Սերժ Սարգսյանի երդմնակալության միջոցառումը պետք է վերածել հրաժեշտի երեկույթի. Նիկոլ Փաշինյան
Ազատության հրապարակում ելույթ ունենալիս ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի երդմնակալության միջոցառումը պետք է վերածել մի խղճուկ միջոցառման` հրաժեշտի երեկույթի: Նա կոչ արեց ժողովրդին ապրիլի 9-ին ընտանիքներով Ազատության հրապարակ գալ ` Սերժ Սարգսյանին Հայաստանից զրկելու համար, և չի լինելու բախում, քաշքշուկ, այլ լինելու է մեծ տոն:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դուրս քաշել Սերժ Սարգսյանի իշխանության տակից, և ապրիլի 9-ը հենց այդ ժամանակն է, և Սերժ Սարգսյանի երդմնակալությությունը ոչ թե կանխելու, այլ անբովանդակ դարձնելու խնդիր ունեն: Ապրիլի 9-ին ժողովուրդը պետք է իրենով լցնի հանրապետության ամենամեծ հրապարակը` ցույց տալու համար, որ ինքն ընտրել է իր նախագահին, և նրա անունը Սերժ Սարգսյան չէ: Ըստ Նիկոլ Փաշինյանի` Սերժ Սարգսյանը չունի Հայաստան իր իշխանության ներքո, այլ մի դահլիճ` Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ս. Սարգսյանը, Վլադիմիր Գասպարյանը, Գորիկ Հակոբյանը և բոլորը պետք է արձանագրեն, որ ժողովուրդը զիջելու տեղ չունի, պարտվելու տեղ չունի, ժողովուրդը չի գրոհելու, չի հարձակվելու, ջարդուփշուր չի անելու, բայց ժողովուրդն անելու է ավելին` չի նահանջելու: Ս. Սարգսյանը, Վլադիմիր Գասպարյանը, Գորիկ Հակոբյանը և մյուսները պետք է հստակ գիտակցեն, որ իրենք կարող են գրոհել, հարձակվել, բայց ժողովուրդը չի դիմադրելու, բռնությանը բնությամբ չի պատասխանելու, բայց ժողովուրդը չի նահանջելու: Եվ ուրեմն` հաղթանակ` կամ ոչինչ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել