Իրանցիները Հայաստանում պատժվում են հիմնականում թմրամիջոցների ապօրինի իրացման համար
Ազգային ժողովում քննարկվեց 2012թ. նոյեմբերի 12-ին Թեհրանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ դատապարտյալների փոխանցման մասին» համաձայնագիրը: Այն ներկայացնում էր արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը:
Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ շատ կարեւորում է վավերացումը, սակայն փոխնախարարից հետաքրքրվեց, թե ինչ արդյունք են տվել բանակցությունները, եթե այդպիսիք եղել են, ՀՀ այն քաղաքացիների վերադարձելիության հարցը, եթե նրանք Իրանում դատապարտվել են մահապատժի: Պատգամավորը այդ հարցի պատասխանը չէր ստացել նաեւ ԱԺ համապատասխան հանձնաժողովում հարցը քննարկելու ժամանակ:
Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ այս համաձայնագրի առարկան հիմնականում վերաբերում է ազատազրկման ձեւով դատապարտվածներին, այսինքն` պատիժը պետք է լինի միայն ազատազրկում, որպեսզի վերադարձվեն հայրենիք:
«Սկզբունքորեն մահապատժի դատապարտվածները դուրս են մնում համաձայնագրի կիրառման շրջանակներից»,-ասաց Ե. Կիրակոսյանը:
Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ ափսոսում է, որ նորից «ոչինչ չասող» պատասխան է ստանում: Պատգամավորը նշեց, որ այս դեպքը արտառոց է, քանի որ Իրանում պատիժներն ավելի խիստ են, եւ արդյոք Իրանում մահապատժի դատապարտված քաղաքացին կարող է վերադառնալ հայրենիք եւ այստեղ իր պատիժը կրել ցմահ ազատազրկման ձեւով:
Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ իր իմանալով հարցը չի քննարկվել:
Հայկ Բաբուխանյանին էլ հետաքրքրում էր վիճակագրական տվյալներ, թե Իրանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո այնտեղ ՀՀ քանի քաղաքացի է դատապարտված եւ հակառակը` Հայաստանում Իրանի քանի քաղաքացի է դատապարտվել:
Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց սկսած վիճակագրական տվյալներին չի տիրապետում, սակայն այս պահին քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրում է Իրանի 19 քաղաքացի`` չհաշված Իրանի այն քաղաքացիները, որոնց գործերը նախաքննության փուլում են եւ նախնական կալանքի տակ են:
«Վերջին մի քանի տարիների տենդենցը ոչ աճող է, ոչ բան, այսինքն` դատապարտյալների ստատիկ թվաքանակը պահպանվում է, որովհետեւ հիմնական հանցակազմը, որի համար Իրանի քաղաքացիները պատիժ են կրում, թմրամիջոցների ապօրինի իրացումն է»,-ասաց արդարադատության փոխնախարարը:
Իրանին է փոխանցվել մոտ երկու տասնյակ Իրանի քաղաքացի հանդիսացող դատապարտյալ, եւս 7-ը` կփոխանցվի: Ինչ վերաբերում է Իրանում պատիժը կրող ՀՀ քաղաքացիներին, ապա, Եղիշե Կիրակոսյանի տեղեկություններով, այս պահի նման մարդ չկա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել