HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկուշաբթի դատարանում կհարցաքննվի Վլադիսլավ Մանգասարյանը

Երկուշաբթի օրը` մարտի 18-ին, Երևանի Կենտրոնի դատարանում կշարունակվի Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի համար վճարած, սակայն բնակարանը չստացած, խաբված գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատաքննությունը, որով դատարանում պետք է հարցաքննվի քաղաքացու բնակարանը այլ անձի տված Վլադիսլավ Մանգասարյանը: Նույն անձը, ում ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը տարիներ շարունակ մեղադրում է իր հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունը սնանկացնելու և գումարները յուրացնելու մեջ:

Թե ինչ դերակատարում է ունեցել Լուսինե Գյուլխասյանի բնակարանի թալանի գործում հենց Վլադիսլավ Մանգասարյանը, մարտի 7-ի դատական նիստում բավական մանրամասն ներկայացրեցին տուժող Լուսինե Գյուլխասյանն ու նրա հայրը` գործով վկա Գևորգ Գյուլխասյանը:

Կոնկրետ Վլադիսլավ Մանգասարյանի մասով տուժող Լուսինե Գյուլխասյանը նախորդ դատին նշեց հետևյալը. «2009-2010 թվականներին բնակարանի սեփականության վկայականը ստանալու վերաբերյալ հարցադրումներ արել ենք ինչպես Վլադիսլավ Մանգասարյանին, այնպես էլ Էդուարդ Եսայանին, բայց անընդհատ այսօր-վաղն էին անում: 2010 թվականի սեպտեմբերի 3-ին Վլադն ինձ կանչեց նոտար` բնակարան ստանալու, մեկ ու կես ժամ սպասեցի, նա չեկավ, զանգեցի, չպատասխանեց: Նոտար չգալուց հետո սկսեցի կասկածել: Վլադի հետ, ի վերջո, խոսեցի, ասաց, թե մի քիչ խնդիրներ կան, պետք է համբերեմ»:

Տուժողը պատմեց, որ 2010 թվականի սեպտեմբերից մինչև նոյեմբերի վերջ իր հոր հետ  պարբերաբար զանգել են թե Վլ.Մանգասարյանին, թե ընկերության մյուս սեփականատեր Ղևոնդ Ղալումյանին` պարզաբանում ստանալու համար, թե երբ են վկայական ստանալու. «Վլադ Մանգասարյանը մեր զանգերի ընթացքում ասում էր, թե «տունը իմ եղբոր անունով է, հանգիստ եղեք, խնդիր չկա, ուղղակի մի քիչ կձգվի»:

Սակայն 2010թ. նոյեմբեր ամսին Գյուլխասյանի գրասենյակ է գալիս մի մարդ և ներկայանում որպես Արմեն Գալստյան և հայտնում, որ բնակարանի տերն ինքն է:

«Վլադը քողարկում էր և ձգձգում իրական վիճակի բացահայտումը: Իմիջիայլոց, բոլոր մարմիններում Վլադը շատ դրական մարդու կերպար է ընդունում, նույնն էլ այդտեղ, թե Լուսինե ջան, դա քո բնակարանն է, դու կստանաս: Բայց այդ օրն արդեն, երբ Վլադն այդ ամենն ասում էր, նա արդեն իր եղբոր միջոցով այդ բնակարանի հետքը կորցնելու համար վաճառել էր մեկ այլ մարդու, սրանից նրան, ի վերջո, Արմեն Գալստյանին: Երբ Լուսինեն այդ ժամանակ ասաց, թե գող, ավազակ ինչու ես բնակարանս վաճառել, նա էլ թե` Լուսինե ջան, չեմ վաճառել, պարտքերի դիմաց գրավ եմ դրել»,- իր ցուցմունքում պատմեց Գևորգ Գյուլխասյանը: 

Գևորգ Գյուլխասյանը դատարանում վրդովված անգամ հետևյալ հայտարարությունն արեց. «Սրանք բոլորը մի խումբ են` Վլադիսլավ Մանգասարյանը, Արմեն Գալստյանը, Վլադի եղբայր Ռուբեն Մանգասարյանը, Էդիկ Եսայանը, սա փոքր, դեռ չհասունացած, կիսամաֆիոզային տիպի ընկերություն է»:

Ըստ տուժողի և վկայի ցուցմունքների՝ տեղի ունեցածն իրականում խարդախություն է, որի կազմակերպչին ու մյուս հանցակիցներին մեղադրանք չի առաջադրվել: Հետաքրքիր է, թե իր դեմ ներկայացված այսքան հիմնավոր փաստերի դեմ ինչ պարզաբանում է տալու հենց ինքը` Վլադիսլավ Մանգասարյանը:

Ի դեպ, «Հետք»-ին տված 30.01.2013թ. հարցազրույցի ժամանակ /տեսագրության 44:38 րոպեից սկսած/ Մանգասարյանն անդրադարձել է Գյուլխասյանի գործին և առաջադրված մեղադրանքի մասին հեգնանքով նշել, որ քննիչը սխալ ուղղությամբ է գործը քննել ու մեղադրանք առաջադրել. «Գողություն է տեղի ունեցել, 2 րոպեում կպաշտպանեմ, ու Եսայանը չոր դուրս կգա»:

Չի բացառվում, որ երկուշաբթի օրը դատարանում Վլադիսլավ Մանգասարյանը անձամբ որպես զոհ ներկայանա և «բարերարի» դեմքով հերթական անգամ տուժողին իր «օգնությունն» առաջարկի:

Ի գիտություն հենց Վլադիսլավ Մանգասարյանի` իր դեմ եղած բոլոր մնացած փաստերից առանձնացնենք կարևորը, տեսնենք, թե ինչպես կպարզաբանի նա դատարանում: Մասնավորապես այն հանգամանքը, որ քաղաքացի Լուսինե Գյուլխասյանի բնակարանը այլ անձի` իր եղբայր Ռուբեն Մանգասարյանին օտարելու գործարքի թույլտվությունն ու հրահանգը, 18.06.2010թ. գրավի պայմանագրով ունեցած իրավունքով, տվել է հենց ինքը` «Արին կապիտալ» ներդրումային ընկերության տարածքների գրավառու «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի փաստացի սեփականատեր և միևնույն ժամանակ «Արին կապիտալ» ներդրումային ընկերության փաստացի ղեկավար Վլադիսլավ Մանգասարյանը: Այս մասին դատարանում մի շատ ուշագրավ  հայտարարություն կատարեց նաև տուժողի հայր՝ վկա Գևորգ Գյուլխասյանը. «Արին կապիտալ» ներդրումային ընկերության կնիքն էլ է Վլադի մոտ եղել` նրա սեյֆում: Իմ աչքով եմ տեսել»:

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter