
Արոնյանն առջեւում է. այսօր նա կհանդիպի Իվանչուկին
Լոնդոնում ընթացող հավակնորդների մրցաշարում առաջին հաղթանակն է տարել Լեւոն Արոնյանը: Նա սպիտակ խաղաքարերով հաղթել է իսրայելցի Բորիս Գելֆանդին, որն անցյալ տարի, իբրեւ հավակնորդների մրցաշարի հաղթող, ձեռնոց նետեց աշխարհի գործող չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդին, բայց համառ պայքարում պարտվեց:
Լեւոնն այժմ 1,5 միավորով կիսում է 1-2-րդ հորիզոնականները, քանի որ երեկ պարտիան հաղթանակով է ավարտել նաեւ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, որը նույնպես սպիտակներով հաղթել է ուկրաինացի Վասիլի Իվանչուկին: Մյուս պարտիաներում՝ Կառլսեն-Կրամնիկ, Գրիշչուկ-Սվիդլեր, գրանցվել է ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակը 2 տուրից հետո հետեւյալ տեսքն ունի.
Արոնյան- 1,5
Ռաջաբով- 1,5
Կառլսեն- 1
Կրամնիկ- 1
Սվիդլեր- 1
Գրիշչուկ- 1
Գելֆանդ- 0,5
Իվանչուկ- 0,5
Այսօր կկայանան հետեւյալ մրցամարտերը՝ Գելֆանդ-Կառլսեն, Իվանչուկ-Արոնյան, Սվիդլեր-Ռաջաբով, Կրամնիկ-Գրիշչուկ:
Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, այս պահին Արոնյանն իր ընթացիկ ցուցանիշով ՖԻԴԵ-ի ցուցակում կրկին երկրորդն է 2813,3 հաշվարկային միավորով: Մագնուս Կառլսենի ցուցանիշը 2870,2 է: Իր էլոն նվազեցնելով՝ երրորդ տեղ է իջել Կրամնիկը՝ 2800,8: Այնուհետ Թեյմուր Ռաջաբովն է (2796,8), ռուս Սերգեյ Կարյակինը (2786) եւ Վիշի Անանդը (2783):
Մեկնաբանել