HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Լրագրողական Էքսպեդիցիա դեպի Արցախ

Հարավային Օսիայից, Աբխազիայից, Վրաստանից և ՀՀ-ից մի խումբ լրագրողներ hունիսի 20-23-ին եռօրյա այցով Արցախում էին, որտեղ էլ խմբին միացան տեղացի լրագրողներ: Այցը կազմակերպել էր վրացական GO Group Media-ն «Ինտերնյուս-Հայաստանի» աջակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորել են ֆիննական «Վիկես» և բրիտանական «Հիմնախնդիրների կանխարգելման» հիմնադրամները:

Այս այցելությունը GO Group Media-ի տնօրեն և խմբագիր Մարգարիտա Ախվլեդիանին անվանում է լրագրողական էքսպեդիցիա կամ լրագրողական առաքելություն: Գաղափարն է տարածաշրջանի տարբեր երկրներում բնակվող մարդկանց, ովքեր անտեղյակ են միմյանց խնդիրներից, դժվարություններից, ուրախություններից, հնարավորություն տալ ճանաչել միմյանց: Իսկ դա անելու միակ միջոցն, ըստ տիկին Ախվլեդիանիի, լրատվամիջոցներն են:

«Ըստ իս, շատ ռացիոնալ և պրակտիկ բան է, երբ մի խումբ լրագրողների տարբեր շրջաններից և երկրներից տանում ես մի բնակավայր, որտեղ իրենք երբեք չեն գնա, կամ էլ դեռ չեն եղել ֆինանսական սուղ պայմանների կամ ազգային-էթնիկական պատճառներով, քանի որ իրենց համար դժվար է հաղթահարել այդ խոչընդոտը: Մեզ հաջողվում է պայմանավորվել, բերել լրագրողներին. նրանք տեսնում են իրավիճակը իրենց աչքով, հնարավորություն են ունենում ասելու իրենց կարծիքը, հարցեր տալու»,- նշում է Մ. Ախվլեդիանին:

GO Group Media-ն նման այցելություներ շատ է կազմակերպել, բայց սա առաջին այցելությունն է այս կազմով Արցախ: Սա կազմակերպության թվով ութերորդ այցելություն է և Արցախի ընտրությունը, ինչպես վստահեցնում են կազմակերպիչները, ինքնանպատակ չէ:

«Հիմնական պատճառներից մեկը հեռավորությունն է: Ղարաբաղը թերևս Կովկասի ամենահեռավոր կետն է, որտեղ լրագրողները, բացառությամբ Հայաստանի, գալիս են շատ հազվադեպ: Ես չեմ հիշում, որ վրացական, աբխազական կամ էլ օսական լրատվամիջոցներով կարդացած կամ էլ տեսած լինեմ ինչ-որ նյութ կամ ռեպորտաժ` Ղարաբաղի մասին»,- ասում է զրուցակիցս` հավելելով, որ վերջերս, այսպես կոչված, աշխուժացած հայ-թուրքական հարաբերություններում ակտիվ խոսվում է նաև Ղարաբաղի մասին, քանի որ Ղարաբաղը հիմնական խաղաքարտերից մեկն է:

Մ. Ախվլեդիանին համոզված է, որ ինչպես էլ ընթանա գործընթացը, այն անպայման ազդելու է Ղարաբաղի վրա: Իսկ ազդելով հայ-թուրքական գործընթացի վրա` այն կազդի հայ-ադրբեջանական գործընթացի վրա նույնպես` փոխելով ողջ տարածաշրջանը այս կամ այն ուղղությամբ: Հենց դա էլ պատճառներից մեկն է, թե ինչու հենց Ղարաբաղ ու ինչու հենց հիմա:

Ըստ նախնական պայմանավորվածության` խմբի մեջ պիտի լինեին նաև լրագրողներ Ադրբեջանից, սակայն նրանք վերջին պահին հրաժարվել էին մասնակցելուց:

Այցելության առաջին օրը լրագրողները հանդիպեցին Արցախի հանրային հեռուստառադիոընկերության տնօրինության հետ: Այստեղ հյուրերին ներկայացրին ընկերության պատմությունը, անցած ճանապարհը ու ներկա վիճակը: Լրագրողներն իրենց հերթին հետաքրքրվեցին խոսքի ազատության, տեղեկատվության հասանելիության, ընտրարշավների լուսաբանման և պատերազմական տարիներին կատարված աշխատանքների մասին:

Հանդիպում եղավ նաև ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի հետ: Քննարկվեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլն ու հեռանակարները:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե կա՞ արդյոք մի մոդել, որը հնարավոր կդարձնի հիմնախնդրի լուծումը` Գ.Պետրոսյանն ասաց. «Նախ և առաջ պետք է խոսել և դրա ընթացքում ինչ-որ վստահություն ձեռք բերել միմյանց նկատմամբ: Ատելության մթնոլորտում, թշնամու կերպարի ստեղծման պարագայում անհնար է խոսել, դրա համար էլ բանակցային գործընթացում առաջընթաց չի եղել: Միջնորդները հորդորել են նախագահներին իրենց երկրներում ստեղծել խաղաղության մթնոլորտ, այնինչ ադրբեջանական կողմը ոչինչ չի անում: Արդյունքում լրագողները վախենում են այցելել Արցախ` ելնելով իրենց ապահովությունից և իրենց հասարակության մեջ առկա ճնշումներից»:

Լրագրողների պատվիրակությանը ընդունեց նաև Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Հանդիպման ժամանակ հիմնականում խոսվեց ԱԺ կառուցվածքի, գործելաոճի, պատգամավորական կազմի մասին: Վերջում պրն Ղուլյանն առաջարկեց գնալ ու տեսնել նիստերի դահլիճը, որտեղ և աշխատում են պատգամավորները:

Պաշտոնական մասն այդքանով ավարտվեց, և հաջորդ օրերին լրագրողները հանդիպեցին ոչ պետական կառույցների ներկայացուցիչներին: Այցելեցին Շուշի, Հադրութի և Մարտունու շրջաններ, որտեղ էլ հանդիպեցին Արցախյան պատերազմի ակտիվիստներին, ֆերմերների, շրջանային երիտասարդական դիսկուսիոն ակումբի ներկայացուցիչների:

Այցելության վերջին օրը խումբը եղավ Վանք գյուղում` Գանձասարում, և Դրմբոնի հանքարդյունաբերական կոմբինատում:

Աբխազական «Աբազա» հեռուստաընկերության լրագրող Լևոն Գալստյանը խոստովանում է, որ իսկույն ևեթ համաձայնեց գնալ Արցախ` ոչ միայն լրագրողական հետաքրքրությունից դրդված, այլև որովհետև որպես հայ` միշտ հետաքրքիր էր այցելել պատմական հայրենիքը, տեսնել, թե ինչպես է դասավորվել հետպատերազմյան կյանքն Արցախում:

«Աբխազների և ղարաբաղցիների ճակատագրերի զուգահեռ կա: Նրանք հերոսաբար կռվել են իր ազատության և անկախության համար, և ինձ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես է զարգանում քաղաքացիական հասրակությունը, և այն համեմատել Աբխազիայում տեղի ունեցող գործընթացների հետ»,- ասում է Լևոն Գալստյանը:

Նրա խոսքերով` երբ Աբխազիայի ներքաղաքական կյանքում ինչ-որ բան է արվում, որպես օրինակ բերվում է Լեռնային Ղարաբաղը: Պետական չինովնիկները միշտ ասում են` գնացեք Ղարաբաղ և տեսեք, թե ինչպես են մարդիկ աշխատում, ստեղծում:

«Այցելությունը շատ կարևոր էր ինձ համար, և զգացողություններն էլ դրական են: Ճիշտ է` այստեղ էլ մարդիկ ունեն որոշակի խնդիրներ, բայց ինձ թվում է` այդ ամենը կարելի է հեշտությամբ հաղթահարել, միայն թե լինի ցանկություն և նպատակ, ու գնալ այդ նպատակի ուղղությամբ»:

«Ինտերնյուս-Վրաստանի» Media G նախագծի լրագրող Լիվան Ժորժոլյեն խոստովանում է, որ մինչ Արցախ գալը կարծում էր, թե ամեն ինչ քարուքանդ է, ոչ լույս կա, ոչ ջուր, տները ավերված են: Տեսնելով, որ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը` բոլոր կարծրատիպերը իսկույն անհետացան:

«Ավելի շատ ինձ դուր եկավ Շուշին` իր հին տներով ու կառույցներով: Ինչպես հասկացա, այստեղ լրատվամիջոցները որոշակի խնդիրներ ունեն: Մարդիկ թերթեր շատ քիչ են կարդում, համացանցից նույնպես քիչ են օգտվում, և տեղեկատվության աղբյուրը հեռուստատեսությունն է»,- ասում է լրագրողը:

Լրագրողական առաքելությունը ավարտված է, մնում է սպասել լրագրողների նյութերին, որոնք ևս մեկ անգամ առիթ կտան Կովկասում (և ոչ միայն) խոսել Արցախի և արցախցի հայերի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter