
Պղնձաձուլական գործարանի 265 աշխատողներից 243-ի մոտ հայտնաբերվել են հիվանդություններ
«Արմենիան Քափըր Փրոգրամ» (ACP) ընկերության հետ կնքած ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի շրջանակներում 2012թ. հոկտեմբերին Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող 265 աշխատողների բժշկական զննությամբ պարզվել, որ 246 աշխատողների մոտ գերակշռում են սրտանոթային և շնչառական համակարգի հիվանդություններ, համեմատաբար աճել են` լյարդի, աղեստամոքսային տրակտի, մաշկի և եղունգների սնկային հիվանդությունները, հաճախացել են թեորմիկ և քիմիական վնասվածքները:
Բժշկական հանձնաժողովի կատարողական ակտում 36 աշխատողներից 22-ի մոտ արձանագրվել է ոտնաթաթերի և ձեռնաթաթերի միկոզ և օնիխոմիկոզ, 4 աշխատողների մոտ` կոնտակտային դերմատիտ վարակիչ հիվանդություններ: Հայտնաբերվել է նաև փսորիազ, սրունքների նեյրոդերմիտ և մաշկային այլ հիվանդություններ:
Արձանագրված 43 սիրտ-անոթային հիվանդներից 22-ն ունեն սրտի իշեմիկ կարդիոմիոպատիա հիվանդություն: Բժշկական հանձնաժողովը արձանագրել է 75 նյարդաբանական հիվանդ, որոնցից 23-ի մոտ ախտորոշվել է գլխուղեղի արյան շրջանառության խրոնիկական խանգարումներ, որոնց սրվելու դեպքում հիվանդը կարող է ստանալ ինսուլտ: Հանձնաժողովը հայտնաբերել է նաև աղեստամոքսային տրակտի 10, շնչառական համակարգի` 12 և այլ հիվանդություններ:
Թեև պղնձաձուլական գործարանի արտադրական միջավայրը քաղցկեղածին է, այդուհանդերձ, հանձնաժողովում ուռուցքաբան չի ներգրավվել և մասնագիտական հետազոտություններ չեն կատարվել:
Ելնելով արձանագրված հիվանդությունների վտանգավորությունից` բժշկական հանձնաժողովn առաջարկել է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը գործարանի աշխատողներին սպասարկող բուժկետն ապահովել էլեկտրասրտագրման ապարատով, ֆիզիոթերապևտիկ սարքավորումներով, լիարժեք հատուկ պաշտպանիչ միջոցներով (արտահագուստ, ձեռնոցներ, պաշտպանիչ գլխարկների, ապահովել բաղնիքի և հանդերձարանների սանիատարահիգիենիկ բարձր որակ, վերականգնել գործարանի ճաշարանի դիետ-սննդի մատակարարումը, իրականացնել հայտնաբերված առավել ծանր հիվանդների էքսպերտիզիայի օպտիմալ կազմակերպում և աշխատողների սանառողջարանային բուժում:
«Հետքը» զննություններից 5 ամիս անց փորձեց «Վալլեքսից» տեղեկատվություն ստանալ բժշկական հանձնաժողովի ընկերության ներկայացված առաջարկությունների կատարման ընթացքի մասին:
«Բժշկական զննության արդյունքների հաշվառմամբ անվճար բուժման ուղեգրեր են հատկացվել գործարանի մետալուրգիական արտադրամասի 9, ուղեգրերի վճարի 80 տոկոս սուբսիդավորմամբ Արզնիի և Վանաձորի առողջարաններում բուժման համար 53, Վրաստանի Քոբուլեթ քաղաքում ծովափնյա հանգստի հնարավորություն է տրվել 29 աշխատողների»,- հայտնել է «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ըստ տրամադրված տեղեկատվության` կատարվել են նաև բաղնիքի և հանդերձարանների ախտահանման աշխատանքներ, փոխվել են բժշկական ակտում գրանցված աշխատողների հակացուցված աշխատատեղերը:
Ընկերությանը սպասարկող բուժկետին էլեկտրասրտագրման ապարատով և ֆիզոթերապևտիկ սարքավորումներով, աշխատողներին պաշտպանիչ միջոցներով (արտահագուստ, ձեռնոցներ, պաշտպանիչ գլխարկներ) ապահովելու և բանվորական ճաշարանին դիետ-սնունդ մատակարարելու խնդիրները պարզվում է` չեն լուծվել:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել