Բարեփոխումներ են նախատեսվում կոմունալ տնտեսության ոլորտում
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ մարտի 14-ին հրավիրված խորհրդակցությունում քննարկվեց հանրապետության քաղաքային համայնքներում գործող կոմունալ տնտեսության ոլորտի ընկերությունների ունեցած հարկային պարտավորությունների հարցը:
Փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ներկայացրած զեկույցի համաձայն` վերջին ամիսներին կատարված վերլուծություններով արձանագրվել է, որ հանրապետությունում գործող կոմունալ ծառայություններ մատուցող տնտեսվարող սուբյեկտները 2013 թ. հունվարի 1-ի դրությամբ պետական բյուջեի նկատմամբ ունեն մոտ 386 մլն դրամի պարտավորություններ: Պարտքերը կուտակվել են ծառայությունների դիմաց վճարների ոչ լրիվ հավաքագրմամբ, ինչը, զեկուցողի համոզմամբ, աշխատակիցների ոչ պրոֆեսիոնալ մոտեցման հետևանք է:
Վարչապետը անթույլատրելի համարեց ստեղծված իրավիճակը և այն հաղթահարելու համար առաջարկեց ոլորտում բարեփոխումներ սկսել: Խորհրդակցության մասնակիցների համոզմամբ` կոմունալ տնտեսությունների մասնավորեցումը լուրջ առաջընթաց կապահովի ոլորտում: Սակայն, մինչ այդ, բնագավառն ուսումնասիրելու համար հանձնարարվեց ստեղծել աշխատանքային խումբ, որի եզրակացությունների հիման վրա կսկսվեն բարեփոխումները:
Հանձնարարվեց նաև օրենսդրական կարգավորում տալ աղբահանման և սանմաքրման աշխատանքներին: Կվերանայվեն գործող սակագները: Վարչապետ Ա. Հարությունյանը շեշտել է, որ սակագինը պետք է տնտեսագիտորեն հիմնավորված լինի. ճիշտ հասցեական սակագնային քաղաքականությունը կունենա սոցիալական լարվածությունը նվազեցնելու միտում: Առաջիկա ամիսներին լուծումներ կառաջարվեն նաև հարկային պարտավորությունների առնչությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Ս. Թևոսյանը, ԿԱ հարկային պետական ծառայության պետ Ա. Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել