
«Ես չեմ ուզում, որ ԵՊՀ-ն վերածվի խամաճիկների թատրոնի». ԵՊՀ դասախոս
Ժաննա Անդրեասյանը սոցիոլոգիական գիտությունների թեկնածու է եւ շուրջ 9 տարի է դասավանդում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում: Նա ևս միացել է փետրվարի 27-ին ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանի կողմից դասադուլի կոչերով հանդես եկող քաղաքացիների նկատմամբ հնչեցված ոչ կոռեկտ արտահայտությունները դատապարտող հայտարարությանը, որն ավելի վաղ տարածել էր ԵՊՀ դասախոս Արարատ Միրզոյանը:
Ժաննա Անդրեասյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ որպես այս երկրի քաղաքացի և նաև մասնագետ, մշտապես հետևել է տեղի ունեցող հասարակական գործընթացներին:
«Երբ սկսվեցին դասադուլի ակցիաները, ես միանշանակ կողմ կամ դեմ չէի դրան այն իմաստով, որ կարծում էի ու հիմա էլ կարծում եմ, որ`
ա. ուսանողները պետք է միշտ գիտակցեն ու իմաստավորեն իրենց իբրև սոցիալական յուրահատուկ խումբ, որը տարբեր ժամանակներում հասարակական զարգացման տեսանկյունից կարևոր դեր է խաղացել, պրոցեսների կրող է եղել,
բ. ցավոք սրտի, կարծում եմ, որ այս դասադուլը շատ նեղացվեց իմաստային առումով կամ շատ քաղաքականացվեց, այնինչ դա կարող էր իրականացվել բոլորովին այլ հիմքի վրա՝ կրթական ոլորտի խնդիրների, այն ամենի, ինչը անմիջական առնչություն ունի ուսանողների հետ, ինչը թե նրանք, թե դասախոսները իրենց մաշկի վրա զգում են ամեն օր կրելով առկա խնդիրների հետևանքները կրթական պրոցեսներում»,-ասում է Ժաննա Անդրեասյանը:
Ըստ դասախոսին`անկախ դասադուլի նկատմամբ իր անձնական վերաբերմունքից, երբ տեղեկացել է, որ ԵՊՀ-ն չի երկարացրել դասախոս Արարատ Միրզոյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը, իրեն վրդովվեցրել է:
Ժաննա Անդրեասյանի ասելով` ինքը լավ գիտի, որ ամեն ինչ կարելի է իրավական տեսանկյունից հիմնավորել, թե Արարատ Միրզոյանը հիմնական դասախոս չէ եւ պայմանագիրը չի երկարացվում, ինչը նաեւ աշխատանքային իրավունքների պաշտպանության դաշտի անվերջանալի բացերի հետևանք է:
«Սակայն` որպես մարդ, որպես գործընկեր, որպես այդ բուհի ներկայացուցիչ, որպիսին ես ինձ համարում եմ՝ լինելով դրա շրջանավարտ և դասավանդելով այնտեղ, չնայած նույնպես որպես ոչ հիմնական դասախոս, ես կարծում եմ, որ սա ուղղակի տարրական սոլիդարության սահմաններում է՝ բարձրաձայնել, որ էսպես չի կարելի: Մեր դեմ խաղ չկա տարբերակով մարդկանց հետ վարվել չի կարելի: Եթե մարդիկ աշխատում են ինչ-որ մի տեղ, ապա նրանք չպետք է զուտ աշխատանքը կորցնելու սպառնալիքի ներքո լռեն նույնիսկ այն դեպքում, երբ այդ լռելը սեփական արժանապատվության խոցման առիթ կարող է լինել: Այսինքն` սա ինչ-որ առումով իմ արժանապատվության հարցն էր: Ես չեմ ուզում, որ ԵՊՀ-ն վերածվի խամաճիկների թատրոնի»,-ավելացրեց ԵՊՀ դասախոսը
Ժաննա Անդրեասյանը վստահ է, որ ակադեմիական ազատությունն ամենամեծ արժեքներից մեկն է, որ մինչ այժմ նպաստել է գիտության ու նաև հասարակության զարգացմանը եւ եթե այդ ակադեմիական ազատությունը հիմքից փորձում ենք արմատախիլ անել, դա վաղը բումերանգով հարվածելու է մեզ:
«Մենք ունենալու ենք ստրկամիտ ու քառակուսի սերունդ, որը ունակ չի լինելու որևէ ինքնուրույն իմաստ արտադրել, գործողություն կատարել, իսկ դա հասարակական կրախի սկիզբն է: Ինչ-որ մարդկանց այսօրվա կարճաժամկետ շահը՝ իրենց ազդեցությունը պահելու տեսանկյունից, երկարաժամկետ առումով մեզ՝ որպես հասարակություն, փակուղու դեմ է տալու»,-ավելացնում է Ժ. Անդրեասյանը:
Դասախոսից հետաքրքրվեցինք, թե մտավախություն չունի՞, որ իրեն էլ կարող են հեռացնել համալսարանից: Ժաննա Անդրեասյանն ասաց, որ չգիտի, թե ինչպիսի հետևանք կարող է ունենալ իր այս քայլը, սակայն պատրաստ է բոլոր հետագա զարգացումներին:
«Ես հիմնական դասախոս չեմ, իմ պայմանագրի ժամկետն էլ է լրանալու շուտով: Բայց կարծում եմ, որ իմ քայլը իմ ակտուալ ու պոտենցիալ ուսանողների համար ոչ պակաս կարևոր դաս կամ խորհուրդ կարող է լինել, քան մեկ կիսամյակ մասնագիտական կարևոր խնդիրներից խոսելը: Ուզում եմ շեշտել, որ անձամբ ծանոթ չեմ ոչ Արարատ Միրզոյանին, ոչ էլ նրան միացած մյուս դասախոսներին»,-ավելացրեց Ժ. Անդրեասյանը:
Նա վստահ չէ, որ շատ դասախոսներ կմիանան այս դատապարտող հայտարարությանը, քանի որ դասախոսներն էլ, ինչ-որ առումով, որպես սոցիալական խումբ, ներկայացուցչական են մեր հասարակության նկատմամբ:
Ըստ նրան` կան իրենց գործին նվիրված ու բանիմաց մարդիկ, կան ծանոթով խցկվածներ, կան նրանք, ովքեր իրենց դասախոսական աշխատանքը որպես ժամանց են ընկալում ուսանողների հաշվին եւ բոլորն էլ տարբեր են:
«Միևնույն ժամանակ, իհարկե, որպես մասնագետ գիտեմ, որ ժամանակակից գործընթացներին բնորոշ են ոչ գծային կապերը. միկրոգործընթացներից կարող են մակրոիրադարձություններ զարգանալ և այլն: Այսինքն` մի ծաղկով գարունը հնարավոր է՝ որպես սցենար: Բայց ինձ կարևոր է ոչ այնքան դա, որքան մթնոլորտի փոփոխությունը: Ես ուզում եմ, որ խնդիրների բարձրաձայնումը՝ որպես վարքագծի ձև, սեփական կարծիք ունենալը և պաշտպանելը դառնան ռեֆերենտային, կարևոր, օրինակելի, հնարավոր ու ընդունելի այլընտրանք լինեն հասարակական գիտակցության մեջ»,-նշեց ԵՊՀ դասախոսը:
Լուսանկարը՝ Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել