HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախարարի կարծիքով` «Նուբարաշեն» ՔԿՀ-ն պետք է փակվի

2009 թվականի համեմատ` 2010-ին ազատազրկման վայրերում մահվան դեպքերն ավելացել են ավելի քան 2.5 անգամ: 2009թ. գրանցվել է մահվան 15 դեպք, իսկ անցյալ տարի` 37: Այս թվերն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխան ժամանակ հրապարակեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Նա արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հարցրեց, թե ինչպիսի քննություններ են տեղի ունեցել նշված դեպքերի առթով` նախ եւ առաջ ինքնասպանությունների հետ կապված, եւ ինչ պատասխանատվության են ենթարկվել պատասխանատուները:

Նախարար Թովմասյանը պատգամավորի հարցին պատասխանեց` ավետիսով, այն է` վերջին 3 տարում քրեակատարողական հիմնարկներում սպանության դեպք չի եղել, ինչպես նաեւ իգական սեռի անչափահաս ազատազրկվածներ չկան:

Այնուամենայնիվ, նախարարը փաստեց, որ մահացության դեպքերն ավելացել են: Դա պայմանավորեց նաեւ մի հիվանդությամբ, որ  դատապարտյալները բենզինի եւ այլ նյութերի համադրությամբ թմրանյութ են ստանում եւ օգտագործում, ինչի հետեւանքով էլ մահացություններ են գրանցվում:

Հ. Թովմասյանի ասելով` բոլոր դեպքերով էլ քննություն տարվել է, եւ մահացության որոշ դեպքեր պայմանավորված են եղել այնպիսի հիվանդություններով, որոնց կանխարգելումը դժվար է:

«Բայց այս ոլորտում որոշակի քայլեր արվում են, մասնավորապես` վերազինվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վիրահատարանը, եւ մոտ օրերս հնարավոր կլինի փոքր վիրահատությունները հենց տեղում կազմակերպել: Բանակցությունն ենք վարում «Գլոբալ հիմնադրամի» հետ առողջապահական նյութեր, սարքավորումներ մատակարարելու համար, որպեսզի այս խնդիրը հնարավոր լինի լուծել»,-ավելացրեց նախարարը:

Անդրադառնալով ինքնասպանություններին` ասաց, որ 4 ինքնասպանության դեպք է եղել, եւ 4-ի դեպքում էլ մահացածները գրություն են թողել, որ որեւէ մեկին չմեղադրեն այդ հարցում:

Լարիսա Ալավերդյանը նաեւ հետաքրքրվեց խցերում գերբնակեցման խնդրով` ասելով, որ ազատազրկվածների համար անմարդկային պայմաններ են ստեղծված հատկապես «Նուբարաշենում», որտեղ մարդիկ հերթով են քնում:

8 հոգու համար նախատեսված խցում տեղավորվում է 15-20 մարդ: «Դա հավասարազոր է դաժան վերաբերմունքի, մինչեւ անգամ խոշտանգում: Ես չեմ տեսնում մի խնդիր, որ կարդարացնի այս վիճակը»,-ասում է պատգամավորը:

Պատասխանելով լրագրողի հարցին` նախարարն ասաց, որ բավականին երկար ժամանակ  ընդհանրապես չի կիրառվել պատժի չկրած մասը հասարակական աշխատանքով փոխարինելու հնարավորությունը: Բայց նախորդ ամիս մոտ 15 մարդ ներգրավվել է հասարակական աշխատանքներում, մոտ 40 մարդ էլ դիմել է պատժի չկրած մասը հանրային աշխատանքով փոխարինելու խնդրանքով; Նրանք կներգրավվեն  սանիտարական էտումների, կանաչապատման եւ այլ աշխատանքներում:

Գերբնակեցման հետ կապված` նախարարն ասաց, որ Արմավիրում նախատեսվում է 400-հոգանոց կալանավայր կառուցել:

Քննարկվում է նաեւ Երեւանում եւս մեկ կառույց ունենալու հարցը, որը կթեթեւացնի «Նուբարաշեն» ՔԿՀ-ի խնդիրը:

«Ռազմավարական առումով տեսնում եմ, որ «Նուբարաշենը», որպես քրեակատարողական հիմնարկ, ընդհանրապես պետք է փակվի, որովհետեւ ժամանակակից չափանիշներին չի համապատասխանում»,-ավելացրեց Հ. Թովմասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter