
Գոմեշի մսի գործով բարձրաստիճան զինվորական է ձերբակալվել
Գլխավոր դատախազությունը քիչ առաջ տարածել է հետեւյալ հաղորդագրությունը:
ՀՀ զինված ուժերին գոմեշի մսի մատակարարման փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնում հարուցված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, որը առաջացրել է ծանր հետևանքներ), այսօր ձերբակալվել է N զորամիավորման պարենային ծառայության պետը (կոչումով փոխգնդապետ):
Մինչ այդ` 29.08.2012 թ., ձերբակալվել, այնուհետև, ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի (առանձնապես խոշոր չափերի խարդախություն) մեղադրանքով կալանավորվել է «Ա. Օհանջանյան» ՍՊԸ տնօրենը:
Դեռևս 21.02.2013 թ. և 22.02.2013 թ. ձերբակալվել, անուհետև կալանավորվել են, համապատասխանաբար, N զորամասի հրամանատարը (կոչումով փոխգնդապետ) և նրա նյութատեխնիկական գծով տեղակալը (կոչումով մայոր): Միաժամանակ, նույն քրեական գործով, որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին է ընտրվել և մեղադրանք է առաջադրվել նաև նույն զորամասի պահեստարանի պետին:
Վստահեցնում ենք, որ ՀՀ զինվորական դատախազությունը, ՀՀ ՊՆ քննչական ծառայության և այլ համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ, ինչպես նաև հասարակության աջակցությամբ, շարունակելու են հանցագործությունների կանխարգելման, բացահայտման և հանցագործություն կատարած յուրաքանչյուր անձի համարժեք քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ իրականացվող գործընթացը:
Մեկնաբանել