
Քննարկել են Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագիրը
ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական եւ տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանը Քուվեյթի Պետություն աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպեց «Քուվեյթ» հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Համադ ալ Օմարի հետ: Հիմնադրամն ակտիվ գործունեություն է ծավալում Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում` աջակցելով երկրների տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Հիմնադրամի հետաքրքրության շրջանակում են մասնավորապես գյուղատնտեսության, խմելու եւ ոռոգման ջրի համակարգի, տրանսպորտի, էներգետիկայի ոլորտների ենթակառուցվածքների զարգացման հարցերը:
Կողմերը քննարկեցին նշված ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Փոխվարչապետ Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հանրապետությունում ենթակառուցվածքների բարելավմանը, ինչը տարածքների զարգացման անհրաժեշտ նախապայման է:
Զրուցակիցները հատկապես անդրադարձան ջրային ոլորտում փոխգործակցության հնարավորություններին: Փոխվարչապետը նշեց, որ կառավարությունն առաջիկա տարիներին լուրջ աշխատանքներ է նախատեսում իրականացնել ջրամբարաշինության ուղղությամբ: Նա տեղեկություններ ներկայացրեց այդ ոլորտում նախատեսվող ծրագրերի եւ դրանց իրականացման հարցում միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության սկզբունքների վերաբերյալ:
Հիմնադրամի ղեկավարությանը ներկայացվեց Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագիրը: Նշենք, որ նախատեսվում է Մաստարա գետի վրա կառուցել 10,2 մլն խմ ընդհանուր ծավալով, պատվարի 30 մ բարձրությամբ ջրամբար, որը կկուտակի Սելավ Մաստարա գետի եւ Ախուրյանի ջրամբարից մինչեւ Թալինի ոռոգման համակարգի գլխամասային հանգույցն ընկած հատվածում եղած ազատ հոսքը: Ջրամբարի կառուցումը հնարավորություն կտա բարձրացնել տարածաշրջանի վեց համայնքի 4384 հա ոռոգելի հողերի ջրապահովվածությունը:
Հիմնադրամի ներկայացուցիչները նույնպես նշեցին, որ հետաքրքրված են Հայաստանում ենթակառուցվածքների ոլորտում ծրագրերի իրականացմամբ եւ պատրաստակամություն հայտնեցին քննարկել կոնկրետ նախագծեր:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հայկական կողմը մեկ ամսվա ընթացքում հիմնադրամին կներկայացնի Մաստարայի ջրամբարի կառուցման նախագծի փաթեթը, որից հետո հիմնադրամի ներկայացուցիչները կայցելեն Հայաստան` տեղում ծրագրի իրականացման հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով: Նախատեսվում է, որ 2013թ. մայիսին Մաստարայի ջրամբարի կառուցման նախագիծը կներկայացվի հիմնադրամի խորհրդի հաստատմանը:
Այս մասին տեղակացնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Մեկնաբանել