HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Քաղաքացիական հայց «Ցայգի» դեմ «...առանձնակի դաժանությամբ սպանել էր...» արտահայտության համար

Գյումրու նախկին քաղաքապետի փեսայի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանը հրապարակային ներողություն խնդրելու, պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավին պատճառած վնասի հատուցման պահանջով հունվարի 23-ին հայց էր ներկայացրել «Ցայգ» հեռուստաընկերության դեմ:

Հայցվորին վրդովեցրել էր 2012թ. դեկտեմբերի 27-ին՝ հեռուստաընկերության «Ազդարար» լրատվականի լուրերի թողարկման ընթացքում, հետաձգված դատական նիստին վերաբերող տեսանյութում հնչած հետևյալ արտահայտությունը. «...Հարություն Սարգսյանը Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում առանձնակի դաժանությամբ սպանել էր Գյումրու նախկին քաղաքապետի դստեր նշանած Կարեն Եսայանին...»:

Ըստ հայցվորի՝ իրեն մարդասպան անվանելով, նախ և առաջ խախտվել է ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածը, որի համաձայն՝ «հանցագործության մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Հիշեցնենք, որ աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել 2012թ. ապրիլի 12-ին: Այդ օրը՝ ժամը 15-ին, պիտի տեղի ունենար Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի և Կարեն Եսայանի նշանադրության արարողությունը: Ապրիլի 12-ի առավոտյան Կարեն Եսայանը գնացել էր ավտոլվացման կետից մեքենան վերցնելու և անհետացել էր: Նրան հայտնաբերել էին երեկոյան՝ ժամը 19-ի սահմաններում, Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում՝ սպանված: Սպանության կասկածանքով ձերբակալվել էր Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդին՝ Հարություն Սարգսյանը:

Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել քր. օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով՝ դիտավորյալ սպանություն և 188 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի ձեռնարկատիրություն: Մեղադրանքի ծավալից հետագայում հանվել էր քր. օրենսգրքի 235 հոդվածով մեղադրանքը՝ ապօրինի զենք կրելու, պահելու վերաբերյալ: Այս տարվա հունվարի 15-ից սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում:

Հարություն Սարգսյանը դատարան ներկայացրած քաղաքացիական հայցով պահանջել էր վիրավորանք հասցնելու համար պարտավորեցնել «Ցայգ» հ/ը հրապարակայնորեն ներողություն խնդրել և նրանից հօգուտ իրեն բռնագանձել 100.000 դրամ վիրավորանք հասցնելու համար և 200.000 դրամ զրպարտելու համար:

Հունվարի 25-ին կայացած դատական նիստում դատավոր Գ.Նարինյանը որոշում էր ընդունել հետ վերադարձնել հայցապահանջը: Քանի որ ներկայացվել էր մեկ գույքային և մեկ ոչ գույքային պահանջ, ապա պետտուրք պետք է վճարվեր 10 հազար դրամ՝ 6 հազար դրամ գույքային պահանջով և 4 հազար դրամ ոչ գույքային:

6.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ դատարան ներկայացված պետական տուրքի անդորրագիրը վճարել էր հայցվորի հայրը՝ Սամվել Սարգսյանը, մինչդեռ որպես վճարող պետք է հանդիսանար հայցվորը' Հարություն Սարգսյանը, իսկ ոչ գույքային պահանջով սահմանված 4.000 ՀՀ դրամ պետական տուրքը վճարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց հայցադիմումին կից չէր ներկայացվել:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի' դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն ներկայացվել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր: Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված է հայցադիմումը դատարան կրկին ներկայացնելու հնարավորություն, ըստ որի' հայցադիմումում արած խախտումները վերացվելու և եռօրյա ժամկետում դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը դատարանում ընդունված է համարվում սկզբնական ներկայացնելու օրը:

Հարություն Սարգսյանը հունվարի 29-ին կրկին հայցադիմում էր ներկայացրել, որն այս անգամ ընդունվել էր վարույթ: Փետրվարի 28-ին և մարտի 5-ին նշանակված նախնական դատական նիստերը չէին կայացել՝ կողմերի չներկայանալու պատճառով: Այսօրվա նիստն, ի տարբերություն նախորդների՝ ընթացավ բնականոն հունով, քանի որ թե հայցվոր կողմի, թե պատասխանող կողմի ներկայացուցիչները ներկայացել էին դատարան:

Հայցվոր կողմի փաստաբան Հունան Բաբայանը հայտնեց, որ իրենք ամբողջությամբ պնդում են հայցը: Պատասխանող կողմի ներկայացուցիչ Նարա Մելքոնյանն ի պատասխան նշեց, որ հայցը չի ընդունում և հակված է պնդելու դատարան ներկայացրած առարկությունը:

Նարա Մելքոնյանը նշեց, որ 2012թ. դեկտեմբերի 31-ին www.tsayg.am կայքում ուղղում է դրվել, որում պարզաբանում է տրվել, որ «առանձնակի դաժանությամբ սպանել» ձևակերպումը չի համընկնում «Ցայգ» հ/ը տեսակետներին և կարծիքներին, այլ վերցված է Կարեն Եսայանի ծնողների՝ 2012թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ նախագահին հասցեագրած նամակից:

Դատավոր Նարինյանն երկու կողմերին հաշտության համաձայնագիր կնքելու առաջարկ արեց: Հայցվոր կողմի ներկայացուցիչ Հունան Բաբայանը նշեց, որ իրենք պատրաստ են գնալ զիջումների, եթե հեռուստաընկերությունը եթերով ներողություն խնդրի հայցվորից և հրապարակի հերքում: Պատասխանող կողմը, որպեսզի կարողանար հստակ դիրքորոշում հայտնել, միջնորդեց դատարանին ընդմիջում հայտարարել, որի ընթացքում ինքը հնարավորություն կունենար հայցվոր կողմի առաջարկած պայմանները քննարկել տնօրինության հետ: Ի դեպ, հայցվոր կողմը նկատեց, թե իրենց պահանջած գումարը այս պարագայում էական չէ, իրենց համար կարևորը բարոյական կողմն է:

10 րոպե տևած ընդմիջման ընթացքում կողմերն եկան համաձայնության, և երբ նիստը սկսվեց, պատասխանողը կողմն ասաց, որ պատրաստ է հայցվոր կողմի հետ քննարկել հերքման տեքստի բովանդակությունը և ներողություն հայտնել եթերից: Փաստաբան Հունան Բաբայանը միջնորդեց դատարանին նշանակել ողջամիտ ժամկետ, հերքման տեքստը պատրաստելու համար: Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 25-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter