HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գիտակների «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոնը Գյումրիում «Ինչ, որտեղ, երբ» խաղի փառատոնի անցկացման հայտ է ներկայացնում

Գյումրիում մոտ 8 ամիս առաջ բացված «Дом русской книги» գրախանութի փոքրիկ սրահում մարտի 10-ին կայացած «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղի առաջին մասնակիցները կանայք են: Վեց մասնակիցներից երեքը խոստովանում են, որ ընդհանրապես փորձառություն չունեն նման խաղի, սակայն, ամեն դեպքում, համարձակվում են անցնել փորձությունն ու տեղ են գրավում սեղանի մոտ:

Խաղն ավարտվում է հանպատրաստից ձեւավորված թիմի հաղթանակով: Կանայք հեռանում են մրցանակային գրքերով եւ գոհ գրանցված արդյունքից: Եվս երկու թիմ ձեւավորվում է տեղում՝ հիմնականում կազմված միայն տղամարդ փորձառու խաղացողներից:

«ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոնի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը նշում է, որ գրախանութի սրահը շաբաթվա մեջ մեկ օր ինտելեկտուալ մրցասպարեզի վերածելը կենտրոնի գաղափարն է եղել:

«Մենք առաջարկեցինք գրախանութի տնօրենին, որ ժամը 18-ից հետո տարածքը որպես գրախանութ փակվելուց հետո բացվի, որպես հետաքրքիր հանդիպումների ակումբ: Պայմանը հետեւյալն էր. գալիս է մարդկանց երկու խումբ՝ մի մասը գալիս է խաղալու, իսկ մյուս մասը գալիս է էդ գրախանութից գիրք ընտրելու,գնելու եւ նվիրելու խաղացողներին՝ որպես մրցանակ: Երեք այդպիսի հանդիպում արդեն եղել է, 3-ն էլ մեծագույն հաջողություն են ունեցել,- ասում է Սեյրան Մարտիրոսյանը,- սա, իմ կարծիքով, ժամանցի հրաշալի մի տեսակ է, որ ցանկացած քաղաքի պատիվ կբերեր եւ ցանկացած քաղաքի վրայից գավառականության պիտակը կհաներ»:

Ինտելեկտուալ, ոչ ֆորմալ շարժումը Գյումրիում սկսվել է 1987 թվականից: Սկզբում այն «Ինչ, որտեղ, երբ» գիտակների ակումբ էր, հետո կոչվեց «Նոյ» ինտելեկտուալ կենտրոն եւ արդեն 2002 թ. գրանցվեց որպես «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն:

«Ինչ, որտեղ, երբ»-ը պարզապես խաղ չէ, սա ավելին է քան խաղը»,- ասում է Սեյրան Մարտիրոսյանը: Նրա համոզմամբ, ինտելեկտուալ այս խաղն ինքն իրենով ֆենոմեն է:

«Ես համարում եմ, որ նյութական ռեսուրս չունեցող ազգի համար սա հնարավորություն է հենց ինտելեկտը վերածելու նյութական ռեսուրսի, դեռ մի բան էլ ավելին: Բայց էս ամբողջը պիտի խրախուսվի դեռ դպրոցական տարիքից, հետո էլ պիտի մշտապես հովանավորվի, մեկենասվի,- նկատում է ինտելեկտուալ կենտրոնի ղեկավարը,- դեռ չի եղել ժամանակ, որ այս ոլորտը ինքնածախսածածկում ապահովի: Մեր բոլոր փառատոնները, Հայաստանի առաջնությունները, որից միայն երկու անգամը մեր կառույցի ջանքերով կայացել է Գյումրիում՝ մի հատ տառապալի, ժամանակ խլող, նյարդացնող, ամեն ինչի մասին մտածելու տրամադրող, բացի հոգեւոր ստեղծագործականի մասին մտածելուց գործընթաց է, որովհետեւ առկա միջոցներ չկան: Դրանք ամեն անգամ պիտի հայթայթես»:

Խորեն Տիգրանյանը Սեյրան Մարտիրոսյանը

Հայաստանում երեք ինտելեկտուալ ակումբներ են գործում՝ գիտակների ասոցիացիան, Երեւանի եւ Գյումրիի գիտակների ակումբները: Նրանցից ամենահինը եւ իր դրսեւորումներով ամենաբազմազանը Գյումրիի գիտակների ակումբն է:

«Ինչպես կասեր ռուսը՝ «ս պռիվետոմ»,- կատակում է ակումբի անդամ Գեւորգ Պետրոսյանը,- բայց, իհարկե, լավ իմաստով»:

«Մենք ունեցել ենք թերթային տարբերակ, հեռուստատեսային, բնականաբար, ակումբային,- խոսքը շարունակում է ակումբի գործադիր տնօրեն Արմեն Պետրոսյանը,- սրանով է պայմանավորված մեր բազմազանությունը: Մրցաշարեր էին կազմակերպվում նույն այդ թերթի տարբերակի ժամանակ, եւ ցանկացած մեկը կարող էր մասնակցել ու հաղթել: Հեռուստատեսային տարբերակն էլ ուներ իր դրական ու ոգեւորող կողմը: Մեր ակումբի որոշ երիտասարդ անդամներ հենց այդ տարբերակներին մասնակցելով են հայտնվել մեզ մոտ»:

Ամեն շաբաթ՝ երեկոյան ժամը 17-ին, գիտակները հավաքվում են ակումբում: Պարապմունքներն ընթանում են անհատական եւ թիմային տարբերակով: Երբեմն-երբեմն կազմակերպում են Մոսկվայում անցկացված հեռուստատեսային խաղերի դիտումներ: Նախաձեռնողը, ինչպես միշտ, Արմեն Պետրոսյանն է:

«Ինչ, որտեղ, երբ»-ը դա կենսակերպ է այն բոլոր մարդկանց համար, ովքեր տարիներ շարունակ խաղում են: Ես համարում եմ, որ կկորցնեի կյանքի համի զգացողությունը, եթե երբեւէ զրկվեի այս խաղին մասնակցելու հնարավորությունից: Դա նույնն է, որ, ասենք, բնության մեջ հանդիպես առյուծի՝ առանց բաշի, ռնգեղջյուրին՝ առանց կոտոշի: Նորմալ երեւույթ չէ… Մի տեսակ աննորմալ բան կա էդ ամենի մեջ: Նույնն էլ պատկերացրեք մեզ հետ է կատարվում,- Արմենը ծիծաղում է,- մենք դրա մեջ եփվում ենք, մենք դրանով ապրում ենք»:

Ակումբի երիտասարդ անդամ Խորեն Տիգրանյանն եւս խոստովանում է, որ սկսել է խաղալ դպրոցական տարիքից ու կյանքն առանց ինտելեկտուալ այս խաղի չի պատկերացնում: «Խաղը դարձել է ինձ համար կենսակերպ, մտածողություն, իմ հետ ամեն տեղ է, անգամ ֆիլմ նայելուց: Ես արդեն մոտավորապես 200 հարց ունեմ ֆիլմերից կազմած»,-խոստովանում է Խորեն Տիգրանյանը:

Ակումբում անցկացվող պարապմունքները հայերեն լեզվով են: Փառատոնների կամ առաջնությունների ժամանակ հայերենն ու ռուսերենը 50/50 հարաբերակցությամբ է հնչում:

«Խաղն առաջացել է շատ կոնկրետ տարածքում, կոնկրետ ժամանակաշրջանում ու այս խաղի լեզուն ի սկզբանե եղել է ռուսերենը՝ ի տարբերություն շատ ու շատ այլ խաղերի,- բացատրում է Սեյրան Մարտիրոսյանը,- առաջին անգամ հեռուսատեսությամբ ցուցադրվել է 1975 թ. սեպտեմբերի 5-ին: Խաղն ավելի շուտ ընտանեկան էր՝ Իվանովներն ընդդեմ Պետրովների, Վասիլկովներն ընդդեմ Խարչենկովների եւ այլն: «Ինչ, որտեղ, երբ»-ը, կարելի է ասել՝ հենց ծնված օրվանից դարձավ բազմահազար հեռուստադիտողների ամենանախընտրած հաղորդումը: Հիմնադիր ու խաղավար Վլադիմիր Վորոշիլովն հետագայում այն անընդհատ կատարելագործելով վերածեց թիմային խաղի՝ իր չերեւացող, խորհրդավոր խաղավարով: Վորոշիլովի մահից հետո խաղավարի աթոռը զբաղեցրեց նրա հոգեզավակը՝ Բորիս Կրյուգը»:

Գյումրեցի գիտակները պնդում են, որ խաղավարից, նրա ձայնից, անգամ արտասանության եղանակից շատ բան է կախված:

«Խաղավարի ձայնը շատ կարեւոր է,- ասում է ակումբի անդամ Համլետ Ղազարյանը,-եթե հմուտ խաղավար է, իրա ձայնի ինտոնացիայով ինքը կարող է իր դրած ստորակետով, վերջակետով ինչ-որ բաներ հուշել, ուղղություն տա, օգնե կամ խանգարե՝ նայած դեպքում: Իսկ եթե անփորձ մարդը գա կարդա, շատ ավելի վատ կստացվի, փորձը շատ կարեւոր է»:

Արդյոք խաղավարների հետ վեճեր լինո՞ւմ են խաղի ընթացքում: Հարցին ի պատասխան՝ Համլետը ժպտում է, նկատելով, որ հեռուստատեսային տարբերակներում է հաճախ հանդիպում դա՝ շոուն ապահովելու նպատակով, եւ շատ ժամանակ այդ կոնֆլիկտները ստեղծվում են արհեստականորեն: Իրականում խաղավարի հետ գրեթե անհամաձայնություններ կամ կոնֆլիկտային վեճեր չեն լինում:

«Սա նման է ավելի շատ հոկեյի խաղի,- շարունակում է Սեյրան Մարտիրոսյանը,- այսինքն՝ դու գնացել ես նայելու խաղը եւ, բնականաբար, մի, երկու կամ ավելի լավ կլիներ՝ երեք խաղակեսը մեկ մի լավ կռիվ դիտելու: Եթե չկա, ուրեմն պիտի ստեղծես»:

Գյումրին այս տարի հռչակվել է ԱՊՀ մշակութային քաղաք: «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոնը հայտ է ներկայացրել «Ինչ, որտեղ, երբ» խաղի փառատոնի անցկացման:

Գեւորգ Թումանյանը Համլետ Ղազարյանը

«Ժամանակին մշտապես առաջարկներ եղել են համապատասխան կառույցներին: Երբ կազմակերպվել է, եկել-մասնակցել են, ասել են՝ մենք չգիտեինք, թե սա ինչքան հետաքրքիր բան է, ասել են ու մինչեւ հաջորդ անգամը մոռացել,- փաստում է Սեյրան Մարտիրոսյանը,- մենք միշտ ուզեցել ենք այդ փառատոնները դարձնել տոն, որ գիտակները ինչքան հնարավոր է տարբեր տեղերից գան, 2-3 օր մնան: Որովհետեւ միայն խաղը չէ, խաղից հետո շփումներն առավել կարեւոր են մարդկային առումով, որի արժեքը շատ ավելի մեծ է, քան բուն խաղը»:

Գիտակները փառատոնի անցկացման առաջակով պատրաստվում են դիմել թե քաղաքային, թե մարզային իշխանություններին: Փառատոն անցկացնելու համար բավականին մեծ գումարներ են հարկավոր:

«Որովհետեւ հարցեր պիտի գնես, եթե ուզում ես լավ հարցային փաթեթ ունենալ, պետք է մրցանակներ գնես լավագույն խաղացողների համար, խաղավար պիտի հրավիրես, ճանապարհածախս, հյուրանոց, եկողներին պիտի ապահովես ամեն ինչով,- ասում է ինտելեկտուալ կենտրոնի ղեկավարը,- մենք արդեն շատ երկար ժամանակ կանք, ունենք մշտական գործընկերներ, շատ լավ բարեկամներ, ունենք ակումբի պատվավոր անդամներ: Սա մի շերտ է, ովքեր կամավոր մուծումներ են կատարում, որի շնորհիվ կարողանում ենք ապահովել մինիմումը: Բայց դրանով, բնականաբար, փառատոն չես անցկացնի. այստեղ ավելի մեծ մասշտաբի աջակցություն է հարկավոր»:

Մինչ համապատասխան կառույցներից իրենց առաջարկի պատասխանը ստանալը, ակումբը շարունակում է ապրել իր բնականոն կյանքով՝ շաբաթօրյա պարապմունքներ, դպրոցական մրցաշարեր, առավել պրոֆեսիոնալ խաղացողների մասնակցությամբ խաղերի անցկացում: Ապրիլի 7-ին կանանց միամսյակի ավարտի կապակցությամբ որոշել են եւս մեկ խաղ անցկացնել կանանց մասնակցությամբ:

«Մեր լավ բարեկամ Օվսաննա Եղոյանը արտերկրից մի մատանի էր բերել ու նվիրել ինձ: Քանի որ մատանին կանացի էր, որոշեցինք, որ այն կլինի ապրիլի 7-ին անցկացվելիք անհատական խաղի գլխավոր մրցանակը»,- ասում է Սեյրան Մարտիրոսյանը:

«Իսկ մենք հույս ունենք, որ այդ օրը կընտրեք նաեւ ինտելեկտուալ հարսնացու մեր Համլետի համար,- կատակում է Գեւորգ Թումանյանը,- արդեն 15 տարի է՝ ուզում ենք ամուսնացնել,  չի ստացվում: Այնպես որ, լավ կլիներ, եթե մրցանակ մատանին ստացողը նաեւ համապատասխաներ հարսնացուի վերաբերյալ Համլետի ունեցած չափորոշիչներին»:

Մեկնաբանություններ (1)

Սեդա
Բարև ձեզ կարող եք ձեզանից հեռախոսահամար տրամադրել ինձ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter