Կոտայքի մարզպետարանը 1.232.000 դրամ է հատկացնելու 7 մլն դրամանոց ծրագրին
Հարցազրույց Հրազդանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության բաժնի պետ Պետիկ Մարգարյանի հետ:
- Հրազդան քաղաքում գործող և օդն աղտոտող հզոր գործարանները` «Միկա ցեմենտ»-ը, «Հրազ ՋԷԿ»-ը մուծո՞ւմ են բնապահպանական տուրքեր: Եթե մուծում են, ապա ո՞ւր են գնում Հրազդանի բնապահպանական գումարները:
- Հրազդանում գործող ցեմենտի գործարանը և «Հրազ ՋԷԿ»-ը բնապահպանության նախարարությանը տալիս են բնապահպանական տուրքեր: Բնապահպանության նախարարությունը Հրազդան համայնքին 2007թ. հատկացրել է 6.338.000 դրամ, որը ծախսվել է ծառատնկման, գետի հունի և ջրամբարի մաքրման համար:
Նպատակ ունեինք Կաքավաձոր թաղամասում կառուցել պոլիկլինիկա, որի նախագծային աշխատանքների վրա ծախսվեց 529.000 դրամ: Ցավոք սրտի, մեզ գումար չտրամադրեցին ծրագիրը իրականացնելու համար: 2008-2009թթ. բնապահպանական գումարներ չենք ստացել:
2010թ. ներկայացրել ենք մոտ 6.000.000 դրամի ծրագիր, որից մեզ հատկացրել են 1.216.000 դրամ: Այդ 2 հզոր գործարանների բնապահպանական գումարից 50%-ը ստանում է Հրազդան քաղաքը, 50%-ը` Ծաղկաձորը:
Դե, 2011թ գումարի մասին խոսք չկա: Սակայն 2012թ. մենք ծրագիր ենք ներկայացրել 7 մլն դրամի չափով, Կոտայքի մարզպետարանից ստացել ենք պատասխան, որ մեզ տրամադրելու են 1.232.000 դրամ:
- 1990-ական թթ. սեփականաշնորհումից հետո գյուղացիները ստացել են համապատասխան չափով վարելահողեր, որոնք գտնվում են գործարանների անմիջական հարևանությամբ (50-100 մ): Ձեռնարկությունների արտանետած տոքսիկ նյութերը ազդում են հողի, նաև բերքի վրա: Կատարե՞լ եք որևէ փորձաքննություն:
- Մենք համայնքում չունենք լաբորատորիա փորձաքննություն կատարելու համար: Մենք պարբերաբար ինֆորմացիա ենք ստանում մարզպետարանի բնապահպանության բաժնից, բնապահպանության նախարարությունից: Մեզ հետ համագործակցում են մի շարք հասարակական կազմակերպություններ. Հրազդան քաղաքը մշտապես նրանց ուշադրության կենտրոնում է, և կատարվում են շրջակա միջավայրի ուսումնասիրություններ, հետազոտություններ:
Ի՞նչ ազդեցություն կունենա երկաթահանքի շահագործումը Հրազդան քաղաքի վրա:
Դե հիմա հանքը չկա, ի՞նչ ազդեցության մասին է խոսքը, փաստացի ոչինչ չկա, զուտ խոսակցություններ են:
- Հուշարձանների և գերեզմանատների ի՞նչ բարեկարգման աշխատանքներ եք կատարել:
Այս տարվա համայնքի բյուջեով նախատեսված են գերեզմանատների ցանկապատման աշխատանքներ Կոճոռ, Աթարբեկյան, Ջրառատ թաղամասերում:
Նելլի Կարապետյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել