HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ինչու՞ են անտեսվել ՀՀ-ի հասցեին հնչեցված հայհոյանքները

ՀՀ քաղաքացի Ժաննա Զաքարյանի եւ Իրանի քաղաքացի Հասսան Դոլաթխահի վեճին արդեն անդրադարձել ենք: Հիշեցնենք, որ անցյալ ամռանը իրանցին, ըստ մեղադրանքի, Հանրապետության հրապարակում ծեծի էր ենթարկել Ժաննային, ինչից հետո փորձել էր դիմել փախուստի, սակայն կինը դիմադրել էր, եւ դեպքի վայր հասած ոստիկանները նրանց բերման էին ենթարկել բաժին:

Ազգությամբ քուրդ Հասսանին մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 117 հոդվածով («Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»): Այժմ գործը քննվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի վարույթում:

Ժաննան այս վեճի մեջ կենտրոնական պահ է համարում մեղադրյալի հնչեցրած հայհոյանքները Հայաստանի հասցեին: Ըստ տուժողի՝ իրանցին, որը իրականում բրոկեր է, անպատվել էր երկիրը. «Ես առանձին կանգած էի, մեկ էլ իրանցին ձեռքով ցույց տվեց մեր կողմը, ասեց՝ դավայ եղեք ստեղից: Ասեցի՝ իմ հետ ե՞ս, բա՝ հա: Ասի՝ դու ո՞վ ես, ինձ ճանաչու՞մ ես կամ ի՞նչ իրավունք ունես իմ հետ էդ ձեւով խոսես: Ասի՝ ես իմ հողի վրա եմ կանգնած, հորդ տունը չի: Հենց ասի՝ իմ հայրենիքի վրա եմ կանգնած, մի այլանդակ հայհոյանք տվեց՝ էսպես անեմ հայրենիքիդ վրա: Ասի՝ կեղտոտ շուն, եկել ես իմ երկրի մեջ ապրում ես, մի հատ էլ քֆուր ես տալի՞ս: Ասեց՝ տո երկիրդ երկիր ա՞, դուք էլ գիտեք, թե մարդ եք, երկիր ունեք, թուրքերը լավ են արել, որ ձեզ մորթել են, պիտի ձեր քոքը կտրեին»:

Այս հայհոյանքների մասին նա եւ վկաներ Կարենն ու Գուրգենը հետաքննիչին տվել են բացատրություններ, հետո՝ նաեւ ցուցմունքներ արդեն քննիչին: Դատախազ Արման Հակոբյանի հաստատած մեղադրական եզրակացության մեջ էլ նշվել է, որ տուժողն ու վկաները ցուցմունք են տվել հայհոյանքների մասին: Իր հերթին Հասսանը պնդել է, որ հենց Ժաննան է հայհոյել իրեն ու վնասվածքներ հասցրել: Դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզվել է, որ Ժաննան ծեծի ու իրանցու կողմից մատները կծելու արդյունքում ստացել է առողջության թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով, իսկ իրանցու պարագայում երեսի ճանկռվածքները չեն պարունակել թեթեւ վնասի հատկանիշներ:

Ժաննային ավելի շատ մտահոգում է հենց հայհոյանքների հանգամանքը, քանի որ նախկին ազատամարտիկը ուզում է պատժված տեսնել օտարերկրացուն հատկապես դրա դիմաց: Սակայն միաժամանակ պատմում է, որ բաժնում հետաքննիչը հորդորել է մի կողմ թողնել հայհոյանքները, այլապես գործը քաղաքական աստառ կստանա: Սակայն դա հետ չի պահել տուժողին:

Այդուհանդերձ, ծեծի ու նաեւ հայհոյանքների մասին բացատրություններ լսած հետաքննիչ Վ. Բայրիկյանը անտեսել է հայհոյանքների հանքամանքը, որոնց մասին ասել են թե տուժողը, թե վկաները, թե մեղադրյալը: Իսկ հայհոյանքներ տալը տեղավորվում է Քր.օր.-ի 258 հոդվածի մեջ («Խուլիգանություն»): Բայրիկյանը իրանցու գործողությունները որակել է «Ծեծ» հոդվածին համապատասխան, սակայն հետագայում քննիչ Է. Այվազյանը կատարվածը բնութագրել է իբրեւ  «դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառել»: Քննիչը նույնպես հաշվի չի առել հայհոյանքների դրվագը եւ այդպես գործը փոխանցել է դատախազին: Դատախազն էլ նույնկերպ մտել է դատարան:

Հարց է ծագում. ինչու՞ է անտեսվել այս կարեւոր դրվագը, որի մասին բոլոր ցուցմունքներում շեշտել են թե տուժողը, թե վկաները: Ինչպե՞ս է եղել, որ արժանահավատ են թվացել նրանց մյուս ասածները, ու ըստ այդմ հերքվել մեղադրյալի խոսքերը, իսկ կոնկրետ հայհոյանքների մասը դուրս է եկել գործից:

Մնում է իսկապես հավատալ, որ իրավապահները պարզապես չեն ցանկացել օտարերկրացու հայհոյանքները ներառել գործի մեջ՝ «ավելորդ գլխացավանքից» զերծ մնալու համար: Սակայն դա բոլորովին էլ չի բխում օրենքի պահանջներից. եթե տեղի է ունեցել խուլիգանություն, առավել եւս նման տիպի, ապա անձը ենթակա է պատասխանատվության՝ անկախ քաղաքական խնդիրներից: Օրենքը վեր է ամեն ինչից…      

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter