
Ալավերդին աղբավայր կունենա
Ալավերդու նոր աղբավայրի նախագծի հետ կապված` հունիսի 21-ին Ալավերդու Օրհուս կենտրոնում կազմակերպված հասարակական լսումների ընթացքում պարզվեց, որ աղբավայրում նախագծով ջրագիծ չի նախատեսված, որի պատճառով էլ աղբի ավտոմեքենաների անվադողերի լվացման աշխատանքները նախատեսվում է կատարել ավտոմեքենաներով այնտեղ տեղափոխվող ջրով:
Կայուն ջրամատակարարում չլինելու դեպքում աղբավայրում կդժվարանա նաեւ հնարավոր հրդեհների մարումը: Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը հասարակական լսումների մասնակիցներին բացատրեց, որ ջրամատակարարման համար աղբավայրին հարող տարածքում հարմար ջրագիծ չկա, որպեսզի այնտեղից ջուր տանեն աղբավայր: Աղբավայրին կարող են ջուր մատակարարել 1 կմ հեռավորության վրա գտնվող լեռնային աղբյուրներից, որի լուծումները, սակայն, նախագծում տրված չեն:
«Եթե բնական ջրամատակարարման խնդիրը լուծեինք, աղբավայրի կառուցման գումարը կհասներ 250 մլն դրամի: Եթե հրդեհի վտանգ առաջանա, աղբավայրում ջրի «ցիստեռն» է լինելու, աշխատողը դրա ջրով հրդեհը կմարի»,- ասաց քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Գագիկ Սոխակյանը:
Ալավերդու քաղաքապետարանը չունի ջրի ավտոմեքենա, մինչդեռ աղբավայրի ջրամատակարարման խնդրին արմատական լուծում չտալու դեպքում Ալավերդու աղբավայրը դարձյալ հակասանիտարական վիճակում կլինի: Քաղաքապետը նշեց, որ աղբավայրը Ալավերդու թիվ մեկ խնդիրն է: Քաղաքի կոշտ կենցաղային նախկին աղբավայրը հիմնվել է 1981 թ.` ոչ նպատակահարմար տարածքում, 1,5 հա-ի վրա: Այն արագ իրեն սպառել է, եւ 15 տարուց ավելի է` Ալավերդիում աղբավայրի հիմնախնդիր կա:
«Բոլորիս համար գաղտնիք չէ, որ Ալավերդու կոշտ կենցաղային աղբը թափվում է Դեբեդ գետը: Այսօր Ալավերդիում ունենք թաղամասեր, որի բնակիչները աղբահանության գումարներ չեն վճարում, որովհետեւ այնտեղ աղբահանություն չի կատարվում: Բնակիչները, բնականաբար, աղբը թափում են գետը: Սա լուրջ բնապահպանական խնդիր է, որը մեզ անհանգստացրել է դեռ 6 տարի առաջ: Այդ պատճառով էլ դեռ 2007ից Լոռու մարզպետարանի միջոցով հարցը բարձրացրինք կառավարությունում»,- ասաց Արթուր Նալբանդյանը:
Նոր աղբավայրը տեղակայվելու է քաղաքի Մադան թաղամաս տանող ճանապարհին` 4,6 հա հողատարածքի վրա: Ավագանին աղբավայրի տարածքը հաստատել է 2008 թ.: Քաղաքապետը տեղեկացրեց, որ կառավարությունը աղբավայրի հողատեսքի փոփոխության խնդիրն արդեն լուծել է: Ընթացքի մեջ է աղբավայրի` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության նախագիծը, որը պատվիրվել է «Գոռտեխպրոեկտ» ՍՊԸ-ին:
Աղբավայրի կառուցման ընդհանուր արժեքը 151 մլն 400 հազար դրամ է: Համայնքի բյուջեին հատկացված բնապահպանական գումարներից այս տարի նախատեսվել է աղբավայրի կառուցմանը հատկացնել մոտ 35 մլն դրամ: Աղբավայրի կառուցման աշխատանքները նախատեսում են սկսել այս տարվա օգոստոսի վերջին եւ ավարտել 2012-ի վերջին:
Ըստ նախագծային հաշվարկների` աղբավայրը Ալավերդի քաղաքին կծառայի 60-70 տարի: Քաղաքապետարանը աղբավայրի կառուցման նպատակով մտադիր է համագործակցել բնապահպանական վճարներ ստացող հարեւան համայնքների հետ: «Լավ կլինի բնապահպանական վճարներ ստացող համայնքների ավագանիների համատեղ նիստ հրավիրել եւ ճշտել աղբավայրի կառուցմանը նրանց ֆինանսական մասնակցության խնդիրը»,- առաջարկեց «Դեբեդ» ՀԿ-ի նախագահ Ռաֆիկ Ղազինյանը:
«Շատ լավ կլինի, որ գոնե մի երեք համայնքով մենք միավորվենք եւ այս բնապահպանական խնդիրը լուծենք այդ տարբերակով»,- հավելեց Ա. Նալբանդյանը: Հաղպատի համայնքապետ Սերգո Քառյանն էլ հավաստիացրեց, որ 2012 թ. իր ղեկավարած համայնքի բնապահպանական վճարների 20-30%-ը կտրամադրի համատեղ աղբավայրի բյուջեին` հետագայում աղբավայրից անվճար օգտվելու պայմանով:
«Մենք կմիանանք այս ծրագրին»,- ասաց նա: Հասարակական լսումներին մասնակցում էր նաեւ աղբավայրի նախագծի հեղինակ, «Գոռտեխպրոեկտ» ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ Լեւոն Մովսիսյանը, ով ներկայացրեց աղբավայրի նախագիծը: Ըստ նրա, հաշվի առնելով տեղանքի թեքությունը` դրենաժ է տեղադրվելու աղբավայրին հարող երկու ձորակներում, միաժամանակ փոսորակներ են արվելու, որպեսզի աղբը հետագայում չհոսի:
Նախատեսված է աղբի ավտոմեքենաների անիվների լվացման ախտահանման հոր: Մեքենան աղբավայրից դուրս գալիս պետք է անպայման այդ հորով անցնի, որպեսզի անիվները մաքրվեն: Աղբավայրի ներքեւում գործելու է դրենաժային համակարգ:
Դրենաժները կառուցվել են 500 մմ տրամաչափի խողովակներով: Աղբավայրի ընդհանուր տարածքի ջրահոսքերը կանխելու համար Մադան գնացող ճանապարհի վերին մասում նախատեսվում է առվակ` մթնոլորտային տեղումներից առաջացած ջրերի հոսքերը դեպի աղբավայր կանխելու համար: Աղբավայրի մակերեսի վրա կլինեն ընդամենը մթնոլորտային տեղումների հոսքեր:
Նախագծով աղբավայրում ռեկուլտիվացիա նախատեսվում է կատարել 60 տարի հետո: Աղբի առաջին փուլը 2մ բարձրությամբ լցվելուց հետո ծածկվելու է 10-15 սմ հաստությամբ հողի շերտով, դրանից հետո յուրաքանչյուր 1մ աղբի շերտ նորից հողի շերտով ծածկվելու է, որպեսզի այրումներ եւ բռնկումներ չկատարվեն:
Ալավերդիում օրական կատարվում է երկու աղբի մեքենա աղբահանություն` յուրաքանչյուրը 3-5տ տարողությամբ: Ըստ տեխնիկական նախագծային առաջադրանքի` նախատեսվում է օրական նույնքան մեքենա աղբ լցնել աղբավայր: Աղբավայրի ընդհանուր տարողությունը առաջին փուլում` 11 տարվա ընթացքում, կազմելու է 44 հազար 120 խմ աղբ, 2-րդ փուլում` 18 տարվա ընթացքում, կազմելու է 69 հազար 900 խմ աղբ:
Նախատեսված տարածքում ընդհանուր առմամբ կարող է տեղավորվել մոտ 500 հազար խմ աղբ` 90 տարվա ընթացքում: Աղբավայրի բնապահպանական անվտանգությունը հաշվի է առնված: «Տարածքը մինիմալ 300մ հեռավորության վրա է թաղամասերից, որը սահմանում է աղբավայրերի հակահամաճարակային օրենքը»,- ասաց Լեւոն Մովսիսյանը:
Նախագիծը կազմելիս հեղինակներն օգտվել են աղբավայրի համար սահմանված նոր տեխնոլոգիաների ինտերնետային տարբերակներից: Ըստ Լեւոն Մովսիսյանի` նախագիծը համապատասխանում է միջազգային նորմերին, այն դեպքում, երբ աղբավայրը ապահովված չի լինելու կայուն ջրամատակարարմամբ:
Մեկնաբանել