Մոսկվայում մեկնարկել է «Նաիրիտի» դեմ Միջպետական բանկի հայցով դատաքննությունը
Քիչ առաջ Մոսկվայի Արբիտրաժային դատարանում ավարտվեց Միջպետական բանկն ընդդեմ «Նաիրիտ գործարանի» դատական լսումը: Դատական լսումը նշանակված էր 16:30-ին: Միջպետական բանկը ներկայացնող Մաքսիմ Կուլիկովն ու իր երեք գործընկերները հաստափոր թղթապանակները ձեռքերին վերջին նախապատրաստություններն էին տեսնում. ինչ-որ բաներ էին միմյանց հետ համաձայնեցնում: Թղթերի մեծամասնությունը հաշվետվություններ էին՝ տարեթվեր, տոկոսներ, թվեր:
Այն մասին, թե ով պետք է ներկայացներ պատասխանատու կողմի շահերը, տեղեկություն նախօրոք հրապարակված չէր և այդպես էլ չհրապարակվեց: «Նաիրիտ գործարանից» ներկայացուցիչ չկար: Նույնսիկ Մ. Կուլիկովը մեզ հետ զրույցում հետաքրքրվեց՝ գիտենք արդյոք, թե ով է ներկայացնում «Նաիրիտ գործարանը»:
Ժամը 16:30-ի դատական լսումն անցկացնող դատավոր Ա.Ա. Կամարովի օգնականը բացեց դուռը, որպեսզի մասնակիցներին ներս հրավիրի: Տեսնելով, որ կողմերից մեկը բացակա է՝ նա խնդրեց մի փոքր էլ սպասել:
Մոտ 20 րոպե անց օգնականը բոլորին ներս հրավիրեց: Լսումները բաց էին: Ելույթ ունեցավ Միջպետական բանկի ներկայացուցիչներից մեկը (ով հետագայում չցանկացավ մեզ հետ զրուցել և նույնիսկ ներկայանալ):
Դատական լսման հենց սկզբում պարզվեց, որ հայկական կողմը դատարան էր ուղարկել հայցադիմումի պատասխան, մինչդեռ հայցվոր կողմը, իր պնդմամբ, այն ստացել էր նույն օրը, դատից որոշ ժամանակ առաջ: Ուստի Միջպետական բանկի ներկայացուցիչը դատարանից ժամանակ խնդրեց դրանք մանրակրկտորեն ուսումնասիրելու և պատասխանելու համար. այն ծավալուն է, և այնտեղ ուսումնասիրության արժանի «գործնական հղումները» շատ են:
Նա նաև նշեց, որ հայկական կողմին ևս հետաքրքիր կլիներ մասնակցել հարցի քննարկմանը, միևնույն ժամանակ կասկած հայտնեց այդ պատասխանը որպես փաստարկ օգտագործելու վերաբերյալ, քանի որ բավարար հիմք չհամարեց մյուս պատասխանողից ուղարկված փաստաթղթի առկայությունը:
«Տվյալ պատասխանում «Նաիրիտը» հղում է կատարում այն հանգամանքին, որ տվյալ հայցադիմումները Մոսկվայի Արբիտրաժային դատարանի կողմից արդեն հետ էին վերադարձվել այն հիմքով, որ դրանք Մոսկվային Արբիտրաժային դատարանի իրավասության շրջանակներում չեն»: Ելույթ ունեցողը նաև նշեց, որ իրենք բողոքարկել են «Նաիրիտի» կողմից տրված նման հիմնավորումը: Եվ քանի որ Հաագայի կոնվենցիայի համաձայն՝ բրիտանական դատարանը «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ»-ի գործով (Rhinoville Property Limited) ոչ մի առարկում չի հայտնել, Մոսկվայի Արբիտրաժային դատարանը կարող է դատական ծանուցումներն ուղարկել ուղիղ հասցեատիրոջը (տվյալ դեպքում՝ հայկական կամ հենց հայցվոր կողմին). «Մենք ինքներս ուղղակիորեն միջոցներ կձեռնարկենք»,-ասաց վերջինս:
Դատական լսումից հետո Միջպետական բանկի ներկայացուցիչ Մաքսիմ Կուլիկովը մեզ հետ զրույցում ասաց, որ եթե հաջորդ լսումներին էլ հայկական կողմը համապատասխան կարգով տեղյակ լինելու դեպքում չներկայանա, ապա իրենք «հուսով են», որ դատարանը հայցը ի օգուտ իրենց կլուծի:
Պատասխանող՝ հայկական կողմի բացակայության պատճառով գործի լսումները հետաձգվեցին: Հաջորդ նիստը կկայանա մայիսի 14-ին՝ ժամը11:00-ին:
Մեկնաբանել