Գյումրիում վթարային բնակելի բազմահարկերից և նախկին գործարանների խարխուլ հանրակացարանների շենքերից բացի կան նաև տասնյակ նախկին նախակրթարանների ու գրադարանների շենքեր, որոնք ևս չեն ամրացվել ու չեն վերականգնվել, 88-ի երկրաշարժից ի վեր չեն ծառայում իրենց բուն նպատակին: Այդ շենքերում շարունակում են բնակվել անօթևան ընտանիքներ, որոնց մի մասին նախորդ տարիներին անգամ թույլատրվել է սեփականաշնորհել իրենց զբաղեցրած տարածքները: Սակայն այդ շինություններում բնակվող շատ ընտանիքներ չունեն երկրաշարժից անօթևանի կարգավիճակ, այսինքն` պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն, բայց չունեն նաև իրենց զբաղեցրած տարածքներն իրենց միջոցներով օրինականացնելու կամ ամրացնելու ու նորոգելու հնարավորություն: Եվ տարիներ շարունակ բնակվում են կոմունալ հարմարություններից զուրկ, կիսախարխուլ այդ շինություններում:
Գյումրու Խրիմյան Հայրիկ փողոցի հարևանությամբ գտնվող նախկին մանկապարտեզներից մեկի շենքում ևս բնակվում են այլ կացարաններ չունեցող ընտանիքներ: Նրանցից մեկը անօթևանի կարգավիճակ չունեցող, 6 երեխաների միայնակ մայր Հեղինե Եղոյանի ընտանիքն է: Այս բազմազավակ ընտանիքը ևս գտնվում է սոցիալապես ծանր պայմաններում, վեց երեխաներից երեքը Գյումրու` վերջերս հատուկ խնամքի հաստատություն վերանվանված նախկին «Հույս» մանկատան սաներն են:
Անցած ամիս լոսանջելեսյան բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված դրամական միջոցներով գնված վառելափայտի տրամադրման և տեսանյութ պատրաստելու նպատակով «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները հերթական բարեգործական այցելությունը կատարեցին Հեղինեի ընտանիքին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել