26-ի Յուրան ասաց. «Ոնց որ մեր հետ գնալու ժամանակն է»: Մոտ 20-30 մետր նահանջելուց հետո նա կանգնեց եւ ասաց. «Տղերք, էս ո՞ւր ենք գնում»:
Ազատամարտիկները այդտեղ մնացին ու դիրքավորվեցին, մինչեւ Բեկոր Աշոտը իր ջոկատով եւ մի քանի այլ ջոկատներ օգնության հասան: Հաջորդ առավոտյան հայկական ուժերը նորից իրենց վերահսկողության տակ վերցրին այն հատվածը, որտեղից նահանջել էին:
26-ի Յուրան 2 անգամ վիրավորվել է: Երկրորդ անգամ վերքերը շատ էին, բայց նա միայն 3-րդ օրը Արցախից եկավ Երեւան: 1992 թ. հունվարին Յուրան, դեռ չապաքինված, ձեռնափայտով վերադարձավ ռազմադաշտ` արդեն որպես «26» դիրքի հրամանատար: Ամեն օր անցնում էր բոլոր սարերը, պարտադիր ստուգում բոլոր դիրքերը, վերադառնում:
«Եթե Շուշին մնաց, համարեք, որ Ղարաբաղը մի քանի տարի հետո նորից նույն վիճակում է` նույն թուրքերի ձեռքին: Դրա համար էլ Շուշվա համար պետք է աշխատել խելոք ու անպայման վերցնել: Ու Շուշին պետք է դառնա Ղարաբաղի մայրաքաղաքը»,- մինչ քաղաքի ազատագրումը ասել է 26-ի Յուրան: Շուշիի ազատագրման ժամանակ նա իր մարտիկներով եղել է Քյոսալար ուղղությունում եւ պահել թիկունքը, որ թշնամին չկարողանա օգնության հասնել իր ուժերին:
Յուրա Հովհաննիսյանը նաեւ հաճախ հետախուզության է գնացել: Դեռ ուսանողական տարիներին նա ընկերների հետ եղել էր այդ վայրերում` որպես արշավական, Քարվաճառ էր մտել, երբ այն դեռ ազատագրված չէր, եւ պատերազմի ժամանակ հետախուզության գնալիս լավ էր կողմնորոշվում Արցախի տարածքներում:
«Հայրս մենակ իր հետախուզական փոքր խմբով (մի 20-30 հոգի) գիշերը մտել է Լիսագոր: Մյուս օրը առավոտ պիտի գնային վերցնեին: Բայց մտել են հետախուզության, տեսել են, որ հնարավոր է վերցնել: Կապ է տվել Կոմանդոսին, ասել է. «Լիսագորի բարձունքում եմ»»,- պատմում է Վահեն:
26-ի Յուրան մասնակցել է նաեւ Քաշաթաղի, Քարվաճառի, Մարտակերտի ազատագրմանը: Շուշիի ազատագրումից անմիջապես հետո նա նշանակվել է քաղաքի առաջին պարետ: Այդ ժամանակ Շուշիում ռազմավարի բաշխումը շատ անկանոն էր տեղի ունենում, քաղաքում շատ արկեր կային, հակաօդային պաշտպանությունը թույլ էր, թշնամին կարող էր ռմբակոծել: 26-ի Յուրան կազմակերպել է, որ Գրադի արկերը հեռացնեն Սբ. Ղազանչեցոց եկեղեցուց:
«Կադրեր կան, մեկը գալիս է, ասում է. «5 տարվա կռվող եմ, թող էս կամազը տանեմ»: Հայրս ասում է. «Ինձ չի հետաքրքրում` քանի տարվա կռվող ես. մեքենադ դատարկի, արկերը բարձի ու գնա», որովհետեւ այդ պահին արդեն թուրքերը թողել են Շուշին, արդեն կատաղած` կարող են օդանավերով վնաս տալ»,- ասում է Վահեն:
Կարճ ժամանակ անց Յուրա Հովհաննիսյանը հրաժարվել է պարետի պաշտոնից: Նա նաեւ հրաժարվել է գործարանից, որի ղեկավարումը իրեն էին առաջարկում, եւ փոխարենը բանակաշինությանը նվիրվել, կամավորական բրիգադ ստեղծել:
1993 թ. հունիսի 27-ին, երբ 26-ի Յուրան Մարտակերտի դիրքերը ստուգելուց հետո Ստեփանակերտ էր վերադառնում, զոհվեց ականի պայթյունից: Մեքենան պայթեց Մաղավուզ եւ Մատաղիս գյուղերի խաչմերուկում: Վարորդը ողջ մնաց, բայց մեքենայում գտնվող մեկ այլ ազատամարտիկ` Համլետը, եւս զոհվեց: Յուրա Հովհաննիսյանը հուղարկավորված է Եռաբլուրում:
Տունը, որտեղ այժմ ապրում է Հովհաննիսյանների ընտանիքը` Յուրա եւ Ռուզաննա թոռնիկների հետ, 26-ի Յուրան ինքը պետք է կառուցեր: Նա նախագծել էր տվել տունը եւ որոշ շինանյութ բերել, բայց այնքան կարճ ժամանակով էր Արցախից տուն գալիս, որ չհասցրեց շինարարությունը սկսել:
«Պետք է գար ու սկսեր, որովհետեւ կամավորական բրիգադը, որ ստեղծվեց, Երեւանում էր: Ինքը վերջին անգամ երբ գնաց, արդեն պետք է չգնար, ուղղակի որպես գործուղում` գնացել էր պոստերն էր ստուգում ու չեկավ: Դրանից հետո արդեն ես փորձեցի շարունակել: Նոր հիմքը փորեցին»,- ասում է Ռուզաննան:
Յուրան հասցրել էր միայն մի ծառ տնկել եւ փորել ու գտնել ջրի խողովակը, որից այժմ ուրիշ հողամասեր էլ են օգտվում: Ռուզաննան ծրագրում է այդ խողովակի մոտ հուշաղբյուր սարքել: Իսկ Հովհաննիսյանների ապրած շենքի մոտ բնակիչները ցայտաղբյուր են կանգնեցրել հրամանատարի զոհվելուց կարճ ժամանակ անց:
Զոհվելուց մոտ 10 տարի անց «26» բարձունքում հրամանատարի հիշատակը հավերժացնող խաչքար է կանգնեցվել: Հուշաքար կա նաեւ Մարտակերտում` նրա զոհված տեղում: Այգեշատ գյուղի դպրոցը, որը Յուրան ավարտել է, այժմ իր անունն է կրում: Այս տարվա մայիսին ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում Յուրա Հովհաննիսյանի անվ. լսարան է բացվել:
Յուրա Հովհաննիսյանը 1993-ին պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, 1996-ին` ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: Պարգեւատրվել է նաեւ Շուշիի ազատագրման համար, ինչպես նաեւ` այլ մեդալներով:
«Այն ժամանակվա պատերազմող մարդիկ իրենց գաղափարի համար են գնացել, ոչ թե ինչ-որ բանի կամ ինչ-որ մեդալի համար: Իրենց մեջ իրենք հակասություն չեն ունեցել, իրենք պատրաստ են եղել զոհվելու, իրենց գաղափարով ամենամեծ արժեքը պարտադրված պատերազմ հաղթելն էր, որը արվել է: Իսկ մնացածը` թե ով ոնց է ներկայացնում, իրենց հետաքրքիր չի, ինձ էլ հետաքրքիր չի, թե ով առաջինը մտավ այսինչ տեղը: Կարեւորը գաղափարն է, որ այսօր ունենք հաղթանակ, քանի հազար տարի հետո ունենք ազատագրված հողեր»,- ասում է 26-ի Յուրայի որդին` Վահե Հովհաննիսյանը:
2-րդ, 4-րդ եւ 8-րդ լուսանկարները` Հակոբ Պողոսյանի
Հոդվածն առաջին անգամ տպագրվել է «Հետք» շաբաթաթերթի 2010թ. սեպտեմբերի 30-ի համարում:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել