HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Միրոն

«Վերջում` 88 թվին, անհանգստություններ նկատեցի նրա մոտ: Ես ինքս կանչել եմ իմ սենյակ եւ ասել եմ, որ ուսումդ շարունակիր: Բայց ինքը մշեցի էր, երեւի թե արյան մեջ կար անպայման զենքով կռվել: Նա չպատասխանեց, աչքերով հուշեց, որ Դուք իզուր եք ինձ համոզելու: Նրա դիմախաղից զգացի, որ արդեն որոշել է: Մյասնիկը չուզեց փախչել, չուզեց գրքին կառչել, երբ գերազանց ուսանող էր, այլ զենքը վերցրեց»,- Արցախյան պատերազմի ազատամարտիկ Միրոյի մասին ասում է նրա դասախոսը` Ագրարային համալսարանի մորֆոլոգիայի եւ ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռազմիկ Մխիթարյանը:

Երբ սկսվեց ազատագրական պատերազմը, Մյասնիկ Գասպարյանը` Միրոն, կիսատ թողեց ուսումը եւ անդամագրվեց «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատին: 1990 թ. Հառիճավանքում նա ասաց. «Երդվում եմ կռվել մինչեւ հաղթանակ»: Նա կռվել է Ոսկեպարում, Նոյեմբերյանում, Գորիսում, Մեղրիում, Երասխում, Ճամբարակում, Լաչինում, Ստեփանակերտում, Շուշիում եւ այլն: Լիճք գյուղի մատույցներում ընկերների հետ ոչնչացրել է թշնամու 12 տանկ եւ գերեվարել երկուսը: Արժանացել է լեյտենանտի կոչման:

Մյասնիկ Գասպարյանը ծնվել է 1970 թ. Լեռնակերտ գյուղում, նույն տարում ընտանիքով տեղափոխվել Արթիկ: Գերազանցությամբ ավարտել է Արթիկի N4 միջնակարգ դպրոցը: 1988-89 թթ. ծառայել է խորհրդային բանակում, հետո ուսումը շարունակել Երեւանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտում: Միրոն ընտանիքի չորս եղբայրներից ամենամեծն էր:

Երկու տարի առաջ դասախոս Ռազմիկ Մխիթարյանին են այցելել Միրոյի մայրն ու եղբայրը: Երբ նրանց տեսել է, դասախոսը մտածել էª նրանք կպատմեն, թե ինչպես է Մյասնիկն ամուսնացել, երեխաներ ունեցել: Բայց մայրն ասել է, որ Մյասնիկը զոհվել է:

«Ես ինքս կարկամեցի եւ չկարողացա ոչինչ ասել: Իրենց գնալուց հետո ես լաց եղա ոչ միայն իր համար, այլ որ ինչքան ջահել, ինչքան սերուցք կորցրինք: Իմ քրոջ տղան էլ էր ֆիդայի, կամավոր գնացել էր Ղարաբաղ, թուրքերը նրան բռնել էին եւ 32 ատամը պլասկագուպցիով առանձին քաշել էին: Իմ առաջ, Մյասնիկից բացի, արդեն եկան նաեւ այն մյուս տղաները, որոնց ճանաչել եմ»,- ասում է Ռազմիկ Մխիթարյանը` հավելելով, որ Ագրարային համալսարանից պատերազմին  շատ ազատամարտիկներ են մասնակցել, նրանցից 28-ը զոհվել է: Նախատեսվում է նրանց հիշատակին համալսարանի բակում խաչքար կանգնեցնել:

Դասախոսը Մյասնիկին հիշում է որպես գրքասեր ու համեստ: Նա Մյասնիկին վստահել է անգամ իր աշխատասենյակը, որ մենակ մտնի այնտեղ եւ վերցնի պետք եկած գիրքը:

Միրոյի համակուրսեցի, մորֆոլոգիայի եւ ֆիզիոլոգիայի ամբիոնի առաջին կարգի մասնագետ Աստղիկ Ադամյանն ասում է, որ Միրոն կռվի դաշտից դասերին գալիս էր շատ հոգնած, արագ իմանում էր, թե իր բացակայության ժամանակ ինչ են սովորել դասընկերները, գերազանց հանձնում քննություններն ու ստուգարքները եւ նորից գնում կռվի դաշտ: «Եվ էնտեղ էր պարտքը տալիս, եւ գալիս էր, էստեղ էր պարտքը տալիս»,- ասում է Աստղիկը:

Երբեք առիթ չի եղել, որ որեւէ դասախոս Մյասնիկին զիջի որեւէ գնահատականում` ընդառաջելով, որ նա ազատամարտիկ է: Մյասնիկը դրա կարիքը չուներ:

«Երբ հարցնում էինք` Մյասնիկ, ինչ ես անում էնտեղ, ոնց է կռիվը, պատմիր մի քիչ դիրքերից, միշտ ասում էր` դուք ձեր գործն արեք էստեղ, ես էնտեղ կպահեմ, մենք մեր գործն էնտեղ անում ենք: Մենք էլ էստեղ մեր գործն էինք անում»,- պատմում է Աստղիկ Ադամյանը: Կուրսեցիները հասկանում էին Միրոյի ասածները. «այստեղ նրանց գործը» ալյուրի տոպրակների մեջ նռնակներ, փամփուշտներ դնելը, փաթեթավորելը եւ Արցախ ուղարկելն էր:

«90 թվականից էլ հազարից մեկ էր գալիս տուն: Ռազմական ոստիկանությունում էի ծառայում: Եկավ մոտներս, ըսավ` Արտյոմ, շատերը չեն պատկերացնում, թե էնտեղ ինչ կկատարվի: Մայրս կսըե` «արի տղա ջան, նստի կողքերս»: Կըսե` «էդքան բանը նայողը երբեք չի գա նստի, Արտյոմ ջան»: Ու էդպես էդ հոգին ինձ էլ տվավ ու եղբայրս գնաց: Մորն էլ անտեսեց, գնաց հայրենի հողը պաշտպանելու»,- նշում է Մյասնիկի եղբայրը` Արտյոմ Գասպարյանը, ով եւս մասնակցել է պատերազմին: Նա ասում է, որ Մյասնիկը վերջին անգամ 1992 թ. մայիսին է Արթիկ եկել:

Միրոն հաճախ էր այլ ազատամարտիկների հետ հետախուզության գնում: 1992 թ. նոյեմբերի 16-ին նա Ճարտար գյուղի մոտ եւս 7 ազատամարտիկի հետ գիշերն ընկնում է թշնամու շրջափակման մեջ: Ազատամարտիկները կռվում են մինչեւ վերջին փամփուշտը, իսկ վերջում, որպեսզի գերի չընկնեն, 22-ամյա Միրոն նախընտրում է զոհվել` պայթեցնելով վերջին նռնակը եւ ոչնչացնելով նաեւ մի քանի թշնամու:

«Բայց 30-ին նոր կբերեն, որովհետեւ դիակը փոխանակում կենեն: Ու նույնիսկ հարցեր կան, որ նռնակը քաշելուց հետո կենդանի կմնա. նույնիսկ թուրքերը կխփեն Մյասնիկիս, նոր կուտան. գիտեն, թե Մյասնիկի նման տղեն ով է: Ինչքան կամքի ուժ պիտի ունենաս, որ դու նռնակ քաշես, թուրքին էլ հետդ տանիս: Էդպես տղերք որ չեղնեին, մենք հաղթանակը չէինք ունենա»,- ասում է Արտյոմը:

Նա պահում է այն բանաստեղծությունները, որոնք Մյասնիկը գրել է դեռ փոքր հասակում: Մյասնիկը բանաստեղծություններ է գրել նաեւ Արցախյան պատերազմի մասին:

Իսկ Ռազմիկ Մխիթարյանը հավաքել եւ իր աշխատասենյակում պահում է Մյասնիկի հետ կապված փաստաթղթեր` նրա ստուգման գրքույկը, մամուլում նրա մասին հոդվածներ, լուսանկարներ, Սասուն Գրիգորյանի «Մշեցի-արթիկցի ազատամարտիկ Միրոն» գիրքը: Ագրարային համալսարանի ռեկտորը մայիսի 5-ին տվել է Միրոյի անվան լսարան բացելու հրաման: Արձակուրդների ժամանակ լսարանում վերանորոգման աշխատանքներ կսկսվեն: Լսարանը կբացվի հավանաբար սեպտեմբերի 21-ին: Այդ ժամանակ դասախոսի մոտ պահվող ողջ արխիվը կտեղափոխվի այդ լսարան:

2002 թ. Միրոն հետմահու պարգեւատրվել է ՀՀ եւ ԼՂՀ «Արիության համար» մեդալներով, 2011-ին` «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով: Նա Ագրարային համալսարանի պատվավոր շրջանավարտ է: 2010 թ. Միրոյի եղբայրը Ճարտար գյուղում հուշաքար է կանգնեցրել նրա հիշատակին:

Իսկ Արթիկում Մյասնիկի ավարտած դպրոցը նրա անունով անվանակոչելու հարցը, որն առաջացավ զոհվելուց անմիջապես հետո, Արթիկի քաղաքապետերը այդպես էլ չլուծեցին, թեեւ անվանակոչմանը կողմ են եւ ՀՀ, եւ ԼՂՀ պաշտպանության նախարարները, եւ դպրոցի ուսուցիչները, եւ ազատամարտիկի ընտանիքը: Դպրոցի այլ շրջանավարտներ եւս զոհվել են Արցախյան պատերազմում: Արտյոմն ասում է, որ ազատագրական պատերազմում Արթիկը 56 զոհ է տվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter