ԱԳՆ-ում մեկնարկել է ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների 12-րդ լիագումար նիստը
Մարտի 19-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցող, ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան Եվրոպայի տնօրեն Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել բանակցությունների 12-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով:
Է. Նալբանդյանը նշեց, որ 2010թ. հուլիսից մեկնարկած ասոցացման համաձայնագրի բանակցությունները երկուստեք ջանքերի շնորհիվ արդեն մոտենում են եզրափակիչ փուլին։ Արդյունավետ ընթանում են նաև 2012թ. հունիսից մեկնարկած խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները:
Է. Նալբանդյանն ասաց, որ Հայաստանի իշխանությունները, հանրապետության նախագահի ղեկավարությամբ ձեռնամուխ են եղել լայնածավալ բարեփոխումների իրականացմանը՝ ժողովրդավարական հաստատությունները և օրենքի գերակայությունը ամրապնդելու, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները պաշտպանելու, ընտրական գործընթացները և համապատասխան օրենսդրությունը բարելավելու և քաղաքացիական հասարակության դերն ամրապնդելու նպատակով, և այս ջանքերը պատշաճ կերպով ճանաչվել են, և Եվրամիությունը լրացուցիչ ֆինանսական հատկացումներ է նախատեսել Հայաստանի համար՝ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքին համաձայն:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները նշեցին, որ կողմերի ընդհանուր նպատակն է մինչև 2013թ. նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովն ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի, ներառյալ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ ընթացող բանակցությունները:
ԱԳ նախարար Նալբանդյանը և ԵՄ գլխավոր բանակցող Վիգանդը կարևորեցին Հայաստանի և Եվրամիության միջև քաղաքացիների շարժունակությունը և շփումները խրախուսելու ուղղությամբ գրանցված զգալի առաջընթացը, մասնավորապես, անցյալ տարի դեկտեմբերին Բրյուսելում ստորագրված ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման վերաբերյալ համաձայնագիրը, և հույս հայտնվեց, որ այն շուտով կվավերացվի և կմտնի ուժի մեջ։
Նույն օրը ԱԳՆ-ում մեկնարկեց ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների 12-րդ լիագումար նիստը, որն իր ելույթով բացեց Է. Նալբանդյանը:
Այնուհետև տեղի ունեցավ աշխատանքային նիստը, որը հայկական կողմից վարում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել