Երևանում մաքրվում են ժամանակ առ ժամանակ խրոնիկ աղբավայրերի վերածվող տարածքները
Այսօր և վաղը Երևանում ընթանում են գարնանային շաբաթօրյակներ։ Այսօր քաղաքապետ Տարոն Մարգարյանը շաբաթօրյակին հետևել է տարբեր վարչական շրջաններում, այցելել նաև համալիր սանմաքրման կարիք ունեցող վայրեր, որոնք բնակիչները ժամանակ առ ժամանակ վերածում են աղբավայրերի։
Զեյթուն վարչական շրջանում Տարոն Մարգարյանը հետևել է երկաթգծի և գերեզմանատան հարակից տարածքի մաքրման աշխատանքներին, որոնց ներգրավված անհարժեշտ տեխնիկայով տարածքը մաքրվել է տարիներով կուտակված աղբից, հողային զանգվածից ու քարերից։
Շենգավիթ վարչական շրջանում Կարմիր բլրի հարակից տարածքը ևս մաքրվել է վարչական շրջանի բնակիչների ներգրավմամբ։
«Շաբաթօրյակի շրջանակում նախատեսեցինք նաև ժամանակ առ ժամանակ խրոնիկ աղբավայրերի վերածվող տարածքների մաքրման աշխատանքները, ինչի ընթացքին հետևեցի անձամբ: Այդ մասով ավելի ինտենսիվ աշխատանքներ էին իրականացվում, որի արդյունքը ավելի տեսանելի է: Կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն, որ քաղաքը մաքուր պահելու պարտականությունը ոչ միայն քաղաքային իշխանություններինն է, այլ նաև բնակիչներինը»,- ասել է Տարոն Մարգարյանը։
Նա Արաբկիր վարչական շրջանում այցելել է Մամիկոնյանց 36/8 շենքի բակ, որը ներառված է 2013 թ. բակային տարածքների բարեկարգման ծրագրում։ Ապօրինի ցանկապատերից ու աղբից մաքրվող ծառածածկ տարածքում բարեկարգման աշխատանքները մեկնարկելու են առաջիկա օրերին։ Ի դեպ, բնակիչներն իրենց ձեռքերով են քանդել անխնամ թողնված բոստանային տարածքի ցանկապատերը, որից հետո մասնակցել են այդտեղից կուտակված աղբը տեղափոխելու աշխատանքներին:
Քաղաքապետը հետևել է նաև Դավթաշեն վարչական շրջանի կենտրոնական այգու վերջնամասի մաքրման աշխատանքներին, Ավան վարչական շրջանում՝ Գետառի հունի մաքրմանը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել