«Խողովակաշարի վաճառքին» արձագանքել է Ջրային տնտեսության պետական կոմիտեն
ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեն արձագանքել է «Հետքի»՝ «Կառավարությունը վաճառել է ոռոգման ջրի խողովակաշարը. գյուղացիները մնացել են առանց ջրի» հրապարակմանը: «Հետքն» այս թեմային առաջիկայում կանդրադառնա, իսկ մինչ այդ ներկայացնում ենք ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ուղարկած հաղորդագրությունը.
«Հանրապետությունում ջրային տնտեսության համակարգի կազմակերպություններում գտնվող և օգտագործման համար ոչ պիտանի գույքի առավել արդյունավետ կառավարման, տնտեսության մեջ կամ համակարգի այլ կազմակերպություններում նշված գույքի առավել արդյունավետ ներդրման և կազմակերպությունների կառավարման, ինքնահոս համակարգերի անցման, ինչպես նաև գույքային համակարգի հետագա պահպանման և օգտագործման նկատառումներով ջրային տնտեսության ոլորտում իրականացվում են գույքային տեղաշարժեր և օտարումներ: Տվյալ համատեքստում որևէ գույքի հետագա ճակատագրի որոշումը պայմանավորված է այդ գույքերի առավել արդյունավետ օգտագործմամբ և տնտեսության մեջ առավել արդյունավետ ներդրմամբ:
«Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում հաշվառվող Արևշատի առաջին աստիճանի պոմպակայանը վերջին տարիներին ընդհանրապես չի գործել` կապված Մեծամոր (Սև ջուր) գետի գլխամասում ջրաղբյուրի ջրատվության կտրուկ իջեցման, ինչպես նաև գետի հիդրոլոգիական ռեժիմի խախտման հետ: Ելնելով ջրաղբյուրում ջրի բացակայության պատճառով ստեղծված իրավիճակից` գյուղացիական տնտեսություններին անխափան ոռոգման ջուր մատակարարելու համար գտնվել են այլընտրանքային լուծումներ: Նշված պոմպակայանի տակ գտնվող հողատարածքների ջրամատակարարման խնդիրը կարգավորվել է Երևանյան լճից ջրառով, խորքային հորերով և Ռանչպար առաջին աստիճանի պոմպակայանով: Ընդ որում, հողատարածքների ջրամատակարարումն իրականացվում է ջրօգտագործողների ներկայացրած հայտերի հիման վրա, անցած տարիների ընթացքում ջրամատակարարման հետ կապված խնդիրներ չեն արձանագրվել և հետագայում ևս կպահպանվի ջրօգտագործողների անխափան ջրամատակարարումը: Ինչ վերաբերում է Զվարթնոցի մի շարք փողոցների ջրամատակարարմանը, ապա Մանուշյան, Եկմալյան, Շոլոխով, Այվազովսկի և Աղայան փողոցների տնամերձներին ևս ջուր է մատակարարվում Ռանչպար առաջին աստիճանի փակ խողովակաշարից և օտարված խողովակաշարը չի կարող բացասական ազդեցություն ունենալ ոռոգման ջրի անխափան մատակարարման վրա:
Ընդհանուր առմամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն միշտ էլ կարևորել է հանրապետության համայնքների ջրամատակարարման հարցերը և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը նպատակաուղղված են եղել կայուն և հուսալի ջրամատակարարման ապահովմանը»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել