HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովիկ Աբրահամյանն ու Գունար Վիգանդը քննարկել են Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 20-ին ընդունեց Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով Գունար Վիգանդին եւ պատվիրակության անդամներին՝ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի բանակցությունների 12-րդ փուլին մասնակցելու նպատակով Երեւան ժամանելու կապակցությամբ, Հովիկ Աբրահամյանն իր գոհունակությունը հայտնեց, որ ներկա բանակցություններում դրական արդյունք է արձանագրվել: Նա նշեց, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները բավական հագեցած են եւ լավ նախադրյալներ կան համագործակցության օրակարգն առաջ տանելու համար ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մարմինների մակարդակով: ԱԺ նախագահի գնահատմամբ՝ զգալի է առաջընթացը 2010թ. հուլիսից մեկնարկած Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում: Նրա խոսքով՝ այդ առաջընթացը վկայում է ինչպես երկու կողմերի բարձր պատրաստակամության, այնպես էլ հիմնական խնդիրների շուրջ մոտեցումների ու պատկերացումների ընդհանրության մասին: Խորհրդարանի ղեկավարը վստահություն հայտնեց, որ Համաձայնագիրը նոր ուժ եւ որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Անդրադառնալով Ասոցացման համաձայնագրի կարեւոր մաս հանդիսացող Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ դրույթներին՝ ԱԺ նախագահը նշեց, որ այդ կապակցությամբ 2012թ. հունիսից մեկնարկած ՀՀ-ԵՄ բանակցությունները հաջողությամբ են ընթանում եւ հայկական կողմը մտադիր է մինչեւ 2013 թ. Վիլնյուսի գագաթաժողովն ավարտին հասցնել դրանք:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գունար Վիգանդը հիշեց իր, ինչպես նաեւ ԵՄ բարձրաստիճան ղեկավարության նախորդ այցերը Ազգային ժողով, որոնք աներկբա ապացույցն են նրա, որ առկա է քաղաքական կամք՝ ավելի սերտ եւ խորը հարաբերություններ հաստատելու համար: Նա բարձր գնահատեց հայ խորհրդարանականների՝ այս գործընթացին սատարելու պատրաստակամութունը, որի ապացույցն էր նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի Բրյուսել կատարած այցը: «Մենք հաստատակամ ենք ու վստահ եւ կշարունակենք մեր համագործակցությունը՝ շաղախելով այն ավելի ամուր կապերով»,-ասաց բանակցային խմբի ղեկավարը: Ըստ նրա, խոսքը չի գնում ձեւական կամ խորհրդանշական հարաբերությունների մասին, այլ շատ ավելի նյութական փոխգործակցության, որը կօժանդակի Հայաստանի տնտեսական եւ քաղաքական բարեփոխումներին: Ընդ որում՝ խոսքը գնում է ոչ միայն Հայաստանի ստանձնած պարտավորությունների, այլ նաեւ ԵՄ-ի՝ ՀՀ-ի հանդեպ ունեցած պարտավորությունների մասին, ինչը ներառում է նաեւ որոշակի ֆինանսական օժանդակություն: «Գաղափարները, հասկացությունները կարող են ամփոփվել համաձայնագրերի մեջ, սակայն շատ կարեւոր է, որ մենք դրանց հաղորդենք գործնական բովանդակություն»,-նշեց Գունար Վիգանդը: Նրա խոսքով՝ համաձայնագրի ստորագրմամբ գործընթացը ոչ թե ավարտվում, այլ դրանով միայն սկիզբն է հայտարարվում, եւ հետագայում կարեւոր է լինելու բոլոր օղակների, այդ թվում օրենսդիր մարմնի ակտիվ գործունեությունը: Գունար Վիգանդը հույս հայտնեց, որ Համաձայնագրի ստորագրումից հետո Ազգային ժողովը անհապաղ ձեռնամուխ կլինի դրա վավերացմանը: Ըստ նրա՝ ակնկալվում է, որ փաստաթղթի նախաստորագրումը տեղի կունենա 2013 թ. Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ:

Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ ՀՀ ԱԺ-ն հնարավորինս արագ կվավերացնի Համաձայնագիրը: Նրա խոսքով՝ Ազգային ժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը եւ օպերատիվ կերպով իրականացրել եվրոպական չափանիշներին համահունչ օրենսդրական փոփոխություններ, որոնք բխում էին նաեւ ՀՀ ներքին օրակարգից:

Կողմերն անդրադարձան այլ հարցերի եւս: 

Այս մասին հայտնում են ԱԺ մամլո ծառայությունից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter