Ի՞նչն է ՀՀ-ին հնարավարություն տալիս դառնալ սուբյեկտ. Նախախորհրդարանի կլոր սեղանը
Այսօր Նախախորհրդարանը կազմակերպել էր կլոր սեղան քննարկում` Հայաստանը աշխարհաքաղաքական տուրբոլենտության համատեքստում` օբյե՞կտ, թե՞ սուբյեկտ թեմայով:
Քննարկման մասնակիցներն էին Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը, Իրինա Ղափլանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Աշոտ Մանուչարյանը, Ստեփանակերտից քննարկմանը միացել էր Հրաչյա Արզումանյանը, Լոս Անջելեսից՝ պատմաբան Կարապետ Մոնջյանը, Մինսկից՝ Կարեն Աղեկյանը:
Պատմաբան Կարապետ Մոմջյանը նշեց, որ այսօր մի լուր է լսել, ըստ որի՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կոչ է արել հայ գործարարներին՝ գնալ ու իրենց գումարները ներդնել Վրաստանում՝ խոստանալով բիզնեսի համար տաքուկ մթնոլորտ տեղծել. «Այսինքն, եթե քո պետությունը վանում է իրենից, ապա հարակից պետությունն անպայման կօգտվի այդ իրավիճակից ու կստեղծի համապատասխան պայմաններ»:
Ըստ Մոնջյանի՝ Հայաստանը պետք է լինի ինֆորմացիայի ապահովության կենտրոն. «Ես չեմ կարծում, որ աշխարհում կա մի երկիր, որ կարեւորություն չունի, մանավանդ գլոբալիզացիայի այս մթնոլորտում: Այն վարկածը, թե ՀՀ-ն կարեւոր չէ, ճիշտ չէ: Եթե այդ մտածելակերպը չհանենք մեր միջից, մենք չենք կարող պետական կառույցը կայացնել: Ամենակարեւորը, որ ունի հայությունը, դա ուղեղն է ու դա պետք է լինի մեր ապագան ու հատակապես, երբ գործ ենք ունենում գերտերությունների հետ»:
Հրաչյա Արզումանյանը, ով նույնպես քննարկմանը միացել էր Ստեփանակերտից, նշեց, որ Հայաստանը պետք է առաջին հերթին մտածի իրական պետություն հիմնելու մասին:
«Մենք ունենք բանակ, բայց դա դեռ չի նշանակում, որ ունենք պետություն: Պետությունը պետք է կառուցվի ոչ թե կամրջի վրա, այլ խորը հիմքերի»,- ասաց Արզումանյանը:
Գարեգին Չուգասզյանը բացատրեց, թե ինչ է այս համատեքստում տուրբուլենտությունը. «Հայերեն փոխարժեքը դեռ չունենք, բայց կարելի է հետևյալ կերպ մեկնաբանել՝ բարձր տոկոսով անկայունություն, որը փոթորիկի հետ կարելի է համեմատել, որը նաև գծային իրավիճակ է ստեղծում: Կամ պատկերացրեք՝ երկու ծանր կշռաքար ունեք, ու չենք կարողանում հավասարակշռության գալ, և ահա մի փոքր թիթեռ կարողանում է իրավիճակը փոխել: Հենց դա էլ տուրբուլենտությունն է, երբ մի փոքր հանգամանք կարող է իրավիճակ փոխել: Այ սա է հենց հնարավարություն տալիս ՀՀ-ին դառնալ սուբյեկտ»:
Կիմա Խաչատրյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել