Բնապահպաները կրկին պահանջում են հրապարակել Խոսրովի արգելոցի տնօրենի մրցույթի մասնակիցների տվյալները
«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար 2013թ. մարտի 15-ին անցկացվող մրցույթի մասնակիցների տվյալները հրապարակելու վերաբերյալ` ՀՀ բնապահպանության նախարարությունից «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությանը հայտնել են, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 23-րդ հոդվածի և «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն առանց անձի համաձայնության Ձեր կողմից պահանջվող տվյալները չենք կարող տրամադրել: Միաժամանակ, ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի դիմորդների համաձայնությամբ ներկայացրել են իրենց հեռախոսահամարները, հետաքրքրող տեղեկատվությունն անձամբ իրենցից ճշտելու համար:
Սակայն այս պատասխանի հետ համաձայն չեն բնապահպանները և շարունակում են պնդել, որ բնության հատուկ պահպանվող տարածքի գործադիր մարմնի ղեկավարի ընտրությունը պետք է անցկացվի բաց և թափանցիկ, մրցույթն ինքնին հրապարակային գործընթաց է և հանրությունը նախապես պետք է տեղեկացված լինի թեկնածուների ով լինելու մասին: ՀՀ պետական լիազոր մարմին ճանաչված ՀՀ բնապահպանության նախարարությունն իր պաշտոնական կայքէջում հրապարակել է միայն թեկնածուների անուն ազգանուններն ու հեռախոսահամարները: Այս տվյալներն, ըստ բնապահպանների, չեն հուշում թեկնածուի ով լինելը:
«Համահայկական Բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ բնապահպանության նախարարությունից խնդրել է հանրայնացնել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի մասնակցության համար դիմումներ ներկայացրած թվով 11 թեկնածուների մասին ազատ հրապարակման ենթակա տվյալները: Մասնավորապես, թեկնածուների`
- ծննդյան տարեթիվը,
- համապատասխան բնագավառի բարձրագույն կրթությունը,
- ԲՈՒՀ-երը և կրթություն ստանալու տարեթվերը,
- գիտական կոչումները,
- հրատարակված գիտական հոդվածների ցանկը,
- մասնագիտական և աշխատանքային փորձը,
- կուսակցական պատկանելիությունը (առկայության դեպքում):
Ըստ բնապահպանների` «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ բնապահպանության նախարարությունը, որպես պետական լիազոր մարմին, պետք է ապահովի վերոնշյալ տեղեկությունների մատչելիությունն ու հրապարակայնությունը:
Վերը թվարկվածից երևում է, որ բնապահպաններին ավելի շատ հետաքրքրում է թեկնածուի կրթությունն ու մասնագիտական փորձը, այլ ոչ թե նրանց խիստ անձնական տվյալները:
Ամեն դեպքում կա նաև անկախ մասնագետի կարծիք՝ մրցույթի մասնակիցների տվյալների հրապարակման վերաբերյալ: Ներկայացնում ենք փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արա Զոհրաբյանի կարծիքը.
««Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի համաձայն` սույն օրենքը կարգավորում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անհատական տվյալների մշակմանն առնչվող հարաբերությունները:
Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` անհատական տվյալ է համարվում` ֆիզիկական անձին վերաբերող փաստերի, դեպքերի, հանգամանքների մասին ցանկացած տվյալն այնպիսի տեսքով, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ նույնականացնել անհատի ինքնությունը:
Այս նորմից հետևում է, որ ցանկացած բնույթի տվյալ հանդիսանում է անհատական տվյալ:
Այստեղ հարց է ծագում. մրցույթ իրականացնող պետական մարմինը կամ ՊՈԱԿ-ը կարող է արդյոք «անհատական տվյալ» հասկացության ներքո հանրությանը զրկել հրապարակային մրցույթին մասնակցող թեկնածուների մասին տեղեկություններին ծանոթանալու իրավունքից, թե`ոչ:
Նախ, եթե դա պետական մարմինն է կազմակերպում, ապա չի կարող զրկել միայն այն պատճառով, որ Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով այլ բան նախատեսված չէ, ապա արգելվում է սահմանափակել` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների գործունեությանը …. վերաբերող` պետական և համայնքների բյուջեների հաշվին վարվող, ապանձնավորված անհատական տվյալներ պարունակող տեղեկատվական բազաների մատչելիությունը:
Երկրորդ, եթե դա ՊՈԱԿ-ն է վարում և դա անձնավորված տեղեկատվական բազայի տվյալ է, ապա պետք է այդ սուբյեկտը Օրենքի 5-րդ հոդվածի ուժով վարի տեղեկատվական բազայի վարման կանոնակարգը, որը ներառում է հետևյալ տեղեկությունները.
1) մշակողի անվանումը (անունը) և գտնվելու (բնակության) վայրը.
2) անհատական տվյալների մշակման նպատակը և օրինական հիմքերը.
3) մշակման ենթակա անհատական տվյալների ցանկը.
4) տվյալների սուբյեկտների շրջանակները.
5) անհատական տվյալների հնարավոր տրամադրման շրջանակները.
6) տվյալների սուբյեկտին` իրեն վերաբերող անհատական տվյալների տրամադրման կարգը.
7) անհատական տվյալների ուղղման, ուղեփակման և ոչնչացման պայմաններն ու կարգը.
անհատական տվյալների պաշտպանության կազմակերպչական և տեխնիկական միջոցառումները.
9) անհատական տվյալների մշակմանը վերաբերող այլ տեղեկություններ:
Հետևաբար, եթե ՊՈԱԿ-ն ունի այս կանոնակարգը, ապա պետք է այն անհապաղ տրամադրի դիմող քաղաքացուն, իսկ եթե չունի այդ կանոնակարգը (մենք համոզված ենք, որ չունի), ապա դրանով իսկ փաստում է, որ ՊՈԱԿ-ը տվյալ դեպքում անհատական տվյալ մշակող չի հանդիսանում:
ՊՈԱԿ-ի այս վարքագիծը ուղղակիորեն հակասում է մրցույթով գործադիր մարմնի ղեկավար ընտրելու գործընթացին, քանի որ մրցույթն ինքնին նշանակում է հանրային-հասարակական գործընթաց»:
Մերի Խաչատրյան
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն
14.03.2013թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել