
Ինչպես է ստորագրվել Սյունիքի արոտավայրերը վարձակալության տալու համաձայնագիրը
«Հետքի» հարցերին պատասխանում է Սյունիքի մարզպետարանի բնապահպանության և գյուղվարչության պետ Սամվել Թանգյանը
- Պարոն Թանգյան, ուզում եմ խոսենք վերջին շրջանում բուռն քննարկվող մի խնդրի մասին, որը ժողովուրդը չընդունեց, և որի դեմ ընդվզման մեծ ալիք բարձրացավ: Խոսքը Սյունիքի մարզի արոտավայրերից երկարատև ժամկետով Իրանի Իսլամական Հանրապետությանը վարձակալության տալու մասին է: Ինչպե՞ս առաջացավ այդ միտքն ընդհանրապես:
- 2012 թվականի հոկտեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնախմբի 11-րդ նիստը: ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, իսկ ԻԻՀ պատվիրակությունը՝ էներգետիկայի նախարար պարոն Մաջիդ Նամջուն: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական հիմնահարցեր:
Գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը նպաստելու նպաատակով՝ իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել համատեղ ներդրումներով ՀՀ-ում հիմնել մանր եղջերավոր կենդանիների բուծման տնտեսություն, ինչպես նաև սպանդանոցներ, իսկ հայկական կողմը համաձայնել է աջակցություն ցուցաբերել այդ աշխատանքներին: Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
Այս տարվա հունվարի 13-ին տեղի ունեցավ մեր պատվիրակության այցը Իրանի Իսլամական Հանրապետություն: Հիմնական նպատակն էր քննարկել տնտեսական բնույթի մի շարք հիմնախնդիրներ: Պատվիրակության կազմում՝ թվով 11, ընդգրկված էին համայնքների ղեկավարներ, գործարարներ, ֆերմերներ:
- Ի՞նչ հարցեր կոնկրետ քննարկվեցին երկու կողմերի միջև: Արդյոք անհրաժե՞շտ էր քննարկել Սյունիքի արոտավայրերը Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատականի նահանգին (Արևելյան Ադրբեջան) վարձակալական հիմունքներով տրամադրելու մասին հարցը:
- Քննարկվել են մի շարք հարցեր: Մեզ հետաքրքրում էին այդ երկրում արտադրվող գյուղտեխնիկայի գները: Մասնավորապես, հացահատիկահավաք կոմբայնի, տրակտորների և անհրաժեշտ գյուղգործիքների: Մենք շահագրգռվածություն հայտնեցինք նաև կաթի գործարանի, ինչպես նաև պտղի մշակման սարքավորումներ ձեռք բերելու ուղղությամբ: Առաջարկեցինք համագործակցության եզրեր գտնել կաշվի և մորթու իրացման հարցերում:
Իրանական կողմից հնչեց առաջարկ՝ Հայաստանի տարածքում մանր եղջերավոր անասունների ֆերմա հիմնադրելու ուղղությամբ:
- Ե՞վ ստորագրվեց համաձայնագիր: Դա նշանակո՞ւմ է, որ հայկական կողմն իր համաձայնությունն է արդեն տվել այդ առաջարկին:
- Այո, ստորագրվեց, բայց ոչ համաձայնագիր: Դա թերևս սխալ թարգմանության արդյունք է: Մենք որևէ հստակ պատասխան չենք տվել պարսկական կողմին: Պայմանավորվեցինք, որ կուսումնասիրենք հարցը:
-Դուք ասացիք, որ ստորագրված փաստաթուղթը համաձայնագիր չէ, ուրեմն ի՞նչ է:
-Արձանագրություն: Մեր բանավոր պայմանավորվածություններն ընդամենը գրանցվել են:
-Հիմա՝ այդ հանդիպումից ամիսներ անց, նկատելի է, որ սյունեցին դեմ է մարզպետարանի այդ քայլին՝ անգամ այդ հարցը քննարկելուն, և տարբեր գնահատականներ է տալիս այդ հանդիպմանը: Դեմ է արտահայտվում ոչ միայն սյունեցին: Համազգային ալիք է բարձրանում դրա դեմ, որովհետև ժողովուրդը գիտակցում է, որ դա կարող է բազմաթիվ վտանգավոր հետևանքներ ունենալ ոչ միայն Սյունիքի համար և ոչ միայն բուսաբանական առումով: Խոսքը ադրբեջանախոսների մուտքը կրկին Հայաստան բացելու մասին է: Հիմա ինչիսի՞ն է մարզպետարանի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ: Դուք ասացիք, որ որոշողը պետք է լինեն համայնքը, ավագանին, ժողովուրդը: Ժողովուրդը որոշել է, իսկ մարզպետարա՞նը:
- Որոշողը միանշանակ ժողովուրդն է: Մենք նրա կամքին հակառակ չենք գործի:
-Այսինքն՝ կարելի՞ է ասել, որ արոտավայրերին վերաբերող այդ կետը կմերժի հայկական կողմը:
-Եթե ժողովուրդը մերժում է, ուրեմն մենք էլ կմերժենք: Մարզպետարանն ընդհանրապես իրավասու չէ առհասարակ ինչ-որ մեկին որևէ արոտավայր տրամադրել վարձակալությամբ՝ առանց համայնքի ղեկավարի և ավագանու որոշման: Մենք մինչև այսօր չունենք այդպիսի որոշում:
-Պարոն Թանգյան, այդ մասին էլի է խոսվել, սակայն մեկ կարծիք էլ կա ժողովրդի մեջ ձևավորված, որ մարզպետարանը ճնշումներ կգործադրի ավագանու անդամների և համայքների ղեկավարների վրա կամ նրանց համար շահավետ առաջարկություններ կանի, և գործընթացը, այնուամենայնիվ, կիրականացվի: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Միանշանակ, ճնշումներ չեն լինի: Եթե համայնքը դեմ է, ժողովուրդը դեմ է, ուրեմն մարզպետարանը կհամաձայնի նրանց հետ:
-Եթե արձանագրության, ինչպես ասացիք, այդ կետը մերժվի, դա կարո՞ղ է անդրադառնալ հանդիպման ընթացքում քննարկված մյուս հարցերի վրա:
-Ոչ, միանշանակ, չի կարող ազդել: Մյուս հարցերը կքննարկվեն հաջորդ հանդիպման ընթացքում:
Սրբուհի Գրիգորյան
Սիսիան
Սամվել Թանգյանի լուսանկարը` aravot.am-ի
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել