
«Դասախոսի համար ամենաթանկը աշխատավարձն ու աշխատանքը չէ». ԵՊՀ դասախոս
Երեւանի պետական համալսարանում կրքերը դեռ չեն հանդարտվում փետրվարի 27-ի հայտնի միջադեպից հետո, երբ ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանը «լեզվակռվի» մեջ մտավ դասադուլի կոչերով հանդես եկող քաղաքացիների հետ: Ռեկտորի օգնականի` «զորքը բեր առաջ, ախալքալաքցիներին բեր առաջ» եւ «ես էլ եմ ձեզ սիրում, հատկապես աղջիկներին» արտահայտությունները դատապարտում են նույն բուհի դասախոսները եւ պահանջում են նրան ենթարկել պատասխանատվության:
ԵՊՀ Կրոնի պատմության եւ տեսության ամբիոնի դասախոս Հովհաննես Հովհաննիսյանը եւս միացել է ավելի վաղ դատապարտող հայտարարությամբ հանդես եկող ԵՊՀ դասախոս Արարատ Միրզոյանի` իրենց լիազորությունները գերազանցած ԵՊՀ որոշ պաշտոնյաների պահվածքը դատապարտող հայտարարությանը եւ նրանց պատժելու պահանջին:
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանի այդ հայտարարությունից հետո ԵՊՀ-ն չերկարացրեց դասախոսի աշխատանքային պայմանագիրը:
Հովհաննես Հովհաննիսյանը առնվազն մտահոգիչ է համարում Արարատ Միրզոյանի հայտարարությունից հետո նրա հետ ԵՊՀ-ի կողմից նոր պայմանագիր չնքելու փաստը եւ առաջարկում է երկու իրադարձությունների միջեւ պատճառահետեւանքային կապը ժխտելու նպատակով վերանայել Ա. Միրզոյանի հետ պայմանագիր չկնքելու վերաբերյալ որոշումը:
Հովհաննես Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ դատապարտում է ուսանողներին իրար դեմ հանելու բոլոր տեսակի գործողությունները:
Ինչ վերաբերում է իր դեմ իրականացվող հնարավոր ճնշումներին, դասախոսն ասաց, թե Ճնշումներ հնարավոր են, սակայն մտավախություն չունի, որ իրեն կհեռացնեն համալսարանից, քանի որ արդեն 10 տարվա աշխատանքային փորձ ունի եւ բազմիցս հանդես է եկել տարբեր հայտարարություններով ու դեռ «փաստորեն աշխատում է»:
«Կարծում եմ, դասախոսները պետք է լինեն ամենաազատ խավերից մեկը եւ ոչ անազատները, որովհետեւ ամենաթանկ բանը, որ մարդ կարող է կորցնել ոչ թե իր աշխատավարձն է կամ աշխատանքը, այլ` հպարտությունն ու ազատությունը: Եվ բոլոր ազատ դասախոսները հնարավոր է միանան այս հայտարարությանը»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
Նշենք, որ դատապարտող հայտարարություններով հանդես են եկել այլ դասախոսներ եւս, իսկ ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի դասախոս Տիգրան Պետրոսյանը, ի պաշտպանություն Արարատ Միրզոյանի, որպես բողոք հրաժարվել է իր մեկ ամսվա աշխատավարձից:
Լուսանկարը՝ Հ. Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել