HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի եւ Քուվեյթի փոխվարչապետները քննարկեցին երկկողմ համագործակցության զարգացման հարցեր

ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական եւ տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր Էլ Քուվեյթում հանդիպեց  Քուվեյթի Պետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար, միջկառավարական հանձնաժողովի քուվեյթական կողմի համանախագահ  Մուստաֆա Ջասեմ ալ Շամալիի հետ:

Կողմերը քննարկեցին հայ-քուվեյթական առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման հարցեր: Գոհունակությամբ արձանագրելով վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան` զրուցակիցները նկատեցին, որ երկու բարեկամ երկրների միջեւ  փոխգործակցության ընդլայնման համար  անհրաժեշտ բոլոր նախադրյալներն ստեղծված են:

Անդրադառնալով միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը` նրանք 2011թ.  հոկտեմբերին Երեւանում կայացած հանձնաժողովի առաջին նիստի անցկացումը նշանակալի համարեցին երկկողմ հարաբերությունների զարգացման տեսակետից: Երկուստեք արձանագրվեց, որ առաջին նիստից հետո նկատելի ակտիվացել են  տարբեր մակարդակով շփումներն ու փոխայցելությունները: Մասնավորապես, երկու կողմից աշխատանքներ են իրականացվում օդային ուղիղ հաղորդակցության հաստատման ուղղությամբ,  որի վերաբերյալ  համաձայնագիր էր ստորագրվել  միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ: Հանձնաժողովի համանախագահները կարեւորեցին սեղմ ժամկետներում Երեւան-Քուվեյթ օդային կապի հաստատման անհրաժեշտությունը եւ պատրաստակամություն հայտնեցին կառավարությունների մակարդակով աջակցություն ցուցաբերել այդ աշխատանքներին:  

Քննարկվեցին նաեւ «Քուվեյթ» հիմնադրամի կողմից Հայաստանում ենթակառուցվածքների ոլորտում ծրագրերի իրականացման հնարավորությունները: Քուվեյթի փոխվարչապետն իր երկրի կառավարության անունից պատրաստակամություն հայտնեց աջակցել հիմնադրամին` Հայաստանում զարգացման  ծրագրերի ֆինանսավորման հարցում: Ա. Գեւորգյանը Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագրի իրականացմանն աջակցելու առաջարկ ներկայացրեց, ինչը հավանության արժանացավ քուվեյթցի գործընկերոջ կողմից:

Զրուցակիցներն անդրադարձան  նաեւ երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորման  աշխատանքներին: Արձանագրելով,  որ այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են կատարվել, նրանք միաժամանակ ընդգծեցին դրանց  շարունակման անհրաժեշտությունը: Արդեն մշակվել են տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ միջպետական փաստաթղթերի նախագծեր, որոնք նախատեսվում է ստորագրել միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի շրջանակում: Հանձնաժողովի համանախագահները քննարկեցին նաեւ երկրորդ նիստի անցկացման ժամկետներին ու օրակարգին վերաբերող հարցեր:  Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց այն 2013թ. աշնանը կազմակերպելու վերաբերյալ:

Հանդիպմանը փոխվարչապետ Ա. Գեւորգյանը ՀՀ կառավարության անունից նաեւ շնորհակալություն հայտնեց գործընկերոջը`  սիրիահայերին աջակցելու աշխատանքներին օժանդակություն ցուցաբերելու համար: 

Այս մասին հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter