Կոտայքի գյուղատնտեսությունը 565-570 մլն դրամի վնաս է կրել
«Օջախ» Կոտայքի մարզային մամուլի ակումբի հյուրն էր Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Մհեր Եղիազարյանը: Նա անդրադարձավ Կոտայքում գյուղատնտեսական աշխատանքներին և պատասխանեց լրագրողների հարցերին:
- Բնությունն այս տարի իր բարեհաճություններով լուրջ բացասական անակնկալներ պարգևեց գյուղացիական տնտեսություններին, և արդյունքում 750-800 հա այգիներ վնասվեցին: Կարկտահարության, ցրտահարության հետևանքով եղան ծաղկավիժման դեպքեր, և հիմնականում կորիզավոր ծառատեսակները տուժեցին: Նաիրիի տարածաշրջանում 70- 80%-ով վնասվեց սպասելիք բերքը: Մեր կատարած մասնագիտական հաշվումներով` 565-570 մլն դրամի է հասնում կրած վնասը: Քիչ է տուժել Կոտայքի բարձրադիր գոտու և Հրազդանի շրջանը:
Գարնանացանի աշխատանքները նախորդ տարվա համեմատ 1900 հա-ով ավելի են կատարվել: Կառավարությունը մարզին տրամադրել է 101 տ Ռուսաստանից ներկրված սերմնացու, որը բաշխվեց մարզի 28 համայնքին: Անցյալ տարի աշնանը նույնպես կառավարությունը ֆերմերային տնտեսություններին պայմանագրային կարգով տվեց աշնանացան ցորենի սերմնացու, որի միջոցով կատարվեց 114 հա ցանք հիմնականում Հրազդանի տարածաշրջանում:
Այս տարի խոշոր և մանր եղջերավոր կենդանիների 5-7 % աճ է գրանցվել:
- Կոտայքի մարզը ոռոգման ջուր ունի՞:
- Ոռոգման համակարգը սպասարկող հինգ կազմակերպությունների հետ 15 օրը մեկ պարտադիր ունենում ենք հանդիպում մարզպետի խորհրդակցության ժամանակ, և ներկայացվում են ոռոգման համակարգում գոյություն ունեցող դժվարությունները: Շատ խնդիրների լուծում է տրվել: Ջրամատակարարման հետ կապված կարող եմ վստահ ասել, որ խնդիր չունենք: Համակարգը նորմալ իր աշխատանքները իրականացնում է:
- Որքա՞ն բնապահպանական գումար են ստանում Աբովյան, Հրազդան ու Ծաղկաձոր քաղաքները, և ի՞նչ աշխատանքներ են կատարվել:
- Գումարների չափի հետ կապված այս պահին ստույգ չեմ կարող պատասխանել, թվերին ծանոթ եմ, ուղղակի այս պահին չեմ ուզում հնչեցնել, որովհետև կարող է` թերություն լինի:
Բավականին լուրջ աշխատանք կատարվում է այդ ուղղությամբ, և իսկապես կառավարության, բնապահպանության նախարարության լիազոր մարմնի միջոցով ձեր շեշտած քաղաքները, համայնքները օդի աղտոտվածության և մնացած խնդիրների համար փոխհատուցման գումարներ են ստանում:
Նելլի Կարապետյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել