HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավորի զարհուրելի պատմություններից. դիահերձարանում առնետը կերել է հանգուցյալի մատները

Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանին են դիմել 78-ամյա հանգուցյալի հարազատները, ովքեր ականատես են եղել սահմռկեցուցիչ տեսարանի: Այս տարվա հունվարին Գյումրու դիահերձարանին վճարելով դիահերձման համար սահմանված 36 հազար դրամ՝ հանգուցյալի հարազատները ստիպված են եղել մեկ օր դիակը թողնել դիահերձարանում, քանի որ աշխատակիցը ծանրաբեռնված է եղել:

Հաջորդ օրը դիակը հարազատներին հանձնելու ժամանակ պարզվել է, որ առնետները կերել են հանգուցյալի ձեռքի մատները: Այս մասին ԱԺ ամբիոնից պատմեց Հովհաննես Մարգարյանը:

Պատգամավորի ուղարկած հարցումների արդյունքում պարզվել է, որ նման դեպքերը մարզերի դիահերձարաններում սովորական են: Ավելին, քանի որ Գյումրու դիահերձարանը չունի համապատասխան սառնարաններ և կոմունիկացիոն տարրական պայմաններ, դիակները հավաքում են անմխիթար վիճակում գտնվող ավտոտնակում և դրանք «կարտոֆիլի պարկերի նման դնում են բետոնե հատակին, իսկ տեղ չլինելու դեպքում նույնիսկ իրար վրա»:

Պատգամավորը տեղեկություններ ուներ, որ Աշոցքի և Ամասիայի հեռավոր սահմանամերձ գյուղերում դիահերձումն իրականացվում է գյուղերում, ավելին՝ ձմռանը, երբ ճանապարհները փակ են լինում, որոշ համայնքներում դիահերձումն իրականացրել է գյուղապետը:

Իսկ Հրազդանում դիահերձարանը գտնվում է ծննդատան անմիջապես հարևանությամբ, և ծննդկանները ստիպված են պատուհաններին չմոտենալ, որպեսզի զարհուրելի տեսարանի ականատեսը չլինեն և կրկնակի սթրեսի մեջ չընկնեն:

«Մարզերում մասսայական բնույթ կրող այս խայտառակ իրավիճակում էլ ի՞նչ խոսք կարող է լինել մահացածների ներքին օրգանների նկատմամբ իրականացվող վերահսկողության մասին: Չկա ոչ մի երաշխիք, որ դրանք ապօրինաբար չեն կարող վաճառվել: Մեղմ ասած, այս ամենը պատիվ չի բերում պետությանը»,-ասաց Հովհաննես Մարգարյանը և հորդորեց կառավարությանը քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter