Խոսրովի անտառը համեղ պատառ է, այն համտեսելու ցանկություն ունեցող անձինք ամեն քայլի ընդունակ են
ՀՀ բնապահպանության նախարարությունը (այսուհետ նախարարություն) 07.02.2013թ. իր պաշտոնական կայքէջում հայտարարել էր նախարարության համակարգում գործող «Խոսրովի անտառ պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ: «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի մասնակցության համար դիմումների ընդունման վերջնաժամկետն ավարտվել էր 27.02.2013թ.:
2013թ. մարտին նախարարությունն իր կայքում տեղադրել է «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահին ուղղված իր պատասխանն այն մասին, որ պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության /նշանակման/ կարգը, ինչպես նաև մրցութային հանձնաժողովի կազմը սահմանված է ՀՀ կառավարության 25.01.2005թ. թիվ 224-Ն որոշմամբ և ՀՀ բնապահպանության նախարարի 29.09.2005թ. թիվ 291-Ն հրամանով: Միաժամանակ հայտնել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը պատրաստակամ է ապահովելու մրցույթին հետևելու հանրության ցանկությունը:
Սակայն ինչպես բնապահպաններս ականատես եղանք, այնպես էլ զանգվածային լրատվամիջոցների և միջազգային կազմակերպությունների[1] ներկայացուցիչները, 15.02.2013թ. նախարարությունում նշյալ ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար երկրորդ անգամ անցկացված մրցույթն այս անգամ դռնփակ էր, քաղաքացիական հանրության, ԶԼՄ-ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքն արգելված էր:
ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչները (Ս. Պապյան և Հ. Հակոբյան) խորհուրդ տվեցին մրցույթին հետևել Ավ. Իսահակյանի գրադարանի դահլիճում` Live Stream ռեժիմով: Հետագայում պարզվեց, որ ԶԼՄ-ից միայն EcoNews.am բնապահպանական կայքի խմբագրությունն էր թույլտվություն ստացել առցանց հեռարձակել այդ քննությունների ընթացքը (քանի որ վերջինս մի քանի օր առաջ դիմել էր այդ խնդրանքով)[2]:
Հարց է առաջանում, թե այլ լրատվամիջոցներն այս իրավունքից ինչու հավասարապես չեն օգտվել, ինչու ՀՀ բնապահպանության նախարարությունը տարբերակման մոտեցում ցուցաբերեց և որևէ ձևով չհիմնավորեց իր այս քայլը, նույն հաջողությամբ այլ լրատվամիջոցներ կարող էին տեղում ապահովել առցանց հեռարձակում: Բացի այդ, նախարարությունն իր հրապարակման մեջ չէր էլ նշել, որ մրցույթը պետք է հեռարձակվի առցանց, այդ մասին ներկաները տեղեկացվել են մրցույթի անցկացման օրը` մրցույթից 10 րոպե առաջ: Սա կոչվում է` ոչ պատշաճ ծանուցում և թերի տեղեկատվություն, բնականաբար պետք է հանրային սեկտորի ներկայացուցիչներն իրենց դժգոհությունը տեղում հայտնեին:
Առցանց մրցույթի ընթացքն ու ավարտը հետևելուց հետո, մեզ հայտնի դարձավ, թե ովքեր են հանդիսանում տվյալ մրցույթ անցկացնող հանձնաժողովի անդամները, հանձնաժողովի կազմում կրկին ՀՀ վարչապետի օգնական Միհրան Հակոբյանն[3] էր, իսկ հասարակական սեկտորից՝ «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ նահագահ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության քիմիայի բաժնի պետ, նույն ինքը «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթին հայտ ներկայացրած, այնուհետև ինքնաբացարկ հայտարարած Վահան Դավթյանը (093/ 53-06-98): Մ. Հակոբյանն ու Վ. Դավթյանն արդեն երկրորդ անգամ են ընդգրվել այդ հանձնաժողովում: Վ. Դավթյանը նշյալ մրցույթից երկու օր առաջ է (13.03.2013թ.) ինքնաբացարկ հայտարարել և անհապաղ «ընտրվել» մրցույթ անցկացնող հանձնաժողովում[4]:
Ավելորդ չեմ համարում հիշատակել, որ դեռևս 2012թ. նոյեմբերի 23-ին նախարարությունում «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված առաջին մրցույթի[5] ժամանակ նույն Վահան Դավթյանը հանձնաժողովի անդամ էր:
Այսպիսով, ինչպես արդեն 16.02.2013թ. տրված մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրել ենք՝ ՀՀ բնապահպանության նախարարը չի պահպանել իր իսկ կողմից նշված իրավական ակտերի պահանջները: Այն է`
ՀՀ բնապահպանության նախարարի 29.09.2005թ. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների թափուր պաշտոնները համալրելու նպատակով բաց մրցույթներ անցկացնող մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը և մրցույթի անցկացման ընթացակարգը հաստատելու մասին» թիվ 291-Ն հրամանով հաստատված հավելվածի 4-րդ կետով բաց մրցույթի նախապատրաստական և անցկացման աշխատանքները կազմակերպում է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը, իսկ 7-րդ կետի «բ» ենթակետով ապահովել անցկացնող մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը:
Իսկ ՀՀ կառավարության 25.01.2005թ. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» թիվ 224-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 3-րդ կետի`
«Պետական կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացվում է բաց եղանակով: Բաց մրցույթ հայտարարելու մասին որոշումն ընդունում է լիազորված պետական մարմինը:
4. Պետական կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ անցկացնելու մասին լիազորված պետական մարմնի որոշումը և մրցույթի պայմանները լիազորված պետական մարմինը 5-օրյա պարբերականությամբ առնվազն 2 անգամ հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուստատեսություն, մամուլ):
Նույն որոշմամբ հաստատված հավելվածի 12-րդ կետի` մրցույթի անցկացման ընթացակարգը, մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը և կազմը սահմանում է լիազորված պետական մարմինը: Մրցութային հանձնաժողովի կազմում պետք է ներգրավված լինի ՀՀ վարչապետի և հասարակական կազմակերպության մեկական ներկայացուցիչ:
12.1. Հասարակական կազմակերպությունները կարող են դիմումներ ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ` մրցութային հանձնաժողովների կազմում ընդգրկվելու նպատակով: ՀՀ կառավարության աշխատակազմը հասարակական կազմակերպությունների դիմումների հիման վրա ձևավորում և վարում է տվյալների շտեմարան, որից յուրաքանչյուր մրցույթի դեպքում` համակարգչային ծրագրով պատահական ընտրության սկզբունքով մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով ընտրվում է մեկ հասարակական կազմակերպություն»:
Հարց է առաջանում, այդ ինչպես պատահեց, որ սույն դեպքում համակարգչային ծրագրով պատահական ընտրության սկզբունքով մրցույթի հանձնաժողովի կազմում կրկին ընդգրկվեց Վահան Դավթյանի ղեկավարած հասարակական կազմակերպությունը, այն էլ այն դեպքում, երբ նա թեկնածություն էր դրել, այնուհետև մրցույթի անցկացման օրից երկու օր առաջ ինքնաբացարկ էր հայտնել: Նույն հարցը ծագում է նաև ՀՀ վարչապետի ներկայացուցիչ ընտրելու հարցում, ինչ սկզբունքով է Մ. Հակոբյանը կրկին ընտրվել:
Հարցեր, որոնց պատասխանները պետք է տա և հիմնավորի մրցույթն անցկացնող պետական լիազոր մարմինը՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը:
Անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ բնապահպանության նախարարությունը նաև պարզաբանումներ ներկայացնի հետևյալ հարցերի վերաբերյալ.
1) Ինչ սկզբունքով է ՀՀ վարչապետի օգնական Մ. Հակոբյանը և Վ. Դավթյանի կողմից ղեկավարած հասարակական կազմակերպությունը կրկին «պատահական» ընտրվել և ընդգրկվել մրցութային հանձնաժողովում:
2) Ինչպես պատահեց, որ համակարգչային ծրագիրը «պատահական» ընտրեց «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ը, այնպիսի տպավորություն է, որ համակարգչային ծրագիրն ավտոմատացման ռեժիմով է աշխատում:
3) ՀՀ կառավարության աշխատակազմի տվյալների շտեմարանում Վ. Դավթյանի կողմից ղեկավարած հասարակական կազմակերպությունից բացի էլ որ հասարակական կազմակերպություններն են ընդգրկված, պետք է հրապարակեն այդ կազմակերպությունների անվանումները:
Իմ կարծիքով, եթե այդ ցանկում միայն այս հասարակական կազմակերպությունն էր, ուրեմն ՀՀ բնապահպանության նախարարությունը պետք է այլ հասարակական կազմակերպություններին ևս հնարավորություն ընձեռեր, որպեսզի նրանք նույնպես դիմումներ ներկայացնեին ՀՀ կառավարության աշխատակազմին, այդ նպատակով պետք է հայտարարել այդ դիմումների ներկայացման կարգի և ժամկետների վերաբերյալ, համոզված եմ, որ դիմողների թիվը զգալի կլիներ, բացի այդ չի բացառվում նաև, որ քաղաքացիական հանրությունը տեղեկացված չէ այս հնարավորության մասին:
4) Շահագրգիռ հանրությունն ու լրատվամիջոցներն ինչու ժամանակին պատշաճ ձևով չեն ծանուցվել, որ նշյալ մրցույթը հեռարձակվելու է առցանց և ցանկացողները կարող են այն հետևել Ավ. Իսահակյանի գրադարանի դահլիճներից մեկում, ինչու այն արվեց վերջին րոպեին:
Պահանջում ենք պաշտոնական հրապարակային պարզաբանումներ:
Շարունակելի...
(Հաջորդը՝ քննության ընթացքի մասին)
Մերի Խաչատրյան
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն
18.03.2013թ.
[1] Հայաստանում Կովկասի բնության համաշխարհային հիմնադրամի համակարգող Ա. Վերմիշյան և Բնության համաշխարհաին հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կ. Մանվելյան:
[2] Առցանց հեռարձակում իրականացրել են միայն ՀՀ բնապահպանության նախարարությունն ու EcoNews.am բնապահպանական կայքի խմբագրությունը, իսկ լրագրող Գալուստ Նանյանին թույլատրել են քննասենյակում թողնել միայն իր տեսախցիկը:
[3] Ի դեպ ՀՀ վարչապետն ունի ևս չորս օգնական: Հանրությունը պարոն Մ. Հակոբյանին կճանաչի որպես ս. թ. փետրվարին ԵՊՀ-ի վարչական շենքի դիմաց դասադուլի մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք և ամբարտավան կեցվածք ցուցաբերող պաշտոնյայի:
[4] Այս մասին հայտնել է հենց ինքը՝ Վ. Դավթյանը, Ֆեյսբուք սոցիալական ցանցում խմբում լրագրող Գալուստ Նանյանի հարցին ի պատասխան:
[5] Այս մրցույթին գրանցված 3 թեկնածուներից ներկայացել էր այդ ժամանակ «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի արդեն նախկին փոխտնօրեն Գաբրիել Պողոսյանը (Նոնոն), ով մրցույթի արդյունքում համարվել էր հաղթող: Սակայն հանրության կողմից բարձրացված մեծ աղմուկից հետո Գաբրիել Պողոսյանը (Նոնոն) հրաժարվեց զբաղեցնել «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը` միաժամանակ ազատվելով նաեւ տնօերին տեղակալի պաշտոնից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել