Կարեն Կարապետյան. «Մայրաքաղաքում կանաչապատման աշխատանքները պետք է տեսանելի լինեն»
Մայրաքաղաքում կառուցապատողները պետք է պահպանեն շինհրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ նորմերը, կառուցապատողը պարտավոր է շինարարությանը հարող տարածքում քաղաքացիների համար հարմար ու անվտանգ անցուդարձ ապահովել: Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսպիսի պահանջ է դրել հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում:
Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է խստորեն հետևել այդ նորմերի պահպանման պարտավորության ապահովմանը:
Մայրաքաղաքի փողոցների և մայթերի հարակից տարածքներում աղբահանությունը պատշաճ իրականացնելու նպատակով, բոլոր վարչական շրջաններին հատկացվել է ավելի քան 1900 աղբարկղ:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է մինչ աղբահանության մրցույթի հայտարարելը և համակարգի կառավարումը նոր օպերատորներին հանձնելը, կարգավորել պայմանագրային դաշտը և ապահովել հավաքագրումների ցուցանիշը:
Մայրաքաղաքի կանաչ տարածքների, սիզամարգերի ու լանդշաֆտների խնամքն ապահովելու նպատակով` Կարեն Կարապետյանը հանձնարարել է գույքագրել ոռոգման ցանցի անհրաժեշտություն ունեցող տարածքները և տալ ֆինանսական գնահատական: «Մայրաքաղաքում կանաչապատման աշխատանքները պետք է տեսանելի լինեն»,- նշել է քաղաքապետը:
Հանձնարարվել է նաև լուրջ ուշադրություն դարձնել այգիների և պուրակների կանաչ տարածքների խնամքին:
Երևանի արտաքին տեսքի բարեկարգման շրջանակում, «Երևանջուր», «Երևանգազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին հանձնարարվել է ջրամատակարարման պոմպակայաններում, էլեկտրամատակարարման ենթակայաններում և գազաբաշխիչ կետերում ապահովել սանիտարական պատշաճ վիճակ և բարեկարգել այդ կառույցների տարածքներն ու արտաքին տեսքը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ` խորհրդակցության ընթացքում որպես բնակչությանը հուզող խնդիր` վարչական շրջանների ղեկավարները բարձրացել են հատկապես ամռան ամիսներին ջրամատակարարման գրաֆիկների խախտման հետ կապված հարցը:
Քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել հարցը` ընդգծելով, որ ընկերությունը պետք է բաժանորդների համար ապահովի որակյալ ծառայություն` պահպանելով ջրամատակարարման սահմանված ժամային գրաֆիկները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել