HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Բոլոնյան գործընթացի «բարիերը» դեռ հաղթահարված չէ. մոտ 30 փորձ

Բոլոնյան հռչակագիրը ստորագրած երկրները պարտավորվում են կատարել դրա 6 կետերը, որոնցից մեկը  մասնագիտական կրթության «որակի ապահովումն» է: Հայաստանը Բոլոնյան գործընթացի համատեքստում որպես բարձրագույն կրթության որակի ապահովման մեխանիզմներ,  ընտրել է բուհերի (ինստիտուցիոնալ) և առանձին կրթական ծրագրերի (ծրագրային) միջազգային հավատարմագրումը:

Սակայն առայժմ Բոլոնյան գործընթացի համատեքստում հայաստանյան որևէ բուհ կամ կրթական ծրագիր միջազգային հավատարմագրում չունի, թեև, ինպես նշում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի քաղաքականության մշակումների և իրականացման վարչության ղեկավար Սուսաննա Կարախանյանը, միջազգային հավատարմագրման արդեն մոտ 30 փորձարկում է արվել:

 Տիկին Կարախանյան,  կրթության նախարար Արմեն Աշոտյանն ասել է, որ մինչև 2017թ. ունենալու ենք  միջազգային հավատարմագրում ունեցող առնվազն 5 բուհ: Իրատեսական համարո՞ւմ եք նախարարի այս հայտարարարությունը:

Պետք է նախ հստակ իմանանանք, թե ում ենք դիմում միջազգային հավատարմագրման համար: Գոյություն ունեն միջազգային հավատարմագրում իրականացնող տարբեր կազմակերպություններ: Եվ եթե մի կազմակերպություն գալիս է Հայաստանում հավատարմագրում իրականացնելու, մենք պետք է համոզված լինենք, որ այն իրոք ճանաչված է դրսում: Կարող է Աֆրիկայի մի գյուղի ինչ-որ կազմակերպություն գա և նրա հավատարագրումը առհասարակ ոչ մի տեղ չընդունվի: Մենք ունենք լավ փորձ` Ամերիկյան համալսարանը. իրենց ստուգում է “WASC”-ը (Western Association of Schools and Colleges): Նրանց հավատարմագրման  առաջին փուլն ավարտվեց, որ մոտ 7 տարի տևեց: Բավականին ծանր գործընթաց էր. հիմա երկորրդ փուլում են: Նրանք կիրառում են Ամերիկայի չափանիշներն այստեղ:

Բացի այդ, հավատարմագրման գործընթացի ժամանակ մենք մեր ազգային չափորոշիչները ևս պետք է իմանանք: Երբ ասում ենք, որ որակի ապահովման կետ կա Բոլոնիայի հռչակագրում, դա նշանակում է, որ բոլոր երկրները պետք է ունենան որակի ապահովման թե ներքին, թե արտաքին մեխնիզմներ: Հիմա բոլոր երկրները ստեղծել են իրենց համար այդ մեխանիզմները. կան երկրներ, որ մի քանի գործակալություն ունեն, կան այնպիսիները, որ ինստիտուցիոնալ հավատարմագրում չեն անում, այլ միայն` ծրագրային:  Եվ երբ իրենք գնում են այլ երկրում ստուգում իրականացնելու, կիրառում են իրենց չափորոշիչները: Օրինակ` եթե Ֆրանիսան գա, ստուգի մեզ Հայաստանում, կիրառելու է Ֆրանսիայի բուհի առջև դրված պահանջները: Մի խնդիր է այստեղ առաջանում. որտե՞ղ ենք մենք մեր ազգայինը առաջ քաշում: Ինչպե՞ս անենք, որ մեր ազգային չափորոշիչները ևս պահպանվեն:

Առայսօր մենք միջազգային հավատարմագրման մոտ 30 փորձարկում  ենք արել՝ թե ծրագրային՝ առանձին կրթական ծրագրերի, թե ինստիտուցիոնալ (ամբողջ բուհի): Բուհերը բավականին ակտիվ սկսել են աշխատել, այսինքն` անիվը սկսել է տեղից շարժվել: Գործը լավ առաջ է գնում: Բայց որպեսզի որակի ապահովման գործընթացը  իր առաջին արդյունքը տա, մոտ  տասը տարի ժամանակ է պետք. դա է ցույց տալիս եվրոպական երկրների փորձը:

Այսինքն չե՞նք հասցնի մինչև 2017-ը:

Ծրագրային հավատարմագրում կհացնենք անել: Յուրաքանչյուր երկիր, որը որ ստորագրել է այդ հռչակագիրը, պատասխանատվություն է  իր վրա վերցրել, որ պետք է ստեղծի որակի ապահովման մեխանիզմներ, թե ներքին մեխանիզմներ, որը վերաբերում է բուհի ներսին, թե արտաքին մեխանիզմ, որը պետք է իրականացվի անկախ գործակալության կողմից: Այդ գործակալությունը չպետք է կապված լինի նախարարության, կառավարության հետ. դա պետք է լինի անկախ մարմին: Հիմա այդպիսի մարմին Հայստանում ստեղծվել է: 2008թ. նոյեմբերին ստեղծվել է ՈԱԱԿ (Որակի ապահովման ազգային կենտրոն)՝ ըստ այդ հռչակագրի, և մենք մշակել ենք որակի ապահովման շրջանակ, որը հաստատվել է 2011թ. հունիսի 30-ին: Մեր երկիրը, որպես որակի ապահովման շրջանակ, որդեգրեց երկու գործիք` ինստիտուցիոնալ հավատարմագրում (երբ հավատարմագրվում է ամբողջ բուհը) և ծրագրային (երբ հավատարմագրվում է առանձին կրթական ծրագիրը):  

Անկա՞խ է ձեր կազմակերպությունը, նախարարության հետ կապ չունի՞: 

Այո, անկախ կազմակերպություն է: Հիմնադրամ է, անկախ կազմակերպություն է, և ունի կառավարման խորհուրդ: Մինչև 2014թ որակի ապահովման գործակալությունը պատրաստ կլինի միջազգային ճանաչմանը դիմել, այսինքն` մենք որպես կազմակերպություն մեր հերթին պետք է գնահատվենք, ճանաչվենք դրսի կազմակերպության կողմից Եվրոպայում՝ մասնագիտական կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի կողմից: Դրանից հետո մեր` ՈԱԱԿ-ի և մեր թիմում ընդգրկված միջազգային փորձագետների կողմից հավատարմագրված հայաստանյան բուհերի որակավորումները դրսում ճանաչելի կլինեն: 

Ըստ պետական ռեգիստրի տվյալների` ՈԱԱԿ-ի հիմնադիրը կրթության և գիտության նախարարությունն է, ինչպե՞ս եք անկախ կազմակերպություն:

Այո, կրթության նախարարության հիմնադրած կազմակերպությունն է: Բայց 2009թ., վարչապետի որոշմամբ, նախարարությունից առանձնացվել է և դարձել է անկախ կազմակերպություն: Պարզապես մեր երկիրը, դե գիտեք, կենտրոնացված մոտեցում ունի ամեն ինչի նկատամամբ. որպեսզի ներքևներում ինչ-որ բան իրականացվի, վերևներից պետք է դա ասեն: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիմա մեր կառավարման խորհրդի նախագահն է: Բայց երբ մեր կազմակերպությունը կայանա որպես ուժեղ օղակ, անկախ մամին, մենք բավականին ուժ ձեռք բերենք, վարչապետը կհրաժարվի այդ պաշտոնից: Միայն այդ դեպքում մենք դրսում կընդունվենք, որովհետև եվրոպական չափորոշիչներից մեկն ասում է, որ որակի ապահովման կազմակերպությունը պետք է անկախ լինի նախարարությունից կամ որևէ երրորդ կողմից:

Որևէ կրթական ծրագրի կարողացե՞լ եք մինչ այժմ միջազգային հավատարմագրում տալ:

Ոչ, բայց ներկայումս մենք Նիդերլանդների և Ֆլանդրիայի(Բելգիա) հավատարմագրման կազմակերպության (NVAO` Nederlands-Vlaamse Accreditatieorganisatie) հետ իրականացնում ենք մի ծրագիր, որի շրջանակներում հայաստանյան մի քանի բուհեր անցնում են արտաքին գնահատում, ոչ թե հավատարմագրում: Համատեղ, այսինքն՝ միացյալ ուժերով, միջազգային և տեղացի փորձագետների միջոցով իրականացվող այս ծրագրերը այս պահի դրությամբ Հայաստանի համար ամենից ճիշտ տարբերակն են, երբ միացյալ հավատարմագրում է լինում: Այսինքն` հավատարմագրող թիմում  լինում են և ՈԱԱԿ-ի մասնագետները, և արտասահմանյան փորձագետներ:

 Մենք նման մի այլ փորձ էլ ունենք  Ճարտարագիտական համալսարանում: Դա Tempus-ի ծրագրի շրջանակներում արտաքին գանահատման միացյալ գործընթաց է և իրականցվում է գերմանական կազմակերպության հետ: Այնտեղ գնահատման մեջ են գտնվում երկու մասնագիտական ծրագրեր:

Ինչպե՞ս է դա լինում: Արդեն ոչ թե Գերմանիան գալիս ու իր չափորոշիչներն է դնում, այլ Գերմանիայի այդ կազմակերպությունը ՈԱԱԿ-ի հետ զուգահեռ, ուսումնասիրում է` ինչն է ընդունելի իրենց մոտ, ինչը` այստեղ, որպեսզի արդյունքում երկու երկներում էլ ընդունելի լինի, համաձայնության ենք գալիս, և բուհը սկսում է իր գործընթացը: Դա ամենից ճիշտ մոդելն է, որովհետև այդ դեպքում և ազգային էլեմենտն է մնում, և միջազգայինն է բերվում: Այս պահի դրությամբ` իմ կարծիքով, Հայաստանի համար ամենից ընդունելի մոտեցումը դա է:

Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպության հետ համագործակցության արդյունքում ունենալու ենք ծրագրեր, որոնք միջազգային հավատարմագրո՞ւմ են ստանալու:

 Այս ծրագիրը միջազգային հավատարմագրում չի համարվում, այլ փորձնական արտաքին գնահատում: 

Ի՞նչ է արտաքին գնահատումը. այդ գործընթացը ի՞նչ արդյունք է նախատեսում:

Դա արվում է թե ինստիտուցիոնալ, թե ծրագրային մակարդակում: Եթե, օրինակ, արվում է ծրագրային մակարդակում, ապա արդյունքն այն է, որ վերջում միջազգային փորձագետների հետ միասին եզրակացության ենք գալիս, թե արդյոք տվյալ բուհի կողմից շնորհվող որակավորումները համապատասխանում են շուկայի պահանջին` թե տեղի, թե արտասահմանյան: Արդյո՞ք դրանք վստահելի որակավորումներ են: Կառավարությունը, գործատուն, ուսանողը կարո՞ղ են դրանց վստահել, թե ոչ:

Իսկ ինստիտուցիոնալ արտաքին գնահատումը վերաբերում է բուհի կառավարմանը, թե արդյոք այդ բուհն ունի կառավարման այնպիսի մեխանիզմներ, որ ապահովի կայունությունը, արդյունավետությունը, հաշվետվողականությունը հասարակության առջև և այլն…

 Իսկ ի՞նչ կառույցներ են արտաքին գնահատման գործընթացի ժամանակ բուհերում ստեղծվող որակի ապահովման ստորաբաժանումները: Ի՞նչ են անում:

Իրենք կառույցներ են, որոնք պարզապես համակարգում են որակի ապահովման գործընթացը: Ոչ թե անում են այդ ամբողջ գործը, այլ օգնում են համակարգել այդ գործընթացը, որպեսզի վերջում բուհն ունենա ինքնավերլուծություն` տարեկան կտրվածքով: Այդ ինքնավերլուծությունը վերջում ցույց է տալիս հստակ արդյունքներ, թե որոնք են բուհի` լավ, որոնք են թույլ կողմերը, որտեղ պետք է ավելի շատ ներդրում անել, որպեսզի զարգացումն ավելի լավ ընթանա, այսինքն` խորքային վերլուծություն է կատարվում:

Օբյեկտի՞վ է կատարվում այդ ինքնավերլուծությունը, երբ համակարգողները ներսի մասնագետներն են:   

Հնարավոր չէ, որ օբյեկտիվ չլինի: Եթե օբյեկտիվ չեն անում, դրսի փորձագետները` դրսից եկած հանձնաժողովը, ստուգում են, և իրենք, միևնույն է, դա բացահայտում են:

Իսկ ինչպե՞ս են ստուգում:

Արտաքին փորձգետների թիմը նախ ուսումնասիրում է բուհի փաստաթղթերը, հետո այդ թիմը հինգ օր այցելում է բուհեր. ստուգում է և փատաթղթային հիմքերը, և հանդիպումներ է կազմակերպում դասախոսական անձնակազմի, ուսանողների, բոլոր շահեկիցների հետ: Այդ քննարկումների արդյունքում` փորձագետները կազմում են իրենց եզրակացությունը: Հնարավոր չէ սուտ ասել, սուբյեկտիվ լինել: Յուրաքանչյուր թիմի համար ՈԱԱԿ-ը նշանակում է մեկ համակարգող: Ուզում եմ շեշտել, որ բոլոր փորձագետները հրավիրված են դրսից: ՈԱԱԿ-ը չունի փորձագետներ: Մենք ունենք միջազգային փորձագետների բազա: Էնտեղից մենք ընտրություն ենք կատարում, իսկ մեր մասնագետները պարզապես համակարգում ենք այդ գործընթացը: ԵՊՀ-ի ինքնավերլուծությունը հիմա ընթացքի մեջ է, Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպության  փորձագետները նայում են նրանց ինքնավերլուծությունը, փաստաթղթերը մաս առ մաս, իսկ նրանց այցը բուհ կլինի հունիսին: Փորձագետների թիմում կունենանք մասնագետ նաև ՈԱԱԿ-ից:

Հ.Գ. «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին Մասնագիտական կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) գործադիր խորհրդի կողմից 2009թ. հունիսի 12-ին շնորհվել է նախնական անդամակցության կարգավիճակ: 2011թ.-ից ՈԱԱԿ-ը Որակի ապահովման գործակալություների միջազգային ցանցի (INQAAHE) լիիրավ անդամ է: Սուսաննա Կարախանյանը այս տարի վերընտրվել է INQAAHE խորհրդի անդամ:

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter