HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետի հանդիպումները` Քաթարում

Քաթարի Պետություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ փոխվարչապետ, հայ-քաթարական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր Դոհայում հանդիպեց Քաթարի Պետության վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Համադ բին Ջաբեր ալ Թանիի հետ:

Քննարկվեցին  երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման եւ, հատկապես, տնտեսական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր: Հանդիպմանը նշվեց, որ թե հայկական, թե քաթարական կողմը շահագրգռված են հարաբերությունների խորացմամբ:

Զրուցակիցներն անդրադարձան միջկառավարական հանձնաժողովի գործունեության հարցերին, անհրաժեշտ համարեցին այս տարվա ընթացքում հանձնաժողովի առաջին նիստի անցկացումը` նկատելով, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացմանը եւ արդյունավետ փոխգործակցության հիմք կստեղծի:  Քննարկվեցին հանձնաժողովի նիստի անցկացման հնարավորություններն ու ժամկետները: Նշվեց, որ կողմերն արդեն համաձայնեցրել են  տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող շուրջ մեկ տասնյակ միջպետական փաստաթղթեր, որոնց ստորագրումն էապես կնպաստի երկկողմ կապերի  ակտիվացմանը:

Կարեւորվեց նաեւ գործարար շփումների աշխուժացումը, երկու երկրներում կազմակերպվող միջազգային գործարար համաժողովներին, ցուցահանդեսին  գործարարների մասնակցության խրախուսումը: Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կողմերն ընդգծեցին Հայաստանի եւ  Քաթարի միջեւ ուղիղ օդային հաղորդակցության հաստատման անհրաժեշտությունը:

Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց Հայաստանում իրականացվող տարածաշրջանային նշանակության ծրագրերի մասին` նկատելով, որ հատկապես առեւտրատնտեսական ու ներդրումային ոլորտներում առկա է փոխգործակցության մեծ ներուժ: Քաթարի վարչապետը նույնպես ընդգծեց, որ իր երկիրը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու եւ փոխշահավետ ծրագրերի իրականացմանը մասնակցելու հնարավորություններով:

Փոխվարչապետ Ա. Գեւորգյանի մյուս հանդիպումը Քաթարի մունիցիպալ գործերի եւ քաղաքային պլանավորման նախարար Աբդուլռահման բին Խալիֆա ալ Թանիի հետ էր:

Զրուցակիցները քննարկեցին համագործակցության հարցեր` ընդգծելով, որ առկա է փոխգործակցության մեծ ներուժ: Կողմերն առանձնահատուկ նշեցին, որ  միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումն էապես կնպաստի առեւտրատնտեսական կապերի զարգացմանը: Երկուստեք կարեւորվեց  հանձնաժողովի նիստի օրակարգում ոլորտային համագործակցության հարցերի ընդգրկումը:

Անդրադառնալով գործակցության կոնկրետ ուղղություններին` զրուցակիցները հեռանկարային համարեցին գյուղատնտեսության, գյուղմթերքի արտահանման, քաղաքաշինության ոլորտներում համագործակցությունը: Նշվեց, որ քաթարական կողմը ողջունում է շինարարության ոլորտում հայ մասնագետների ներգրավումը` հաշվի առնելով նրանց փորձն ու հմտությունները, ինչպես նաեւ  պատրաստ է ուսումնասիրել հայկական շինանյութի, մասնավորապես, քարի ներկրման հնարավորությունները: Քննարկվեց նաեւ Հայաստանի ոլորտային բուհերում քաթարցի ուսանողների պատրաստման հարցը, պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ հարցի կապակցությամբ քննարկումները հետագայում շարունակել:

Կողմերն առանձնահատուկ կարեւորեցին երկու երկրների միջեւ  ապակենտրոնացված մակարդակով համագործակցության ձեւավորման ուղղությամբ աշխատանքների իրականացումը: Նշվեց, որ արդեն պատրաստ է Երեւանի եւ Դոհայի միջեւ համագործակցության մասին համաձայնագիրը, որն առաջիկայում կներկայացվի կողմերի ստորագրմանը:    

ՀՀ փոխվարչապետ, հայ-քաթարական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր Դոհայում հանդիպումներ ունեցավ քաթարական խոշոր «Hassad Food » եւ «Mawashi» ընկերությունների ներկայացուցիչների հետ: Ընկերությունները լայն գործունեություն են ծավալում գյուղտնտեսության եւ անասնաբուծության ոլորտում` ապահովելով ինչպես տեղական, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրների շուկաների գյուղմթերքի պահանջարկը:

Ընկերության ներկայացուցիչները նշեցին, որ հետաքրքրված են  Հայաստանի հետ համագործակցությամբ:  Նրանք տեղեկություններ ներկայացրին ընկերությունների գործունեության ուղղությունների, ծավալների, աշխարհագրության, ապագա ծրագրերի մասին` հեռանկարային համարելով  նաեւ Հայաստանի հետ փոխգործակցությունը: 

Փոխվարչապետը տեղեկացրեց, որ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացումը  ՀՀ կառավարության  համար կարեւոր գերակայություն է:  Նա ներկայացրեց  ոլորտի զարգացմանն  ուղղված  ծրագրերը, որոնց  իրականացումն առաջիկա տարիներին շարունակվելու է: Փոխվարչապետը  ողջունեց  Հայաստանի հետ համագործակցելու ընկերությունների մտադրությունը  եւ կառավարության անունից աջակցության պատրաստակամություն հայտնեց փոխշահավետ ծրագրերի իրականացման հարցում: Նա մասնավորապես նշեց, որ  հանրապետությունում առկա  են գյուղմթերքի, կենդանի անասունների, թարմ մրգի եւ բանջարեղենի, խմելու ջրի, վերամշակող ձեռնարկությունների արտադրանքի` պահածոների, հյութերի, արտահանման հնարավորություններ:

Ա. Գեւորգյանն ընկերությունների ներկայացուցիչներին առաջարկեց այցելել Հայաստան` փոխգործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու, հնարավոր ուղղությունները հստակեցնելու համար: Նա նշեց, որ հետագա համագործակցության հարցերը կարող են  ընդգրկվել նաեւ  հայ-քաթարական միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգում:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter