HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հեռուստահաղորդավարը պատգամավորներին. «Ժամանակն է գործով ապացուցել ձեր` այդտեղ գտնվելու անհրաժեշտությունը»

Մի պահ է հասունացել, երբ իշխանական շրջանակներից հնչող հայտարարություններն ավելի են լարում քաղաքացիների նյարդերը, եւ նրանք հրապարակային, այս դեպքում` համացանցի միջոցով պաշտոնյաներին խնդրում են լռել եւ էլ ավելի չնյարդայնացնել իրենց:

Հեռուստառադիոհաղորդավար Լուսինե Բադալյանին, օրինակ, վերջերս  նյարդայնացրել էր Գալուստ Սահակյանի ելույթը եւ, առհասարակ,  իշխանական ճամբարից հնչող տարատեսակ մեկնաբանությունները:

«Հետքի» հարցերին պատասխանում է Լուսինե Բադալյանը:

Լուսինե, Դուք հեռուստատեսությունում ու ռադիոյում եք աշխատում, հաղորդավար եք, վարել եք նաեւ իշխանությունների կազմակերպած միջոցառումները: Կարծես թե նրանց հետ վատ հարաբերություններ չեք ունեցել, ի՞նչը ստիպեց Ձեզ դառնալ ընդդիմադիր եւ ակտիվորեն քննադատել իշխանություններին:

Ես արդեն մոտավորապես 15 տարի է՝ աշխատում եմ եւ ռադիոյում, եւ հեռուստատեսությունում` գրեթե առանց ընդմիջումների 97-98 թվականներից: Վարել եմ տարաբնույթ ծրագրեր եւ միջոցառումներ, այդ թվում՝ գուցե եւ իշխանությունների կազմակերպած` բացառությամբ քարոզարշավների շրջանակներում համերգները. դրանք երբեք չեմ վարել:

Բայց դա բնավ չի նշանակում, որ ինձ կարելի է որեւէ բան պարտադրել, ձայնս կտրել, կամ ես ինձ զգամ պարտավորված: Ես հիմա էլ հիանալի հարաբերությունների մեջ եմ բոլորի հետ, բայց դա եւս չի նշանակում, որ որեւէ լուրջ խնդիր տեսնելիս պիտի լռեմ:

Ընդդիմադիր ասելը շատ բարձրագոչ է. ես ոչ ընդդիմադիր եմ, ոչ էլ իշխանամետ, ես ընդամենն ուզում եմ, որ խնդիրները լուծվեն, իսկ թե դա որ կողմը կանի, ինձ համար լրիվ միեւնույն է, քանի որ չունեմ ամբիցիաներ այս հարցում: Իմ առաջնային խնդիրն իմ եւ բոլորի երեխաներին ապահով ու բարեկեցիկ կյանք ապահովելն է, ում դա հաջողվի անել, թող օրհնվի սերնդե սերունդ:

Չեք թաքցնում նաեւ հակակրանքը, որ զգում եք շատ պատգամավորների նկատմամբ: Նույնիսկ հրապարակավ խնդրել եք Գալուստ Սահակյանին քիչ խոսել, որպեսզի մարդկանց նյարդերն էլ ավելի չլարվեն: Ձեր կարծիքով, Ազգային ժողովն այդքան վա՞տն է:

Հարցն այստեղ հակակրանքը չէ: Ես իմ բնույթով շատ մարդասեր եմ ու ինձ չափազանց խորթ է ատելությունը, հակակրանքը, բայց շատ սկզբունքային եմ արհեստավարժության հարցում: Սիրում եմ արհեստավարժ մարդկանց բոլոր բնագավառներում, չեմ ընդունում միջակությունը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մի ամբողջ ժողովրդի:

Չեմ սիրում օդում ասված խոսքեր. դրանք ինձ վրա երբեք տպավորություն չեն թողնում` որքան էլ գեղեցիկ եւ համոզիչ լինեն: Ես գնահատում եւ եզրակացություններ անում եմ միայն վերջնական արդյունքներից ելնելով:

Հետեւաբար, ինձ համար տհաճ են այս պարբերաբար հնչող խոստումները, կարծիքները, հետեւություններն ու ենթադրությունները, որոնք դեռ միայն խոսքեր են, ոչ ավելին:

Իսկ ինչ վերաբերում է Ազգային ժողովին, ցավում եմ, բայց ինձ համար հեղինակություններ դեռ չեմ գտել այնտեղ, իսկ դա այն հարթությունն է, որին օդի նման անհրաժեշտ է հեղինակություն հասկացությունը:

Ձեզ վրա ինչո՞ւ են ազդել հատկապես Գալուստ Սահակյանի եւ ՀՀԿ-ականների ելույթները:

Երկար փնտրելով՝ ոչ մի ծանրակշիռ եւ համոզիչ արտահայտություն չեմ գտնում (նրանց կողմից ասված), դա է ինձ վրա ազդում: Պետք չէ կենտրոնանալ հենց Գալուստ Սահակյանի վրա. պարզապես այդ օրը թարմ էր նրա ելույթը, եւ դեռ շարունակում էի զայրացած մնալ Սերժ Թանկյանին ուղղված նրա կոչով` «ամեն մարդ թող իր գործով զբաղվի», քանզի չեմ կարծում, որ, ի տարբերություն Գալուստ Սահակյանի, Սերժ Թանկյանի գործն է Ցեղասպանության ընդունման հարցին կյանքը նվիրելը:

Դրանից առաջ դիմել էի Հայկ Բաբուխանյանին ու էլի շատերին, այսինքն` ինձ համար կոնկրետ մեկը թիրախ չէ: Գուցե այսպես թե ես, թե մյուսները ցանկանում ենք ցույց տալ, որ ժամանակն է գործով ապացուցել ձեր` այդտեղ գտնվելու անհրաժեշտությունը:

Ակտիվ, պահանջատեր երիտասարդներ շատ կան, եւ քիչ-քիչ կայանում է քաղաքացիական հասարակությունը, սակայն ցանկալի արդյունքը` վերջ տալ երկրում տիրող ապօրինություններին, կարծես թե չի հաջողվում: Ի՞նչն է պատճառը:

Ես չեմ դադարում հիանալ ակտիվ, պահանջատեր երիտասարդներով. նրանցից սովորելու շատ բան ունենք բոլորս: Մենք այն սերունդն ենք, որ 2 քաղաքակրթությունների կրողն ենք, եւ երկուսն էլ իրենց ուղղակի եւ անուղղակի ազդեցությունն ունեն մեր աշխարհընկալման, մտածելակերպի, բնավորության վրա:

Ինչ վերաբերում է արդյունքին, դա միանգամից չի լինում: Միանգամից ստեղծվածը հաճախ միանգամից էլ քանդվում է, իսկ համբերատարությամբ, քայլ առ քայլ ամուր գցված հիմքը դժվար է սասանել: Կարծում եմ, որ տարիների ընթացքում արդյունքը տեսանելի կլինի:

Լուսանկարը՝ Լուսինե Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (2)

SEVAK
Գտնում եմ որ Գալուստ Սահակյանը քաղաքականությունից հեռու մարդ է,ավելին իր առհամարական և հեգնական տոնով բոլորին հունից հանել է..Փորցեք որևէ շրջապատում կամ շրջաններում տալ Գալուստ անունը և կզարմանաք տե մարդիկ ինչ ատելությամբ են խոսում նրա մասին,Միթե ՀՀԿ-ում չեն հասկանում որ ժամանակն է ազատվել նրանից իր որդիների հետ միասին,,,Լավ հասկանում եմ հաղորդավարի պահվածքի պատճառը,որքան կարելի է դատարկ մարդկանց բառախաղերով կազմած ոչինչ չասող մտքերը լսել ?
Armine
LRAGRONERN EL IRENDZ HERTIN PITI IRENDZ PAHANJNER DNEN EV MIANAN JOXOVRDIN ES INCH KEXTOTA MER HAYERI KAXAQAKANUTYUN SHARGAIN MARDUTS SKSVADZ AMOT E ELI DUR E GALIS DZEZ ES VIJAK AMOTALI ?????????????????,HERIGE VERJ TVEQ MER EREXANER AYSOR VOR MEXADRUM EN TSNOXNERIN TEXIN EN MEXADRUM INCH PETUTYUN ENQ POXANDZUM VOR MIAT EL SHNORHAKAL LINEN TSNOXNERIDZ ,VAXKOTUTYUN, AN MAKARDAKI , ANORINUTYUN, EV AN APAHOV U VOCH APAGAIN MTATSOX UNAKUTYUN ,TUUUUUU ZZVELI PETUTYUNE HO ZOROV CHIՄեկնաբանությունը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter