HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախալքալաքի շրջանային ժողովը որոշել է հայոց լեզվի կարգավիճակի համար դիմել Վրաստանի խորհրդարան

Ինչպես հայտնում է «Հարավային դարպաս»-ը, Ախալքալաքի շրջանային ժողովի հերթական նիստը պատգամավորները անվանել են պատմական: Ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը նույնիսկ ասել է, մարտի 14-ը Ջավախքի պատմության տարեգրքում կգրվի ոսկե տառերով:

Շրջանային ժողովում քննարկելու և խորհրդարանին դիմելու՝ հայոց լիզվին տարածաշրջանային կարգավիճակ տալու նախաձեռնությամբ հանդես էր եկել «Վրդացական երազանք - Հանրապետականներ» խմբակցությունը: Փետրվարի 25-ին խմբակցությունը կազմել էր դիմում և ներկայացրել շրջանային ժողով քննարկելու համար: Սակայն նիստում այն քննարկման առարկա չդարձավ, քանի որ հարցը լիարժեք չէր ուսումնասիրված և օրակարգում չէր հաստատված:

«Հանրապետականների» կազմած դիմումում մասնավորապես նշվում է այն, որ խորհրդարանը ընդունի սահմանադրական փոփոխություններ՝ ի պաշտպանություն Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների մասին եվրոպական խարտիայի վավերացմանը: 

Դիմումը նիստին ներկայացրեց խմբակցության նախագահ Սարգիս Ուզունյանը: Դիմումի հիմնական բովանդակությանը բոլորը համաձայն էին, սակայն որոշ մարդիկ հանդես եկան լրացում անելու առաջարկությամբ: «Ագրարային» խմբակցության նախագահ Մերուժան Եզոյանը առաջարկեց դիմումում նշել, որ նախկինում ևս այս հարցը բարձրացվել է:

«Հիմնվելով նախկին որոշումներին, քանի որ սկսած 1999-ից այս հարցը բարձրացվել է, սա այսօրվա խնդիր չէ, սա ժողովրդի իրական պահանջն է: Նախկինում էլ եղել են քննարկումներ տեղական իշխանությունում: Պատգամավորներ են ստորագրել և դիմել են պետությանը», - ասաց Մ.Եզոյանը: 

Առաջարկություններով հանդես եկավ նաև Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչ Մելս Թորոսյանը: «Կոնվենցիայում կոնկրետ չի նշվում հայոց լեզվի մասին, այսինքն՝ մենք առաջարկում ենք, որպեսզի տվյալ հարցը քննարկվի, և վավերացվի Խարտիան, բայց չենք նշում, որ որպես հայ պահանջում ենք, որ հայոց լեզուն իր պաշտպանությունը գտնի որպես տարածաշրջանային լեզու: Սա առանձին կետ է, առանձին կոնվենցիայով, սրանք խառնել պետք չէ, եթե մենք չնշենք, կարող է դուրս մնանք ցուցակից», - ասաց նա:

«Վերջերս երկրի նախագահի կողմից հնչում են հայտարարություններ, որ Ախալքալաքում ի հայտ է եկել անջատողականություն, արդյո՞ք ժամանակն է, որ նորից այս հարցը բարձրացնենք հիմա, կարող է մեր այս քայլով ընդանրապես մոռացության ենք մատնում հարցը: Ես մտավախություն ունեմ` արդյո՞ք ճիշտ ժամանակն է: Կամ թե արդյո՞ք չի թաքնված քաղաքական PR այս գործողությունների մեջ, որոշ մարդիկ կարող են օգտագործել քաղաքական նպատակների համար», - մտահոգություն հայտնեց Մ. Եզոյանը:

Շրջանային հիվանդանոցի տնօրեն և «Հանրապետականներ» խմբակցության անդամ Ալեքսանդր Թորոյանը կիսում է Մ.Եզոյանի մտավախությունները. «Իհարկե կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Եթե նայենք նախորդ իշխանությունների ժամանակ այս հարցի քննարկումը այս ամբիոնից արդյո՞ք հնարավոր էր, իհարկե ոչ: Եղել են շշուկներ, ստորագրությունների հավաք, բայց այս կարգի քննարկում չի եղել, քանի որ չեն թողել», - ասաց նա:

Ժողովի պատգամավոր Ֆյոդոր Թորոսյանն ասում է, որ նախկինում ևս եղել են որոշումներ լէզվի հարցի վերաբերյալ, սակայն դրանք տեղ չեն հասել: «Նախորդ որոշումները տեղ չեն հասել, որովհետև դրա տակ չի եղել ժողովի նախագահի, վարչության նախագահի ստորագրությունը: Երբևէ ուշ կամ շուտ չէ, միշտ հրատապ է լեզվի հարցը, սա կարևորագույն հարց է մեր ազգային ինքնության և գիտակցության համար», - ասաց նա:

Շրջանային ժողովի ներկա բոլոր պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին՝ դիմումը խորհրդարան ներկայացնելու, հոտնկայս և ծափողջույններով ընդունեցին «Հանրապետականների» նախաձեռնությունը և առանձնացան դիմումը վերջնական տեսքի բերելու համար:

Մեկնաբանություններ (1)

Samo
Duk der shatttt...heruek HAyots ezvits,,,Het naetsek te ovek dUk...?!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter