
«Վիրավորված» չեխերը գալիս են Երեւան
Երեկ տեղի ունեցան աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի մի շարք հանդիպումներ: Հայաստանի հավաքականը ազատ էր խաղից: Նույն B խմբի թիմերից հանդիպում չանցկացրեց նաեւ խմբի առաջատար Իտալիան: Փոխարենը աշխարհի քառակի չեմպիոնները մարտի 21-ին Ժնեւում ընկերական մրցավեճ անցկացրին Բրազիլիայի ընտրանու հետ: Հնգակի չեմպիոնները խաղի ընթացքում առջեւում էին 2-0 հաշվով, սակայն դե Ռոսսին եւ Բալոտելին հավասարեցրին կշեռքի նժարը, ու խաղն ավարտվեց 2-2 հաշվով:
Երեկ մեր մրցակիցներից բուլղարները սեփական հարկի տակ քարը քարի վրա չթողեցին մալթացիներից՝ նրանց դարպասն ուղարկելով 6 անպատասխան գնդակ: Մալթացիները նույնիսկ չեն կարողացել հարված կատարել դաշտի տերերի դարպասին: Լյուբոսլավ Պենեւի երիտասարդ թիմը շարունակում է իր հաջող ելույթները, եւ երկրորդ տեղի համար պայքարող մյուս հավաքականներին, այդ թվում՝ Հայաստանին, դժվարություններ են սպասվում բաղձալի ուղեգրին հասնելու ճանապարհին:
Երեկ Դանիան, որը մինչ այդ 3 խաղից 2 միավոր ուներ, չեխական Օլոմոուցում 3-0 հաշվով հաղթեց դաշտի տերերին, ինչը մեծ հաշվով անակնկալ էր, քանի որ նույն Դանիայի հարկի տակ այս թիմերը 0-0 էին խաղացել, ու այս անգամ էլ հավասար պայքար էր սպասվում: Վաղը երեկոյան Չեխիայի պատվիրակությունը կժամանի Երեւան: Այս պահին B խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը.
թիմ |
խաղ |
հաղթանակ |
ոչ-ոքի |
պարտություն |
գոլեր |
միավոր |
1.Իտալիա |
4 |
3 |
1 |
0 |
10-4 |
10 |
2.Բուլղարիա |
5 |
2 |
3 |
0 |
10-3 |
9 |
3.Դանիա |
4 |
1 |
2 |
1 |
5-4 |
5 |
4.Չեխիա |
4 |
1 |
2 |
1 |
3-4 |
5 |
5.Հայաստան |
3 |
1 |
0 |
2 |
2-4 |
3 |
6.Մալթա |
4 |
0 |
0 |
4 |
1-12 |
0 |
Հիշեցնենք, որ մարտի 26-ի երեւանյան Հայաստան-Չեխիա խաղից առաջ մեր հավաքականը իր վերջին ստուգատեսում մրցեց երիտասարդական ընտրանու հետ եւ հաղթեց 3-0 հաշվով: Երկու գոլ խփեց Էդգար Մանուչարյանը, մի գոլի հեղիանկ էլ դարձավ Հենրիխ Մխիթարյանը:
Վարդան Մինասյանն այդ խաղում կատարեց մի շարք փորձարկումներ: Խոսքը, մասնավորապես, պաշտպանության մասին է: Վալերի Ալեքսանյանը, որին երկրպագուն սովոր էր տեսնել աջ կամ կենտրոնական պաշտպանի դիրքում, խաղաց ձախ թեւում, ինչը խոսում է այն մասին, որ մարզչական շտաբը օպտիմալ տարբերակ է փնտրում չեխերի հետ խաղում պաշտպանական գիծը կառուցելու համար: Խաղից հետո Մինասյանը ազգային հավաքական հրավիրեց նաեւ երիտասարդականի խաղացողներից փյունիկցի կենտրոնական պաշտպան Տարոն Ոսկանյանին, շիրակցի հարձակվող Դավիթ Հակոբյանին եւ Մոսկվայի «Սպարտակում» հանդես եկող կիսապաշտպան Աղվան Պապիկյանին, որոնք Մ-21 թիմից առավել աչքի ընկած ֆուտբոլիստներն են: Երեկ երեկոյան ՀՖՖ-ն տեղեկացրեց նաեւ, որ գիշերը Երեւան կժամանի Արաս Օզբիլիզը, որը վնասվածք էր ստացել «Կուբանի» կազմում: Փաստորեն, մինչեւ վերջին պահը Հայաստանի ազգային թիմի մեկնարկային կազմը անհայտ կլինի, եթե, իհարկե, նախախաղային ասուլիսում Մինասյանը «չբացի խաղաքարտերը»:
Մարտի 26-ին՝ 20:00-ին, «Հանրապետական» մարզադաշտում հետաքրքիր հանդիպում է սպասվում՝ Հայաստան-Չեխիա: Եթե մեր թիմը միավորներ կորցնի, առավել եւս՝ պարտվի, գործնականում անհնար կդառնա երկրորդ տեղի համար պայքարելը, քանի որ Բուլղարիան բավական առաջ է անցել, իսկ Դանիան, որն այս պահին 5 միավոր ունի, դեռ պիտի երկու անգամ խաղա հետնապահ Մալթայի հետ, այսինքն՝ կարելի է ասել, որ 6 միավոր վաստակելու շատ մեծ հնարավորություն ունի:
Հայաստան-Չեխիա խաղի օրը կկայանան նաեւ Դանիա-Բուլղարիա եւ Մալթա-Իտալիա հանդիպումները:
Լուս.՝ footballcity.am-ի
Մեկնաբանել