Ազգային ժողովի պատգամավորների այսօրվա հայտարարությունները
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյան
Քաղաքական գործընթացներում ամենաանհետաքրքիր բանը ձանձրալի դառնալն է։ Երբ քայլերդ միատեսակ ու միապաղաղ են, շատ շուտ հոգնեցնում ես, ինքնասպառվում։ Իսկ ասելիք չունեցող առանցքի շուրջ, որպես կանոն, համախմբում չի լինում։
Անցած տարիներին այդպիսի սովորական առօրյա դարձան հանրահավաքները՝ գրեթե նույն տեքստային ելույթներով, նույն հռետորաբանությամբ ու պահանջներով։ Վերջին մեկ-երկու ամսում արդեն հասցրին սովորական դառնալ քաղաքական հացադուլները։ Ո՜չ հանրահավաքներով, ո՜չ էլ հացադուլներով հայ հասարակությանն այլևս զարմացնել չես կարող։ Զարմացնել կարող ես, թերևս, միայն հստակ ասելիքով։ Փաստ է, որ ասելիքի ու ծրագրերի բացակայությունը հյուծում է քաղաքական օրգանիզմը, ինչին այսօր մենք ականատես ենք ընդդիմադիր բևեռում։
Վերջին օրերի քաղաքական թոփ թենի առաջին հորիզոնականում ընդդիմության ներկայացրած ստվերային կառավարության կազմն էր։ Հետաքրքիր է, որ «կառավարության» անդամներին ներկայացնում են ոչ թե Րաֆֆու թիմակիցները, այլ մարդիկ, ովքեր նախկինում մի քանի անգամ նման փորձեր արել են։ Եվ այս պարագայում անգամ կարևոր չէ, թե ում ինչ են բաժին հանում։ Կարևորություն են ստանում պարզունակ քայլերը, աթոռակռիվը, ինքնանպատակ, հանուն պաշտոնի իշխանատենչությունը։
Թերևս, այս պարագայում ավելի հասկանալի է դառնում Րաֆֆու հացադուլը, քանի որ այլևս չի կարողանում կառավարել իր կողմից սկիզբ դրված պրոցեսը։ Հացադուլը որոշ իմաստով նաև հուսահատության դրսևորում է, որը, որպես կանոն, կիրառում են ամենածանր պահերին։ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հենց այդ ծանրագույն փուլում է։ Եվ հացադուլին վերջ տալ-չտալու հարցը պետք է լուծվի հենց իր թիմում, թիմ, որտեղ յուրաքանչյուրը որպես առանձին թիմապետ է հանդես գալիս։
Քաղաքական թոփ թենի երկրորդ հորիզոնականում Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության հարցն է։ Ընդդիմադիր բոլոր ուժերը հայտարարեցին, թե ավագանու ընտրություններին գնում են առանձին ցուցակներով։ Փաստ, որը վկայությունն է այն բանի, որ ընդդիմադիր քաղաքական ուժերն անգամ այս հարցում միասնական չեն, դրանց առանցքում անհատներ են կանգնած, ովքեր ամեն գնով տենչում են իշխանության։ Ավագանու տեղերի համար պայքարում ընդդիմադիրներն իրականում պայքարելու են ոչ թե իշխող կուսակցության, այլ միմյանց դեմ։ Նախագահի ընտրություններին չմասնակցած քաղաքական ուժերի թիվ մեկ խնդիրն է ապացուցել, որ իրենք դեռ կան ՀՀ քաղաքական դաշտում։ Իսկ «Ժառանգությունը» պետք է կարողանա ապացուցել, որ իր ստացած տոկոսները պատահականություն չէին։
Նախագահի երեկվա ասուլիսը տվեց հասարակությանը հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ, միաժամանակ այն քաղաքական ազնվության և անկեղծության դրսևորում էր։ Հայտնի է, որ ազնիվ ու անկեղծ կարող է լինել միայն ուժեղը։
Ով՝ ով, գոնե Դուք, պարոն Հովհաննիսյան, պետք է իմանայիք, որ ընդունված չէ մի բան մտածել, երկրորդ բանը հայտարարել հանրահավաքներին, երրորդի շուրջ փորձել բանավիճել, չորրորդը պատմել թիմակիցներին։ Ազնվությունն ու անկեղծությունն ավելի մեծ արժեքներ են։
Առիթից օգտվելով՝ միանում եմ բոլոր հորդորներին և դիմում Րաֆֆի Հովհաննիսյանին խնդրանքով դադարեցնել հացադուլը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը
Հանրապետությունում շարունակվում է հետընտրական լարվածությունը: Սահմանադրական դատարանը անփոփոխ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը: Ավանդույթը չխախտվեց՝ Սահմանադրական դատարանը շարունակում է մնալ գործող իշխանության կամակատարը: Բացահայտ փաստերը, որ մոտ 600 ընտրատեղամասերում, որտեղ ընտրություններին մասնակցել են ընտրողների 75-100տոկոսը և որոնցում 80-100տոկոս ձայն են տվել գործող նախագահին, բարձր դատարանը անտեսեց այն, չնայած իրենք իրենց լիազորության սահմաններում կարող էին անձամբ կազմակերպել այդ տեղամասերում վերահաշվարկը:
Եվ այն երեսպաշտական հայտարարությանը, որ քիչ են անհրաժեշտ բողոք-դիմումները ընտրակեղծիքների մասով, ընդհամենը կհակադարձեմ հետևյալով. թե´ 1996թ-ին, թե´ դրանից հետո, և, մասնավորապես, 2008թ-ի ընտրություններից հետո, բողոք-դիմումներով հեղեղված էին թե´ ԿԸՀ-ն և թե´ Սահմանադրական դատարանը, բայց բարձր դատարանի որոշումը անփոփոխ էր՝ իշխանության թեկնածուն հաղթել է:
Եվ առայժմ հրապարակի վրա է մնացել ընդհամենը քաղաքական մակաբույծներից մեկի կողմից հնչեցրած որակավորումով, որ ընդդիմության ներկայացուցչին ձայն են տվել սեռական փոքրամասնության ներկայացուցիչները, աղանդավորները, հասարակության անգիտակից մասը: Իսկապես, նման իշխանություններից օր առաջ ազատվելը գերխնդիր է դառնում մեր պետության և ժողովրդի համար:
Եթե, իսկապես, պարո´ն Սարգսյան, Դուք գտնում եք, որ ստեղծված այս իրավիճակը հնարավոր է լուծել մերժված առաջարկությունները կրկին անգամ փակ ծրարով հրապարակ հանելու, Րաֆֆիին անպարկեշտ արտահայտությունների մեջ մեղադրելու, ինչպես նաև հացադուլավորին սոված և հիվանդ որակավորելու և նրա հետ զրույցի պատրաստ չլինելու մեջ, ապա վստահորեն կարող եմ ասել, որ Դուք իրապես չեք պատկերացնում, թե ինչ է կատարվում հանրապետությունում և ինչի կարող է հանգեցնել ձեր դիրքորոշումը:
Առավել քան վստահ եմ, որ այս իրավիճակը պետք է հարթել միմիայն համապարփակ քաղաքական օրակարգի առկայությամբ երկխոսության միջոցով, բայց այդ օրակարգը և առաջարկությունները պետք է համարժեք լինեն ստեղծված իրավիճակին և հաղթողը պետք է լինի մեկը՝ պետությունը:
Այս իրավիճակում առանձին հաղթողներ և պարտվողներ չեն կարող լինել, եթե հաղթում են, ապա հաղթում են բոլորը՝ ժողովուրդը, պետությունը, իսկ եթե պարտվում են՝ պարտվում ենք բոլորս, այդ թվում նաեւ թվացյալ կամ պյուռոսյան հաղթանակի կրողը: Րաֆֆի Հովհաննիսյանը և իր կողմանկիցները կողմ են բաց քննարկումներին և երկխոսության միջոցով համապարփակ լուծումներ գտնելուն:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը
Հարգելի Սերժ Սարգսյան,
2013 թվականի փետրվարի 18-ից հետո Հայաստանի ժողովուրդը փորձում է Ձեր հետ խոսել Նոր Հայաստանի լեզվով՝ ջանքեր չխնայելով ամեն օր այդ լեզուն սովորեցնել Ձեզ:
Նոր Հայաստանի լեզուն և լեզվամտածողությունը մերժում են ավազակի, կողոպտիչի, գողի, կեղծարարի բառապաշարը: Նոր Հայաստանի քաղաքացիները, մերժելով և դատապարտելով Ձեր գործունեությունը, որը նախատեսում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներով նախատեսված հանցակազմեր, պատրաստ էր Ազատության հրապարակում լսել Ձեզ Նոր Հայաստանի լեզվով և ներում շնորհել, սակայն Դուք կրկին ձախողվեցիք, չկարողացաք օգտվել նաև անվճար իրավաբանական օգնության կարգով Ձեր համար իմ կողմից պատրաստված դիմումից:
2013 թվականի փետրվարի 18-ին Ձեր կողմից կազմակերպված ժողովրդի քվեի գողությունը հանրահայտ փաստ է, գողացված քվեները պահվում են 1988 պարկերում և գտնվում են Ձեր վերահսկողության տակ, սույն քրեական գործով Ժողովուրդը Ձեզ ներգրավվել է որպես մեղադրյալ: Դուք կարիք ունեք արագ կողմնորոշվելու` խոստովանելու կատարած հանցանքը, հետ վերդարձնելու ժողովրդի քվեն և ներում հայցելու ժողովրդից:
Խուսափելով ուղղակի ընդունել 2013 թվականի փետրվարի 18-ի քվեագողության մեղքը՝ Ժողովրդին զրկումեք Ձեզ ներում շնորհելու հնարավորությունից:
Սակայն հետևելով Ձեր վարքագծին և հայտարարություններին՝ պետք է պարզաբանեմ, որ լուրջ մտահոգվելու սահմանաեզրին եք մոտեցել, որ ձախողում եք ընդհանրապես Ձեր իրավունքների արդյունավետ պաշտպանությունը:
Մեղադրյալի իրավունքները պաշտպանելիս շատ կարևոր է նաև նրա մարդկային կերպարի ներկայացումը, հատկապես երբ պետք է հայցես նրա համար ներում շնորհելը:
Ձեր վարքագիծը և հայտարարությունները ավելի են խորացնում այն համոզմունքը որ մնացել էք «փոքր մարդ», սատանայի մարդ արգելափակված մութ զննդանում և անչափ վախենում էք պատասխանատվությունից
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հայտարարությունը
Ազատության հրապարակում շարունակվում է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը: Ազատության հրապարակը շարունակում է էներգիայի աղբյուր հանդիսանալ Նոր Հայաստանի մասին քննարկումների համար: Դժվար չէ կռահել, որ եթե քաղաքական զարգացումներն այսպիսի ընթացք չստանային, մենք հիմա արդեն մտել էինք մեզ ցավալիորեն բնորոշ դարձած ճահճացման հերթական փուլը.
- երբ քաղաքական ու հասարակական կյանքում ոչինչ չի կատարվում կամ գրեթե ոչինչ չի կատարվում,
- երբ մեռնում են ձգտումները,
- երբ հսկայական ոլորտների համար պատասխանատվություն ստանձնած ղեկավարները «անհետ կորում են» տեսադաշտից՝ համարելով, որ դա է ամենահարմար ձևն իրենց չակերտավոր քաղաքական կամ իշխանական կյանքն երկարաձգելու համար:
Րաֆֆին հետաձգեց անխուսափելի թվացող այդ իրավիճակը: Այսօր դեռ բոլորի մեջ մեռած չեն կայծերը, այսօր դեռ բոլորս ենք փնտրտուքների մեջ՝ ինքներս մեր դեմ կռվի մեջ: Այսօր դեռ համընդհանուր պայքարը հանուն ապագայի չի մարել: Կենտրոնանալ և գործել միայն կրակը մարելու ուղղությամբ ամենահեշտն ու բնազդայինն է, որ կարելի է անել այսօր: Իմ ընկերենրը քաղաքական դաշտի ողջ սպեկտրով են, բոլոր թևերում: Իմ կոչը շատ պարզ է. եկեք մտածենք ուր են տանում մեզնից յուրաքանչյուրի քայլերը: Ունենք ճանապարհ, որն արագացնում է ճահճի մոտենալը: Ունենք ճանապարհ, երբ մեզնից յուրաքանչյուրի քայլերը միտված են ճահճի հեռացման, հնարավորինս հեռու վանմանը: Եվ ունենք ճանապարհ, երբ կարող ենք ուղղակի չորացնել ճահիճը: Մենք ենք ընտրում մեր ճանապարհը:
Իսկ Ազատության հրապարակը շարունակում է էներգիա տալ անփոփոխ, վաղվա դեմ միտված մեր քայլերին: Ու այդ պայքարում ձևն իսկապես էլ կարևոր չէ: Վստահ եմ, որ գալիք համընդհանուր լռության պատկերն անհանգստացնում է շատերին. ժամն է դրա մասին մտածել հենց այսօր, վաղն ուղղակի թմբիրը իր մեջ կկլանի բոլորիս:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը
Մոտենում է մայիսի 5-ը՝ Երևանի քաղքապետի և ավագանու ընտրությունների օրը: Որպես կանոն, Հայաստանի Հանրապետությունում նախընտրկան և հետընտրական զարգացումների շրջանում տարբեր ձևի քննարկումներն են կազմակերպվում, տարբեր միջոցառումներ են ձեռնարկարվում և վերջին ընտրություններից հետո այս զարգացումները հետևությունների տեղիք են տալիս:
Մասնավորապես՝ ուզում եմ անդրադառնալ մեր հասարակության սոցիալական ամենաակտիվ և ամենազարգացող դինամիկ շերտին՝ երիտասարդությանը, կոչ անելով՝ այս բարձր ամբիոնից՝ բոլոր խորհրդարանական ուժերի, երիտասարդական կազմակերպություններին, մասնավորապես՝Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական միավորմանը, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությանը, «Ժառանգություն» կուսակցության երիտասարդական միավորմանը, «Օրինաց երկիր» կուսակցության երիտասարդական միավորմանը:
Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդներին, բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի երիտասարդական ներկայացուցիչներին, ինչպես նաև արտախորհրդարանական ուժերի երիտասարդական կազմակերպություններին, ուսանողական միավորումներին, անհատներին, ովքեր մտածում են, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացներին առավելագույնս պատրաստվելու, իրոք ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու, մեր քաղաքի ընտրությունների բարձր վարկանիշը ապահովելու, միջազգային հանրությունում և հարթակներում բարձր արդյունքներ արձանագրելու նպատակով՝ համախմբվենք, միասնական կարողանանք ցուցակները մաքրել, այն զերծարարությունները, որ տեղի են ունենում ընտրությունների ժամանակահատվածում, կարողանանք միասնական ուժերով չթողնել և արգելելով՝ փաստահավաք խումբ ձևավորել և հետագայում՝ անհրաժեշտության դեպքում, կարողանալ իրավական հարթությունում նաև բողոքարկել արդյունքները:
Ավելին քան համոզված եմ, որ միասնական ուժերով մենք կկարողանանք բոլոր խնդիրները դարձնել մաքսիմալ տեսանելի և հասկանալի թե՝ մեր հասարակության, թե՝ մայրաքաղաքի քաղաքացիների, թե՝ տարբեր միջազգային կազմակերպությունների համար:
Սկսենք Երևանից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել