HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Դատավոր Նարինե Հովակիմյա՞նն էլ կանտեսի Վճռաբեկ դատարանի նախադեպերը

Վանաձորի դատարանում դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտին է մոտենում Հարթագյուղի բնակիչներ Արմեն, Արթուր, Մացակ Բադալյան եղբայրների խուլիգանության գործով  դատավարությունը,  որն արդեն կողմերի վիճաբանության փուլում է: Բադալյանների դեմ մեղադրանքը պաշտպանում է Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Արարատ Ազիբեկյանը:  Դատարանում Բադալյանների օրինական շահերը ներկայացնող փաստաբաններ Ռուբեն Հակոբյանն ու Արտակ Ոսկանյանը մինչև վերջ էլ համոզված էին,  որ նա հրաժարվելու է մեղադրանքից, բայց փաստաբանների սպասումները, փաստորեն, չիրականացան: Մեղադրողն արդեն հնչեցրել է իր ճառը և, փաստաբանների կարծիքով, իրավաբանության հետ կապ չունեցող հիմնավորումներով միջնորդել մեղավոր ճանաչել Բադալյան եղբայրներին ու պատիժ նշանակել նրանց նկատմամբ: Մինչդեռ փաստաբան Ռուբեն Հակոբյանի խոսքով` Բադալյանների գործը կարող է տեղադրվել ուսումնական դասագրքերում` որպես տիպիկ օրինակ այն դեպքերի, որոնք միանշանակ չպետք է որակվեն խուլիգանություն: «Ես չեմ կարծում, որ  բավականին փորձ ունեցող և տեսական հարուստ պաշարով զինված դատախազը չի ընկալում, որ այս գործով խուլիգանություն չկա:  Լավ էլ պատկերացնում է, ուղղակի չգիտեմ ինչու, կամ անօրինական ցուցումներ են կատարում, կամ էլ ղեկավարվում են ինչ-որ չինովնիկների անձնական ամբիցիաներով»,- ասում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Փաստաբաններ Հակոբյանն ու Ոսկանյանն արձանագրում են, որ նախաքննությունն իրականացվել է Քրեադատավարական օրենսգրքի ակնհայտ կոպիտ, էական և ոչ էական խախտումներով, և անդրադառնում են դրանց: Մասնավորապես` քրեական գործը հարուցվել է Քր.օր.-ի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այնուհետև քննիչը որոշում է կայացրել քրգործը կարճելու մասին` շարունակելով, սակայն, նախաքննությունը: Մինչդեռ գործը կարճելուց հետո այլևս իրավունք չուներ որևէ քննչական կամ դատավարական գործողություն կատարելու: Այնուհետև մեղադրանք է առաջադրել, դատախազն էլ, մեղադրական եզրակացությունը հաստատելով, գործն ուղարկել է դատարան: Գործում առկա են քննիչի կողմից թույլ տրված բազմաթիվ այլ խախտումներ, մասնավորապես` 27.07.2012-ին` ժամը 15.10 րոպեից մինչև 16.00-ն, Սպիտակ քաղաքում հարցաքննել է վկա Արամ Մանուկյանին, այդ նույն ժամանակ` 27.07.2012-ին` ժամը 15.10 րոպեից մինչև 15.30-ը, Հարթագյուղում  հարցաքննել է վկա Վարսիկ Չինարյանին:

«Հնարավոր չէ, որ նույն ժամին քննիչը միաժամանակ գտնվեր և Սպիտակում, և Հարթագյուղում: Սա վկայում է այն մասին, որ քննչական գործողությունների` կոնկրետ վկայի հարցաքննության արձանագրությունները չեն համապատասխանում այն իրական տվյալներին, ինչը պետք է առկա լիներ»,- ասում է փաստաբան Արտակ Ոսկանյանը: Ինչպես դատարանում ցուցմունք են տվել բոլոր վկաները, ոչ թե ծանուցագրերով են հրավիրվել քննիչի մոտ, այլ գյուղ ժամանած ոստիկանության աշխատակիցների կողմից ոստիկանական մեքենաներով տարվել են Սպիտակ կամ Դիլիջան և հարցաքննվել:  Ըստ փաստաբանների` իրենց պաշտպանյալների նկատմամբ մեղադրանքը պնդելու որևէ ապացույց չկա, ավելին՝ մեղադրական կողմի վկայակոչած ապացույցներով հենց հաստատվում է նրանց անմեղությունը:  «Եթե անգամ անտեսենք այդ խախտումները և պայմանականորեն ընդունենք, թե դրանցով ձեռք բերված ապացույցները թույլատրելի են և արժանահավատ, ապա դրանցով ուղղակիորեն հաստատվում է Բադալյան եղբայրներին վերագրվող արարքի` խուլիգանության հանցակազմի բացակայությունը»,- ասում է Ռ. Հակոբյանը:

Որպես մեղադրանքը հիմնավորող ապացույց` մեղադրանքի կողմը բացառապես հիմնվում է 1 վկայի` Գոհարիկ Բաղդասարյանի նախաքննական ցուցմունքների վրա, որոնց միջև, սակայն, կան էական հակասություններ: Առաջին հարցաքննության ժամանակ նա գործի հետ կապված որևէ էական հանգամանք չի հայտնել, ընդամենը նշել է, որ վիճաբանության մասին տեղեկացել է գյուղի խոսակցություններից: Քննիչի հարցին` եթե իրենց տունը գտնվում է դեպքի վայրից 50-60 մ հեռավորության վրա, ինչպես կարող էր չտեսնել դեպքը,  պնդել է, որ չի տեսել:  Երկրորդ հարցաքննության ժամանակ ցուցմունք է տվել, որ իրենց տունը գտնվում է դեպքի վայրից 15 մետր հեռավորության վրա, և իբր ինքն ականատես է եղել վիճաբանությանը: «Այսինքն` քննիչն ինքն է հաստատված համարել, որ Գոհարիկ Բաղդասարյանենց տունը գտնվում է 50-60 մետր հեռավորության վրա, բայց այնուհետև նա ցուցմունք է տվել, որ իրենց տունը գտնվում է դեպքի վայրից 15 մետր հեռավորության վրա: Ավելին՝ քննիչն ինքն է կատարել դեպքի վայրի զննություն, և նրա կատարած զննության սխեմայի համաձայն` ամենամոտ տունը դեպքի վայրից գտնվում է 45 մետր հեռավորության վրա»,- նկատում է փաստաբան Ոսկանյանը:

Վկան այլևս չի հարցաքննվել դատարանում, որովհետև, ըստ դատարանի ներկայացրած ծանուցագրերի, նա բացակայում է իր բնակության վայրից:  «Չգիտենք` բացակայում է Հարթագյուղ համայնքից, թե ՀՀ-ից: Եթե ՀՀ-ից չի բացակայում, հնարավոր է պահանջել նրա ներկայությունը դատարանում»,- ասում է փաստաբանը: Պաշտպանական կողմը համոզված էր, որ այդ վկայի ցուցմունքին մեղադրանքի կողմն ընդհանրապես  չի անդրադառնա, քանի որ դրանով խախտվում է արդար դատաքննության իրավունքը: Բայց այժմ դատախազի կողմից նրա ցուցմունքը վկայակոչելուց հետո պաշտպանական կողմը պատրաստվում է միջնորդել հենց այդ հիմքով վերսկսելու դատաքննությունը` Գոհարիկ Բաղդասարյանին դատակոչելու և դատարանում հարցաքննելու, ինչպես նաև սպառնալիքների և խոշտանգումների արդյունքում նրանից ցուցմունքներ կորզելու և այլ հանգամանքների պարզաբանման համար:

Մեղադրանքի կողմն անտեսել է Վճռաբեկ դատարանի որոշումները

Մեղադրանքը փորձում են հիմնավորել այդ միակ ցուցմունքով, ինչն ընդհանրապես չի կարող օգտագործվել որպես ապացույց: Այս հարցում մեղադրանքի կողմն անտեսել է Քր. դատ.օր.-ի պահանջներն ու Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը, ըստ որի, դատարանն անթույլատրելի է համարել այն դեպքերը, երբ պաշտպանական կողմը չի կարողացել հարցաքննել իր դեմ ցուցմունք տվող վկային դատավարության որևէ փուլում: Եվ եթե այդ ցուցմունքն էական նշանակություն ունի մեղադրանքը հիմնավորելու առումով, ապա, որպես ապացույց, անձին դատապարտելիս հանգեցնում է արդար դատաքննության իրավունքի խախտման: Նախաքննական մարմինն ու մեղադրանքի կողմն ամբողջովին անտեսել են նաև այս գործի փաստական հանգամանքների հետ գրեթե նույնական Վճռաբեկ դատարանի մի շարք այլ որոշումներ, որոնք պարտադիր են իրավապահ մարմինների համար:  

Մասնավորապես` 2012 թվականի մարտի 30-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել, որ խուլիգանության հանցակազմի առկայությունը փաստելու համար անհրաժեշտ է պարզել` արդյո՞ք անձի դիտավորությունը կոնկրետ միտված է եղել հասարակական կարգը խախտելուն: Եթե վիճաբանության հիմքում ընկած են կողմերի միջև անբարյացակամ հարաբերությունները, կամ վիճաբանության առիթը կենցաղային է, ապա նշված դեպքերում բացակայում է խուլիգանության հանցակազմը: Իսկ Բադալյանների դեպքում, ըստ փաստաբանների, կենցաղային հարցի շուրջ թեթևակի վեճ է եղել, որը շատ արագ հարթվել է` առանց հետևանքների, մինչդեռ մեղադրողն այն որակում է խուլիգանություն: Բադալյանների գործով նախաքննական մարմինը նախ պետք է հաստատված համարեր եղբայրների կողմից սեռական հայհոյանքներ հնչեցնելու հանգամանքը, ապա միայն անդրադառնար` արդյոք խուլիգանական գործողությունների կատարումը` հասարակական կարգի խախտումը, նրանց նպատա՞կն է եղել, թե՞ դա պայմանվորված է եղել տուժողի հետ նրանց անբարյացակամ հարաբերություններով:

Նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ տուժողի հետ Բադալյան եղբայրներն ունեցել են անբարյացակամ հարաբերություններ, այսինքն` կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանություն է եղել: Բացի այդ՝ գործում չկա որևէ ապացույց, որ Բադալյան եղբայրներից որևէ մեկը սեռական բնույթի հայհոյանք է տվել: Դարձյալ խուլիգանության գործով  2012 թվականի օգոստոսի 24-ին Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել, որ եթե հանցագործությունը կատարվում է մի քանի անձանց կողմից, ապա նախաքննական մարմինը պարտավոր է մեղադրանքի ձևակերպման մեջ կոնկրետ նշել հանցակիցներից յուրաքանչյուրի գործողությունները, որպեսզի բացառվի խմբակային մեղադրանքը: Այսինքն` մեղադրանքը պետք է անհատականացվի յուրաքանչյուր հանցակցի մասով: Բադալյանների գործով, սկսած նախաքննությունից, պաշտպանական կողմը փորձում է ճշտել մեղադրանքի կողմից, թե եղբայրներից յուրաքանչյուրն ինչ գործողություն է կատարել որպես հանցակից` հայհոյանք է, տվել, բռնություն է կիրառել, բայց այս հարցերը մնում են անպատասխան, որովհետև, ըստ փաստաբանների, նման փաստ ընդհանրապես չկա գործում:

Դատաքննության ընթացքում դատավոր Նարինե Հովակիմյանը, փաստաբաններ Հակոբյանի և Ոսկանյանի գնահատմամբ, գործել է քրեադատավարական օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում` պահպանելով կողմերի իրավահավասարության և դատավարական մրցակցության սկզբունքները:

Փաստաբանները հույս ունեն, որ դատավարության ելքն էլ օբյեկտիվ կլինի, և ակնկալում են, որ դատարանն ամեն դեպքում մեղադրանքի կողմի նման Վճռաբեկ դատարանի` պարտադիր կատարման ենթակա որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներից: «Դատարանի կողմից օբյեկտիվ չգտնվելու նախադրյալ դեռևս չենք տեսել: Հույս ունենք, որ դատարանն ամեն դեպքում մեղադրանքի կողմի թակարդը չի ընկնի»,- ասում են փաստաբաններ Ռուբեն Հակոբյանն ու Արտակ Ոսկանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter