Ոստիկանությունը թույլ չտվեց վրան տեղադրել Րաֆֆի Հովհաննիսյանի համար
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչերը և այլ քաղաքացիներ այսօր կեսօրին փորձում էին վրան տեղադրել Ազատության հրապարակում արդեն 5-րդ օրը հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանի համար, սակայն ոստիկանները թույլ չտվեցին:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ արգելվել էր պատմամշակութային արժեք հանդիսացող Ազատության հրապարակում տեղադրել վրան: Իսկ հրապարակին հարող կանաչապատ տարածքը, որտեղ փորձում էին տեղադրել վրանը, ըստ «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի, չի համարվում հրապարակի մաս, որովհետև այդ դեպքում այն չէր կարող կառուցապատվել սրճարաններով:
«Ցույց տվեք այն որոշումը, որի համաձայն Ազատության հրապարակում բատուտներ էին տեղադրել»,- ասաց «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը:
Երբ արդեն հրմշտոց էր սկսվել վրան տեղադրել փորձողների և ոստիկանների միջև, եկավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ասաց. «Ես թույլ չեմ տալիս: Եթե դուք գտնում եք, որ ոստիկանության գործողություններն օրինաչափ չեն, խնդրեմ, դիմեք դատարան»: Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանն ասաց. «Մենք հիմա արգելում ենք, դուք դիմեք դատարան»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հավաքավածներին կոչ էր անում չենթարկվել սադրանքներին, քանի որ իրենց գործողություններն օրինական են:
Ազատության հրապարակում էր նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի պետ Անդրեյ Աղամալյանը, ով հայտարարեց, որ ոստիկանության գործողություններն ապօրինի են, և եթե չկա այդ տարածքում վրան տեղադրելու արգելք, ապա քաղաքացիներն իրավունք ունեն տեղադրել այն:
Ի վերջո` կողմերը համաձայնության եկան, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ ֆորմալությունը պահելու համար կդիմեն Մշակույթի նախարարություն և Երևանի քաղաքապետարան և, անկախ պատասխանից, ժամը 17.00-17.30-ի սահմաններում ամեն դեպքում կտեղադրեն վրանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել