
Կասկադում երկու նոր քանդակ է տեղադրվել (լուսանկար)
Քանդակներից մեկը՝ գունավոր ապակիներից և պողպատից կառուցածը, դեռ ցուցանակ չունի, բայց այն, տեղադրողների խոսքով, աճուրդի միջոցով գնվել է Մեծ Բրիտանիայից: 2012 թվականին քանդակով հիանալու հնարավորություն ունեին Օլիմպիական խաղերի համար Լոնդոն ժամանած զբոսաշրջիկները, քանի որ այն տեղադրված էր օլիմպիական գյուղում:
Քանդակը տեղադրելուց մի քանի րոպե անց իրանցի զբոսաշրջիկներն առաջինը «բացահայտեցին», որ այն, դեկորատիվ լինելուց բացի, նաև ֆունկցիոնալ նշանակություն ունի. քանդակը ծառայում է որպես հայելի անցորդների համար:
Իսկ ահա մյուս քանդակի մոտ ցուցանակը հասցրել էին տեղադրել: Երկու խոշոր ձիերի հեղինակը բրիտանացի 24-ամյա ինքնուս քանդակագործ Թոմ Հիլն է: Նա իր գլուխգործոցները պատրաստում է ձիերի պայտերից, որոնք մաշվելուց հետո պարզապես դեն են նետում: Իր քանդակները պատրաստելու համար երիտասարդ բրիտանացին օգտագործում է դարբնի սովորական գործիքներ՝ մուրճ, սալ, ինչպես նաև զոդման տեխնիկա:
Ձիու պայտերից քանդակներ պատրաստելու միտքը Թոմը պատահաբար է հղացել: Սկզբում նա պարզապես ցանկանում էր ձիու մոդել պատրաստել և նվիրել ծնողներին: Այնուհետև այնպես տարվեց իր այդ գաղափարով, որ այժմ նրա պորտֆելում կա շուրջ 30 աշխատանք՝ բոլորը ձիու պայտերով պատրաստած: Քանդակները հիմնականում կենդանիների տեսքով են:
Դրանց մեծամասնությունը վաճառվել է և Անգլիայի ու Իռլանդիայի տարածքում է: Գնորդները Թոմի աշխատանքները ձեռք են բերում պուրակները կամ իրենց առանձնատների պարտեզները զարդարելու նպատակով, կամ հոգու խորքում համոզված լինելով, որ այդպիսով հաջողությունը կուղեկցի իրենց, քանի որ, հավատալով ավանդությանը՝ շատերը ձիու պայտ են փակցնում տան շքամուտքի մոտ:
Կասկադում տեղադրված երկու նոր քանդակները, ճիշտ է, առանձնանում են իրենց յուրօրինակությամբ, այնուամենայնիվ, զբոսաշրջիկների և պարզապես հետաքրքրասեր քաղաքացիների ուշադրության կենտրոնում դեռևս շարունակում է մնալ ֆիգուրատիվիզմի ոճի քանդակագործ, նկարիչ, կոլումբիացի Ֆերնանդո Բոտերոյի հայտնի «Ծխող կինը»:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել